«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի           1-ին կետի  (առանձնապես խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու)  և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի  (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը կասեցվել է

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի սեպտեմբերին «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (Ոստիկանութան մանկապարտեզը) ենթակա է լուծարման: Ուսումնասիրության ժամանակահատվածում մանկապարտեզ էին հաճախում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավելի քան 90 երեխա:

ՈՒսումնասիրության հետագա աշխատանքների ընթացքում պարզվել էր նաև, որ համաձայն ՀՀ ոստիկանության և «Ավագ Շին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի՝ «Ավագ Շին» ՍՊԸ-ն ՀՀ ոստիկանության մանկապարտեզի գույքի և հողի դիմաց պետք է մինչ 19.05.2018թ-ը նույն հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից որոշակի տարածք սեփականության իրավունքով հատկացներ մանկապարեզին, ինչը սակայն տեղի չէր ունեցել:

ՀՀ ՊՎԾ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականով կասեցվել է մանկապարտեզի լուծարումը, իսկ «Ավագ Շին» ՍՊԸ-ն պարտավորվել է մանկապարտեզին սեփականության իրավունքով հատկացնել 401,2 մ2 ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքին հարակից լրացուցիչ հողատարածք՝ որպես երեխաների համար խաղահրապարակ: Վերոնշյալը ամրագրված է ՀՀ կառավարության 07.05.2020թ-ի N 721-Ա որոշմամբ:

Ներկայումս մանկապարտեզը շարունակում է իր բնականոն գործունեությունը և մանկապարտեզ  են հաճախում ՀՀ ոստիկանության զոհված և սոցիալապես անապահով աշխատակիցների ընտանիքների բազմաթիվ երեխաներ:

 

ԿԳՄՍ-ում  ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ.  հուլիսի 26-ի  N 1052 — Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի  N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին) կատարման նկատմամբ ուսումնասիրության արդյունքները:

Ընդհանուր առմամբ,  ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում:

Տեղեկանքում արձանագրված համապատասխան խախտումները ներկայացվում են ստորև՝

  1. վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ների դահլիճների վերազինման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության գործարքի կողմ հանդիպակաց կոնսորցիումի անդամ է դարձել ՀՀ մշակույթի նախարարության հետ փոխկապակցված, միայն դահլիճների վերազինման նպատակով ստեղծված և հետագայում գործունեություն ծավալած հայաստանյան  ընկերությունը, որի միակ եկամտի աղբյուրը ձևավորվել է Նախարարության հետ կնքված գործարքների արդյունքում: Ընկերությունն իրականացրել է շուրջ 503 մլն դրամի աշխատանքներ: Նշենք, որ կոնսորցիումը բաղկացած է եղել 2 գերմանական, 1 ավստրիական և 1 հայկական ընկերություններից: Հաշվի առնելով փոխկապակցվածության և ոչ մրցակցային գնման ընթացակարգի արդյունքում ընկերության ընտրության հանգամանքը, իրականացվել է գործարքի գնի ուռճացվածության և հիմնավորվածության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել հիմնավոր կասկածներ առ այն, որ հայաստանյան ընկերությունը որտեղ իրականացվել է հանդիպակաց ուսումնասիրություն «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործարքի արդյունքում իրական շահույթը թաքցնելու նպատակով փոխկապակցված անձանց հետ կնքել է կեղծ գործարքներ և ստացել շուրջ 82 միլիոն դրամի անապրանք փաստաթղթեր:
  1. ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 26-ի «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշման նախագծով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված հարցը պարունակել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի շուկայական արժեքի գնահատման և դրա դիմաց մասնավոր ըկերության կողմից իրականացման ենթակա աշխատանքների արժեքի վերաբերյալ անարժանահավատ և չհիմնավորված տեղեկատվություն:

Ըստ կառավարության որոշման, Ընկերությանը  սեփականության իրավունքով հատկացվել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկում գտնվող  հողամասը և ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Կազմակերպությունը պարտավորվել է ՊՈԱԿ-ի համար կառուցել նոր կաթսայատուն և տրամադրել երաժշտական գործիքներ: Հողամասի հատկացման նպատակն է հանդիսացել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, սակայն նման համալիր մինչ օրս չի կառուցվել: Ավելին՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագիր գոյություն չի ունեցել:

Պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց ընկերությունը Նախարարությանն է հատկացրել շուրջ 47 միլիոն դրամի լարային 12 գործիքներ միայն, որոնց շուկայական արժեքը, համաձայն փորձաքննության արդյունքների, կազմում է  շուրջ 23 միլիոն դրամ: Լարային գործիքների ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով կեղծ գործարք է կնքվել ՌԴ գրանցված անհատ ձեռնարկատիրոջ հետ:

Ընկերությունը, պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց նաև տեղափոխել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Վերոգրյալ աշխատանքի արժեքը գնահատվել է շուրջ 17 միլիոն դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթսայատան տեղափոխումը բխել է Կազմակերպության և ոչ թե պետության կամ ՊՈԱԿ-ի շահերից, քանի որ հին կաթսայատունը գտնվել է Կազմակերպության հատկացված հողամասում և հողամասը ցանկացած նպատակով օգտագործելու համար կաթսայատունը պետք է տեղափոխվեր:

Ըստ ՍՊԸ պարտավորությունների, այն պետք է կառուցեր նոր կաթսայատուն, ինչը չի արվել:

Ներկայումս հողամասի վրա կառուցված է բազմահարկ շենք, որտեղ 1 քմ-ի վաճառքի շուկայական արժեքը կազմում է 3000 ԱՄՆ դոլար:

Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով:

ՀՀ ՊՎԾ կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 202 միլիոն դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ (100 տոկոս պետական մասնակցությամբ) գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրվել են Ընկերության կողմից հիմնադրամների ստեղծման և օգտագործման, ազատ ֆինանսական միջոցների կառավարման խնդիրները, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը, հաստիքացուցակը և փաստացի աշխատողների թվաքանակը, նրանց վճարված աշխատավարձերը, գործուղման ծախսերը, ինչպես նաև իրականացված գնման գործընթացները:

Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում հաշվարկվել է պետությանը պատճառված շուրջ 613 միլիոն դրամի վնաս և (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է նաև, որ Ընկերության հաշվին կուտակված 1 մլրդ 202 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքում Ընկերությունը կարող է լիարժեք և անխափան գործունեություն իրականացնել, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 15-ին ՀՀ պետական բյուջե է փոխանցվել նշված գումարը՝ որպես լրացուցիչ շահաբաժին:

 Ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր առմամբ, պարզվել է, որ՝

— ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները Ընկերության գործադիր մարմնի կողմից խախտման հետևանքով Ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 միլիոն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ,

— Հայկական ավիաընկերություններից մեկը (տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված) 2014թ. ընթացքում Ընկերության նկատմամբ կուտակել է շուրջ 181 միլիոն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետև, դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ Ընկերության գործադիր մարմինը չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները՝ քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

— Ընկերությունը չպահպանելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին իրավական ակտերը ունեցել է սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ և նրանց վճարվել է առնվազն 109 միլիոն դրամ,

— ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև Ընկերությունում և ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ,

— Ընկերության որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավել հաշվարկվել և վճարվել շուրջ 3,1 միլիոն դրամ,

-Ընկերության կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 7,4 միլիոն դրամի չափով պարգևատրում այն աշխատակիցների համար, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ,

-աուդիտորական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝  իրավական գնահատական տալու նպատակով: