ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու




ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

09.09.2019

Հավելված 9
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45 -Լ հրամանի

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Ներքին աուդիտի բաժինը (այսուհետ՝ Բաժին) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման համաձայն:
2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Բաժինը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Բաժնի անվանումն է՝
1)հայերեն՝ Ներքին աուդիտի բաժին.
2)ռուսերեն՝ Отдел Внутреннего Аудита Службы.
3)անգլերեն՝ Division of Internal Audit։
5. Բաժնի նպատակը, լիազորությունները և պարտականությունները սահմանվում են Ղեկավարի կողմից հաստատված ներքին աուդիտի կանոնակարգով:

2. ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժնի գործառույթներն են`
1) Ծառայության գործունեության ֆինանսական կառավարմանն ու հսկողությանն առնչվող բոլոր գործառույթների ներքին աուդիտի իրականացումը,
2) ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրերի կազմումը և ներկայացումը,
3) Բաժնի գործունեության տարեկան հաշվետվության կազմումը և ներկայացումը,
4) Ծառայության ստորաբաժանումների և/կամ գործընթացների ներքին աուդիտի իրականացումը,
5) Ծառայության ստորաբաժանումների կողմից լրացված ռիսկերի գնահատման տեղեկագրերի հավաքագրումը և ամփոփումը,
6) Ծառայության ներքին աուդիտի կանոնակարգի մշակումը,
7) Ծառայության ֆինանսական կառավարման ու հսկողության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը,
8) Ծառայության ստորաբաժանումներից ներքին աուդիտի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, ռիսկերի վերլուծությունը, գնահատումը, թիրախային խմբերի որոշումը,
9) Իրավասու մարմինների կողմից Ծառայությունում կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների ու անհամապատասխանությունների վերացման աշխատանքների մոնիթորինգի (դիտարկման) և հսկողության իրականացումը,
10) Ներքին աուդիտի շրջանակներում երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և ամփոփումը,
11) Ծառայության կողմից իրականացվող գործառույթների և գործառնությունների՝ ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին, ընդունված ստանդարտներին, Ծառայության քաղաքականությանը համապատասխանության գնահատումը,
12) Ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական, ծրագրային տվյալների բաղադրիչների և նրանցում կիրառվող անվտանգության միջոցառումների համարժեքության գնահատումը,
13) Ղեկավարի հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, թերություններ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացումը,
14) Ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործընթացների նախագծման աշխատանքների համակարգումը, ներքին աուդիտի միջավայրի սահմանումը և դրա փոփոխությունների ուսումնասիրությունը, վերլուծությունների իրականացումը,
15) Ծառայության ֆինանսական տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ամբողջականության գնահատումը, ակտիվների առկայության և ապահովության ուսումնասիրությունը,
16) Ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետության ու արդյունավետության գնահատումը,
17) Բաժնի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների և ներքին գնահատումների միջոցով աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրագործումը,
18) Բաժնի կողմից նախորդող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների և թերությունների վերացման հետագա ընթացքի նկատմամբ աշխատանքների ապահովումը,
19) Ծառայության ստորաբաժանումների գործունեության ներքին հսկողական ու կառավարչական գործընթացների գնահատումը, համարժեքության, արդյունավետության և հուսալիության ուսումնասիրությունը,
20) Ծառայության կանոնադրությամբ Բաժնին վերապահված գործառույթների իրականացումը,
21) Ղեկավարի հանձնարարականների կատարումը:
7. Բաժինն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
8. Բաժինն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Բաժնին առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Բաժնի կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Բաժնի պետին տալիս է Բաժնի առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Բաժնի պետի առաջարկությամբ հաստատում է Բաժնի հաստիքացուցակը, լսում է Բաժնի հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Բաժնի պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
6) հաստատում, փոփոխում և ուժը կորցրած է ճանաչում ներքին աուդիտի կանոնակարգը:

10. Բաժնի աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը:
11. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը։ Բաժնի պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է ՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։

12. Բաժնի պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Բաժնի բնականոն գործունեությունն ապահովելու և Բաժնի առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Բաժնի առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Բաժնի աշխատակիցներին՝ ուղղված Բաժնի գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Բաժնի անունից պատրաստված փաստաթղթերը,
8) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Բաժնի աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
9) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
10) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
13. Բաժնի պետին անմիջական հաշվետու և ենթակա են Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
14. Բաժնի պետի, Բաժնի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:

  Printpdf

Վերադառնալ



phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am