19.11.2018
Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում արդեն 1 մլն 200 հազար դոլար գումար է մուտքագրվել պետական բյուջե: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, գումարները հետ են վերադարձվում:
«Բայց մենք կարծում ենք, որ ավելի շատ են գումարները, մենք գործ կունենանք նաև ջրային կոմիտեների ղեկավարների հետ նախորդ 14 տարիների հետ կապված»,- հավելեց նա:
Գործով մեղադրյալներ կա՞ն ներգրավված. հարցին էլ Սանասարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Ըստ նրա՝ ՋՕԸ-երում ստուգումները շարունակվելու են:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանի իմացությամբ կամ մասնակցությա՞մբ են եղել այդ խախտումները: Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ նա խոշոր տնտեսավարող է եղել, վարչապետ, ԱԺ նախագահ: «Եթե 15 տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչ պաշտոններ է ունեցել, եթե չի իմացել, շատ ավելի վատ»,- հավելեց նա: