14.09.2018
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը հուլիսի սկզբից ուսումնասիրություն է իրականացրել «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության շրջանակն ընդգրկել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ՊՈԱԿ-ին տրամադրված թվով 6 դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացները: Խախտումներ են հայտնաբերվել նաև «Արի տուն» ծրագրի գնումներում:
2015-2018 թթ. գնումների պլանների ընդհանուր վերլուծությունը վկայում է, որ տարեցտարի տվյալ բնագավառում խախտումներն ու թերությունները ոչ միայն չեն նվազել, այլ հակառակը՝ ունեցել են ավելացման միտում: Մասնավորապես, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ի թիվս այլ խախտումների «Հայրենիք-Սփյուռք կենտրոնի» կողմից կատարված գնումների գերակշռող գործընթացներում հաղթող են ճանաչվել փոխկապակցված անձինք:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։
ՔԿ հաղորդագրության մեջ նշված է, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: