28.03.2019
Ի պատասխան «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենի՝ մամուլում արված այն հայտարարության, թե ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մաքսային արժեք ասելով՝ հասկանում է Չինաստանի կամ Սոմալիի արտադրանքի հետ համեմատությունը, ապա հարկ է նշել, որ համեմատությունը կատարվել է հենց նույն «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և իրացման գների միջև, ոչ թե այլ ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների հետ։
Ինչ վերաբերում է «փոքր-ինչ» թանկ վաճառելուն, քանի որ դրա մեջ մտել է նաև սպասարկումը, ապա հայտնում ենք, որ նախ թանկ է վաճառվել մաքսային արժեքից 2.2 անգամ, և երկրորդ, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն նախկինում սպասարկումն իրականացրել է իր աշխատակիցների միջոցով, այնուհետև նրանց ազատել է աշխատանքից՝ նրանց անուններով գրանցել է անհատ ձեռնարկատերեր և սպասարկումը կազմակերպել այդ եղանակով՝ փաստացի նրանց վճարել նույն չափով գումար։ Այսինքն, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն այդ մասով նույնպես «վնասներ» չի կրել, քանի որ այդ ծախսերը նվազեցվել են պետական բյուջե վճարվող հարկերից։
Հարցին, թե ինչու մյուս ընկերությունների կողմից ներմուծված սարքավորումները չեն ուսումնասիրում, ապա հայտնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ոչ թե ուսումնասիրում է որևէ կազմակերպությանը, տվյալ դեպքում «Ֆրեզեն» ՍՊԸ-ին, այլ իրականացնում է հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ, որի շրջանակներում կանդրադառնա նաև այլ խնդիրների։
Այն պնդումը, որ ինվոյսային արժեքներին գումարվում են նաև այլ ծախսեր և իրենց մնում է «մի փոքր» գումար, ապա հայտնում ենք, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համաձայն, միայն 2016 և 2017 թվականների մասով նշված կազմակերպության շահույթը (բոլոր ծախսերը նվազեցնելուց հետո) համախառն եկամտի նկատմամբ կազմել է 56%։
Ինչ վերաբերում է այլ բժշկական կենտրոններում հեմոդիալիզի պարագաների անորակ լինելուն, ինչի արդյունքում վտանգվում են մարդկային կյանքեր, ապա, կարծում ենք, որ տվյալ հարցադրումը ՀՀ առողջապահության նախարարության տիրույթում է, քանի որ հեմոդիալիզի ծառայությունների մասով պետական պատվերը սահմանվում է նրանց կողմից և դրա նկատմամբ հսկողությունը՝ նույնպես։