ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու




Պետական վերահսկողական ծառայության տարեկան աշխատանքային հաշվետվությունը (2024թ.)

22.04.2025

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացնում է 2024 թվականին կատարված աշխատանքների ամփոփ արդյունքները։ Տարվա ընթացքում ծառայությունը իրականացրել է 159 մշտադիտարկում, որոնցից 119-ը ամփոփվել են հենց 2024 թվականին, իսկ 40-ը տեղափոխվել են 2025 թվական։ Բացի այդ, իրականացվել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22-ը ամփոփվել  են 2024 թվականին, իսկ 5-ը տեղափոխվել են 2025 թվական։ Իրականացված վերահսկողությունների արդյունքում բացահայտվել են մոտ 100 մլրդ դրամի չափով առերևույթ խախտումներ։ Պետական բյուջե է վերադարձվել շուրջ 922 մլն դրամ, որը զգալի ձեռքբերում է ֆինանսական վերահսկողության արդյունավետության բարձրացման տեսնկյունից։ Ծառայության գործունեության շրջանակում 69 գործ ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հետագա քրեաիրավական ընթացքն ապահովելու համար։ Այդ գործերից 63-ի հիմքով արդեն նախաձեռնվել են քրեական վարույթներ։

2024 թվականին ՊՎԾ մուտքագրված գրությունների ընդհանուր թիվը կազմել է 3748, որոնցից 713-ը հանրագիր, դիմում-բողոքներ են: Թվով 447–ը ներկայացվել է քաղաքացիների կողմից, 90-ը՝ փաստաբանների (գրեթե 2 անգամ ավելի 2023թ-ի համեմատ), 132-ը՝ իրավաբանական անձանց, իսկ մնացած 44–ը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից  ներկայացված հարցումներ են եղել:

2024 թվականին Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչությունն իրականացրել է թվով 11 մշտադիտարկում (որոնցից 8-ը ավարտվել են 2024թ-ին, իսկ 3-ը՝ անավարտ տեղափոխվել են 2025թ.) և  5 ուսումնասիրություն (որոնցից 3-ը ավարտվել են 2024թ-ին, իսկ թվով 2 ուսումնասիրություն գտնվում է ընթացիկ փուլում): Վերահսկողական գործառույթների ոլորտն ընդգրկել է ՀՀ պաշտպանության, ՀՀ ներքին գործերի և ՀՀ առողջապահության նախարարությունները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: 2024 թվականի ընթացքում Վարչության կողմից ներկայացվել են վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ թվով 12 առաջարկություններ: Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության 2024 թվականին արձանագրած խախտումները կազմել են ավելի քան 362 մլն ՀՀ դրամ: Արձանագրված խախտումներով առերևույթ հանցանքի մասին թվով 1 դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազությանը, ինչի արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Թվով 1 վերահսկողության արդյունքներով նյութեր են փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 

Ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունը 2024 թվականին իրականացրել է թվով 12 մշտադիտարկում (որոնցից 8-ը ավարտվել են 2024թ-ին, իսկ 4-ը` անավարտ տեղափոխվել են 2025թ.) և 7 ուսումնասիրություն (որոնցից 5-ը ավարտվել են 2024 թ-ին, իսկ 2-ը՝ անավարտ տեղափոխվել են 2025 թ.)։ Վարչության արձանագրած խախտումները կազմել են 6.165 մլրդ ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 29,8 մլն ՀՀ դրամ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախաձեռնվել են թվով 11 քրեական վարույթներ:

Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությունը 2024 թվականին իրականացրել է 28 մշտադիտարկում (որոնցից 23-ը ավարտվել են 2024թ-ին, իսկ 5-ը՝ անավարտ տեղափոխվել են 2025թ.) և թվով 12 վերլուծություն: Մշտադիտարկվել են գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի ավելի քան 13,680 գնման ընթացակարգերի հրավերներ, որոնց արդյունքում կատարվել է 374 գնման ընթացակարգի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկ: Արձանագրվել է թվով 191 դեպք՝ գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերի խտրականության, 110 դեպք՝ գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության, 73 դեպք՝ գնումների օրենսդրական կարգավորումների պահանջների խախտման ուղղությամբ: Իրականացված վերահսկողության արդյունքներով 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ: Վերահսկողական գործառույթների իրացման արդյունքում արձանագրված խախտումները կազմել են ավելի քան 3,124 մլրդ ՀՀ դրամ: Իրականացված վերահսկողության արդյունքները զեկուցվել են ՀՀ վարչապետին և իրավական գնահատականի անհրաժեշտության պարագայում ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Արդյունքում՝ ներկայացված տեղեկատվության հիման վրա նախաձեռնվել են թվով 23 քրեական վարույթ: Միաժամանակ, իրականացված վերահսկողության ընթացքում Ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա պատվիրատուների կողմից թույլ տրված անհամապատասխանությունների շրջանակում վերականգնվել է ավելի քան 49,869 մլն ՀՀ դրամ՝ որպես կատարված իրավախախտման վերականգնում կամ չհաշվարկված տույժեր և տուգանքներ:

Ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունը 2024 թ-ին իրականացրել է թվով 37 մշտադիտարկում (որոնցից 29-ը ավարտվել են 2024թ-ին, իսկ 8-ը՝ անավարտ տեղափոխվել են 2025թ.) և թվով 4 ուսումնասիրություն: Վարչությունը 2024 թվականին իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրել է շուրջ 3.196 մլրդ  ՀՀ դրամի խախտումներ և թերություններ, ինչպես նաև մոտ 273 մլն ՀՀ դրամի ռիսկային ծախսեր, որից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 284 մլն. ՀՀ դրամը: Բացի այդ, 2023 թվականին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 2024թ-ին կատարվել է ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում՝ ավելի քան 5.792 մլրդ ՀՀ դրամի չափով: Իրականացված մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախաձեռնվել է թվով 18 քրեական վարույթ:

Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2024 թվականին իրականացրել է թվով 22 մշտադիտարկում (որոնցից 14-ը ավարտվել են 2024թ-ին, իսկ 8-ը՝ անավարտ տեղափոխվել են 2025թ.) և 7 ուսումնասիրություն (որոնցից 1-ը անավարտ տեղափոխվել է 2025թ.): Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2024 թվականին իրականացրած մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է շուրջ 4.110 մլրդ ՀՀ դրամի խախտումներ և թերություններ, որից պետական բյուջե է վերականգնվել՝ ավելի քան 676 մլն ՀՀ դրամ գումար: Իրականացված մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախաձեռնվել է թվով 4 քրեական վարույթ:

ՀՀ ՊՎԾ իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչությունը 2024 թվականին իրականացրել է թվով 20 մշտադիտարկում (որոնցից 14-ը ավարտվել են 2024թ-ին, իսկ  6-ը՝ անավարտ տեղափոխվել են 2025թ.): Մշտադիտարկումներից միայն մեկի արդյունքում նախնական արձանագրվել է մոտ 34 մլն ՀՀ դրամի խախտումներ և թերություններ: Իրականացված մշտադիտարկումների արդյունքների հիման վրա նախաձեռնվել է թվով 4 քրեական վարույթ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչության կողմից 2024 թվականի  ընթացքում իրականացվել են թվով 19 մշտադիտարկում, (որոնցից 14-ը ավարտվել են 2024թ.-ին, իսկ 5-ը՝ անավարտ տեղափոխվել են 2025թ.) և թվով 4 ուսումնասիրություն (որոնցից 2-ը ամփոփման փուլում են): Ոսումնասիրություններ իրականացվել են ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում: Մշտադիտարկումները վերաբերել են ՀՀ ՊԵԿ-ին և տեսչական մարմիններին: Արդյունքում՝ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է շուրջ 2.910 մլրդ ՀՀ դրամի խախտում: Տրամադրված տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է թվով 2 քրեական վարույթ:

Ծառայության ռիկսերի գնահատման և վերլուծության վարչության կողմից 2024 թվականին իրականացվել է 5 մշտադիտարկում (որոնցից 4-ը ավարտվել են 2024թ-ին, իսկ 1-ը ամփոփվել է և գտնվում է ավարտական փուլում) որոնց արդյունքում կազմվել են 9 ՄՇԴ տեղեկանքներ, 41 վերլուծական տեղեկանքներ և 3 օրենսդրական փոփոխություն իրականացնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել ՀՀ վարչապետին:

2024թ. Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժինը ստացել է 277 դիմում-բողոք, որոնցից 94-ը հասցեագրվել է պետական մարմիններին, 92-ը եղել են հսկողական, 2-ը՝ ոչ հսկողական, 146 պատասխանվել է քաղաքացիներին, 62 ուղղորդվել է այլ հաստատություններ, իսկ որոշ դիմում-բողոքների ընթացքը լուծվել է Ծառայության մասնագիտացված վարչությունների կողմից: Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժինն իր լիազորությունների շրջանակում 2024թ-ին իրականացրել է 2 մշտադիտարկում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում և Պետական եկամուտների կոմիտեում: Մշտադիտարկումները վերաբերել են 2023 թվականի ընթացքում ՊԵԿ-ում և ՆԳՆ-ի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկմանը, «թեժ գիծ» ծառայությունների վարմանը, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության գործընթացների իրականացմանը: Նույն թվականին ՆԳՆ–ում մեկնարկել է ՄՇԴ, որը ներկայում գտնվում է ամփոփման փուլում:

2024թ-ի դեկտեմբերի 19-ին կայացած Կառավարության նիստում հավանության է արժանացել մշակված և շրջանառության մեջ դրված ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը: Նախագծի մշակումը պայմանավորված է եղել գործող օրենքի գործունեության ավելի քան 6 տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք ընթացակարգային խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման և Ծառայության կայացման ընթացիկ փուլում առաջադրված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությամբ: Ընդհանուր առմամբ՝ նախատեսված նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ: Կհստակեցվեն Ծառայության կողմից ՀՀ վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ վերահսկողական գործընթացները՝ հնարավոր չարաշահումների և իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և արձանագրված փաստերի հետագա ընթացքը լուծելու նպատակով: Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում:

««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը Կառավարության հաստատումից հետո ուղարկվել է Ազգային Ժողով և գտնվում է գլխադասային հանձնաժողովի օրակարգում՝ հավանության արժանանալուց հետո ներառվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  Printpdf

Վերադառնալ



phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am