ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 Մենյու




ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

09.09.2019

Հավելված
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի օգոստոս 13-ի N 138 -Լ հրամանի

«Հավելված 10
ՀՀ պետական վարահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի ապրիլի 16-ի N 45-Լ հրամանի

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Իրավաբանական վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ծառայության կանոնադրությամբ։
3. Վարչությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների, Ծառայության կանոնադրության, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա։
4. Վարչության անվանումն է՝
1) հայերեն՝ Իրավաբանական վարչություն.
2) ռուսերեն՝ Юридический департамент.
3) անգլերեն՝ The Legal Department:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Վարչությունը՝
1) մշակում է իրավական ակտերի նախագծեր,
2) ներկայացնում է Ծառայության գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված եզրակացություններ և առաջարկություններ,
3) իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները այն մարմիններում, որտեղ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով Ծառայությունն օժտված է նույն օրենքի իմաստով օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ, ինչպես նաև ապահովում է նույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացումը,
4) ապահովում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված լիազորության իրականացումը, մասնավորապես՝ Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա ապահովում է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվող կարգապահական վարույթները,
5) Ծառայության ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և Ծառայության գործունեության կատարելագործման վերաբերյալ,
6) ներկայացնում է ծառայության շահերը ՀՀ բոլոր դատարաններում,
7) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ հանդես է գալիս վարչական և այլ մարմիններում ու կազմակերպություններում Ծառայության և (կամ) Վարչության անունից,
8) իրավական խորհրդատվություն է տրամադրում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ,
9) ուսումնասիրում և վերջնականորեն նշագրում է Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերը, որի արդյունքում ներկայացնում է առաջարկություններ, դիտողություններ կամ եզրակացություններ,
10) տրամադրում է մասնագիտական կարծիք, իսկ համապատասխան հանձնարարականի հիման վրա նաև մասնագիտական եզրակացություն այլ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի, այդ թվում՝ այլ ստորաբաժանումների կողմից պետական վերահսկողության արդյունքներն ամփոփող տեղեկանքների ու զեկույցների վերաբերյալ:
8. Վարչությունն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև Ծառայության ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգային նորմերին համապատասխան: Հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքը ստորագրում է հանձնարարագրով նախատեսված խմբի ղեկավարը:
9. Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Վարչության աշխատակիցները կարող են ներառվել ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբերում կամ համապատասխան հրամանի հիման վրա այլ աշխատանքային խմբերում:
10. Վարչությունն իր գործունեության ընթացքում համագործակցում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ:
11․Վարչությունն իր գործունեության ընթացքում մշակում է Ծառայության պաշտոնական կայքի սպասարկման համար անհրաժեշտ, Վարչությանն առնչվող, տեղեկատվական – վերլուծական նյութեր և դրանք տրամադրում ծառայության համապատասխան աշխատակցին:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Վարչության կառավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը։
Ծառայության ղեկավարը՝
1) Վարչության պետին տալիս է Վարչության առջև դրված գործառույթների իրականացմանն ուղղված հանձնարարականներ և ցուցումներ,
2) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) Վարչության պետի առաջարկությամբ հաստատում է Վարչության հաստիքացուցակը, լսում է Վարչության հաշվետվությունները,
4) կարող է կասեցնել Վարչության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները,
5) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և Ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:
13. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Ծառայության ղեկավարը կամ Ծառայության ղեկավարի տեղակալը՝ Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա։
14. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը։ Վարչության պետը քաղաքացիական ծառայող է, պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է՝ Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն։
15. Վարչության պետը՝
1) անմիջականորեն ենթակա և հաշվետու է Ծառայության Ղեկավարին,
2) պատասխանատու է Վարչության բնականոն գործունեությունն ապահովելու և Վարչության առջև դրված գործառույթների իրականացման համար,
3) ապահովում է Ծառայության ղեկավարի հանձնարարականների, հանձնարարագրերի, հրամանների և ցուցումների կատարումը,
4) պարբերաբար Ծառայության ղեկավարին է ներկայացնում Վարչության առջև դրված նպատակների և գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ,
5) պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Ծառայության ղեկավարին Վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
6) տալիս է հանձնարարություններ և ցուցումներ Վարչության աշխատակիցներին՝ ուղղված Վարչության գործառույթների իրականացմանը,
7) ստորագրում է Վարչության անունից պատրաստված փաստաթղթերը,
8) վերահսկողության իրականացման նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու և աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին,
9) առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ Վարչության աշխատակիցների նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր նշանակելու համար,
10) Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
11) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության ղեկավարին Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված լիազորությունների իրականացման կարգի իրացման վերաբերյալ,
12) իրականացնում է Սահմանադրությամբ, օրենքներով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ,
13) ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
14) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ համակարգող տեղակալի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
15) իր լիազորությունների շրջանակներում կայացնում է որոշումներ Ծառայության գործունեության ոլորտի և Վարչության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման և (կամ) քաղաքականությունների իրականացման համակարգման գործընթացներով, ինչպես նաև բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
16. Վարչության պետին անմիջական հաշվետու և ենթակա են Վարչության պետի տեղակալը, Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, առկայության դեպքում նաև փորձագետները և իրավախորհրդատուները։
17. Վարչության պետի տեղակալը՝
1) Վարչության պետի հանձնարարությամբ համակարգում է Վարչության ընթացիկ աշխատանքները և հետևում Վարչության պետի կողմից տրված հանձնարարությունների և ցուցումների կատարման ընթացքին,
2) Վարչության պետի հետ համաձայնեցնելով ստորագրում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություն իրականացնող և իր կողմից ղեկավարվող խմբի ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքը,
3) Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իր կողմից ղեկավարվող խմբի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում վերահսկվող օբյեկտին և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն՝ անմիջական ղեկավարի միջոցով համաձայնեցնելով Ծառայության ղեկավարի հետ,
4) Վարչության պետի հանձնարարությամբ իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է Ծառայության գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարության և կազմակերպման հետ կապված ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:
18․ Վարչության պետի, Վարչության պետի տեղակալի և Վարչության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը, շփումներն և հաշվետվողականությունը սահմանվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերով:»:

  Printpdf

Վերադառնալ



phone  ......... (+374 10) 313131
mail...... info@supervision.am

ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am