Месяц: Август 2021
ՊՎԾ նախաձեռնությամբ կարգելվի ինտերնետ շահումով խաղերի գովազդը
Կառավարությունը հուլիսի 29-ի նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններին, որով արգելվում է տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է.
««Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն 2020թ.-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը, որը մինչ այդ արգելված էր:
Պետական վերահսկողական ծառայության կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ» ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման տեղեկանքի համաձայն օրենսդրական փոփոխության արդյունքում լայն տարածում են ստացել ինտերնետ շահումով խաղերի գովազդը: Հասարակական տրանսպորտում, փողոցներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով ընդհանուր գովազդվող առարկաների գերակշիռ մաս են կազմում համապատասխան (vivarobet.am, adjarabet.am, totogaming.am և այլն.) կայքերով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը:
Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությունը և հանրային վնասի առկայությունը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված,անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:
Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում ենշահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։
«Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերի ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես, առերևույթ չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելով, թվով 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու պայմաններում, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, սահմանված չափորոշիչների խախտմամբ 2018թ.-ի ընթացքում ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 30%-ի չափով չկատարելուն, սակայն համապատասխան փաստաթղթերում կատարված լինելու վերաբերյալ առերևույթ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ընկերության կողմից «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով պետական պատվերի շրջանակում փաստացի կատարված աշխատանքների ծավալները ոչ ճիշտ արտացոլելուն և 2018թ.-ի ընթացքում անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ներկայացնելուն: Բացի այդ, հնարավոր չարաշահումները վերաբերում են նաև 2018թ.-ի ընթացքում «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով հաշվետվություններով ավելի կատարողական ներկայացնելուն, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով՝ իմունոգլոբուլինի պակասորդի, կրիտիկական վիճակի բացակայության պայմաններում առևտրային ընկերությունից ակնհայտ բարձր գնով մարդու հակառեզուս իմունոգլոբուլինի դեղաբաժիններ անհիմն ձեռք բերելուն, ինչպես նաև ընկերության սեռոլոգիական բաժանմունքում դոնորական արյան վարակային անվտանգության ապահովման համար իրականացվող հետազոտությունների համար հաշվարկված ծախսերի կառուցվածքում՝ (ինքնարժեքում) գների ավելի հաշվարկ իրականացնելուն:
Վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում:
Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր այս գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ ՊՎԾ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: