Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության Մաշտոցի պող. 47 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024-2026թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ:

Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին մինչև ս.թապրիլի 3-ը ներառյալastghik.mkrtchyan@supervision.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ https://www.supervision.am/medium_term_expenses/#  հղմամբ:

ՁԵՎԱՉԱՓ-ՔՀԿ

Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներ

Հակակոռուպցիոն ծրագրերի հիմնական պատասխանատու անձ
Տիգրան Գասպարյան-Իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչության պետի տեղակալ
հեռ.՝ (010)-31-31-80, էլ. փոստ՝ tigran.gasparyan@supervision.am

Հակակոռուպցիոն ծրագրերի փոխարինող պատասխանատու անձ
Սեդրակ Ղազարյան-Իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչության գլխավոր իրավաբան
հեռ.` (010)-31-31-79, էլ. փոստ՝ sedrak.ghazaryan@supervision.am

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփում է ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) և մի շարք բժշկական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. 6 ԲԿ-ներում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542մլն ՀՀ դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 և 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ և բացթողումներ, որոնք հանդիսանում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից առնվազն ոչ արդյունավետ կառավարման և աշխատանքային գործառույթների՝ ոչ պատշաճ կատարման արդյունք:

Այսպիսով՝ արձանագրվել է, որ ԱՆ Պետական առողջապահական գործակալության կողմից իրեն տրված համակարգման և վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ 2020-2021թ.թ. ընթացքում փոխհատուցման են ներկայացրել պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող կամ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայությունների մատուցման դեպքեր և դրանց դիմաց պետական բյուջեից ստացել գումարներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից Պետական առողջապահական գործակալության փորձագետ-մշտադիտարկողների ներգրավմամբ թվով 6 բժշկական կազմակերպություններում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 541.690.017,0 ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 118.560.379,0 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր 13.686.480,0 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր՝ արձանագրված խախտումներից ևս 96.445.601,0 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ: Այս փուլում ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են թվով 2 քրեական վարույթներ:

Մասնավորապես.

  1. «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 140.529.497,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 32.661.600,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել ընդհանուր 12.791.38,0 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ վեր հանված մի շարք փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
  1. ««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 119.343.340,0 ՀՀ դրամի խախտումներ: ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված Տեղեկանքում արձանագրված փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
  1. «Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 80.828.110,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 79.800.410,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին վերադարձվել է ընդհանուր 895.100,0 ՀՀ դրամ:
  1. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 97.835.100,0 ՀՀ դրամի խախտումներ: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը և կից նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:
  1. «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 48.786.750,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 6.098.369,0 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների մնացած գումարը 8 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու համար:
  1. «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 53.757.220,0 ՀՀ դրամի խախտումներ: Վերահսկվող օբյեկտի հետ կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների գումարը 12 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու նպատակով:

Արձանագրված խախտումների կրկնության ռիսկերը Պետական առողջապահական գործակալությունում և բժշկական հաստատություններում նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով Ծառայության կողմից պատրաստվում է առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետին, ինչպես նաև Ծառայության ղեկավարի նոր հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը շուտով կմեկնարկի հերթական վերահսկողական գործառույթների իրականացումը Պետական առողջապահական գործակալությունում և պետական պատվերի խոշորագույն մասնաբաժին ունեցող՝ մի շարք բժշկական հաստատություններում՝ հանդիպակաց ուսումնասիրությունների ձևաչափով:

ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում այս ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքների ամփոփ Տեղեկանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր կարծիք ստանալուց հետո կքննարկվի դրանց հետագա ընթացքը լուծելու հարցը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊՎԾ-ն շարունակում է պետական միջոցների կառավարման գործընթացների վերահսկողությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում. Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում է իրականացրել, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում:

Համայնքը 2018-2021թթ. իրականացրել է 9 սուբվենցիոն ծրագիրեր՝ ՀՀ պետական բյուջեից ստանալով ընդհանուր 278,086,800.0 ՀՀ դրամ գումար:

Պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ 2020-2021թվականների ընթացքում, Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ:

Ջրագծի կառուցման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 71,749,000.0 ՀՀ դրամ, որից, ՀՀ պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրի համար տրամադրվել է  52,444,000.0 ՀՀ դրամ, իսկ համայնքի կողմից՝ 19,305,000. ՀՀ դրամ:

Գնումների ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն (ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշում)՝ պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ: Արձանագրությունը ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Ընդ որում, վերոնշյալ անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին կամ մատակարարված ապրանքի որակական հատկանիշները գերազանցում են պայմանագրով սահմանված պահանջները՝ ապահովելով կարիքի բավարարումը:

Մինչդեռ, հիմք ընդունելով համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ պարզվել է, որ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի արդյունքում ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ և այն լիարժեք չի շահագործվում:

Արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային:

Հաշվի առնելով կատարված մշտադիտարկման արդյունքները, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում, սույն թվականի մարտի 10-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։