Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:

 

Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին,  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները.

 

  • պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով,
  • ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու,
  • թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել,
  • փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով,
  • հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն :

 

Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

 

Պետք է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:

 

Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումների շրջանակներում վերահսկողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքների մասին հետագայում կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։

 

Ծառայության կողմից 2022 թվականի 1-ին կիսամյակում մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Համապատասխան մարմինների պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող առաջարկություններ, որոնց արդյունքում 84 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն:

 

Զուգահեռ իրականացվել է նաև մշտադիտարկում՝ հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմիններին տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը: Մասնավորապես, 7 դեպքով՝ գնումների գործընթացներին իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով՝ 2 դեպքով լուծվել են արդյունքում կնքված պայմանագրերը, իսկ 5 դեպքով պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

 

2022 թվականի 1-ին կիսամյակում իրականացված վերահսկողական գործընթացների արդյունքում թվով 13 տեղեկանք ներկայացվել է ՀՀ վարչապետին, արդյունքում 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, 1-ի մասով ՀՀ վարչապետի կողմից տրվել են հինգ պետական մարմնի ղեկավարների՝ ծառայողական քննություններ նախաձեռնելու հանձնարարականներ, 3-ի մասով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լիազոր մարմինների կողմից նախաձեռնվել է ոլորտը բարելավելու օրենսդրական փոփոխություններ:

 

ՀՀ ոստիկանություն է ուղարկվել պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունների այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք, որի արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից, որպես ոլորտի լիազոր մարմին, կասեցվել են թվով 3 պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին տրված հատուկ թույլտվությունները (լիցենզիա), իսկ թվով 3-ի մասով հայտ է ներկայացվել դատարան:

 

Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայության կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։

ՀՐԱՄԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրաման