Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերվել են առերևույթ խախտումներ

ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ընդամենը 18.522.250 դրամի խախտումներ: Բացի այդ՝ համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ:

 

Այսպես.

 

  1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2021թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված հողային աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 6.884.710 դրամի աշխատանքներ: Բացի այդ համայնքապետարանի կողմից չի հաշվարկվել և գանձվել աշխատանքների ուշացաման օրերի դիմաց պայմանագրով նախատեսված 429.770 դրամ տույժի գումարները:

 

  1. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2021թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման համակարգի պոլիեթիլային խողովակաշարերի անցկացման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված և փաստացի տեղադրված խողովակաշարերի տրամաչափերի տարբերության դեպքեր, որի գումարային տարբերությունը կազմել է 5.852.500 դրամ:

 

  1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2019թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 714.120 դրամի աշխատանքներ:

 

  1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի կողմից Համայնքի բնակիչներից հավաքագրված գումարներով իրականացված ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքների (ջրաչափական հորերի տեղադրում, ջրաչափերի տեղադրում և մոնտաժման այլ աշխատանքներ) գծով արձանագրվել են հավաքագրված գումարների նկատմամբ պակաս կատարված 3.506.720 դրամի աշխատանքներ: Հարկ է նշել, որ Համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները համայնքապետարանի կողմից չի հաշվառվել, դրամարկղ չի մուտքագրվել, ինչպես նաև չի մուտքագրվել Համայնքի բյուջե:

 

  1. Համայնքապետարանի կողմից ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել ապրանքներ և ծառայություններ, սակայն չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի փոխանցվել եկամտային հարկի գումարը 866.800 դրամի չափով, որով խախտվել է ՀՀ Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

 

  1. Համայնքապետարանի կողմից տեխնիկական հսկողության դիմաց տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությանը պայմանագրային գումարը վճարվել է ամբողջությամբ, այն դեպքում, երբ իրականացվել են պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալի ընդամենը 64%-ը: Ավել վճարված գումարը կազմել է 252.000 դրամ:

 

  1. Սարդարապատի համայնքապետարանի կողմից կազմակերպված գնման գործընթացները իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՀՀ կառավարության որոշումների դրույթների բազմաթիվ խախտումներով: Համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ:

 

Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:

 

Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին,  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները.

 

  • պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով,
  • ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու,
  • թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել,
  • փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով,
  • հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն :

 

Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

 

Պետք է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:

 

Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումների շրջանակներում վերահսկողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքների մասին հետագայում կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։

 

Ծառայության կողմից 2022 թվականի 1-ին կիսամյակում մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Համապատասխան մարմինների պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող առաջարկություններ, որոնց արդյունքում 84 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն:

 

Զուգահեռ իրականացվել է նաև մշտադիտարկում՝ հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմիններին տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը: Մասնավորապես, 7 դեպքով՝ գնումների գործընթացներին իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով՝ 2 դեպքով լուծվել են արդյունքում կնքված պայմանագրերը, իսկ 5 դեպքով պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

 

2022 թվականի 1-ին կիսամյակում իրականացված վերահսկողական գործընթացների արդյունքում թվով 13 տեղեկանք ներկայացվել է ՀՀ վարչապետին, արդյունքում 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, 1-ի մասով ՀՀ վարչապետի կողմից տրվել են հինգ պետական մարմնի ղեկավարների՝ ծառայողական քննություններ նախաձեռնելու հանձնարարականներ, 3-ի մասով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լիազոր մարմինների կողմից նախաձեռնվել է ոլորտը բարելավելու օրենսդրական փոփոխություններ:

 

ՀՀ ոստիկանություն է ուղարկվել պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունների այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք, որի արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից, որպես ոլորտի լիազոր մարմին, կասեցվել են թվով 3 պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին տրված հատուկ թույլտվությունները (լիցենզիա), իսկ թվով 3-ի մասով հայտ է ներկայացվել դատարան:

 

Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայության կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։