ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Armenian Russian English

phone  ............... (+374 10) 313131
mail............ info@supervision.am

 Մենյու




Ներքին կարգապահական կանոններ

09.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Ղ Ե Կ Ա Վ Ա Ր
Հ Ր Ա Մ Ա Ն
__մայիսի 2019 թվականի N -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրության 16-րդ կետի 10-րդ ենթակետը՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ներքին կարգապահական կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել որ, սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 10-րդ, 11-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ կետերն ուժի մեջ են մտնում անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ներդրման և վերջինիս գործարկման մասին շրջաբերականով աշխատակիցներին տեղեկացնելու հաջորդող օրվանից:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալներին և գլխավոր քարտուղարին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ

Հավելված
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի
2019 թվականի մայիսի___ N Լ հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) աշխատակիցների ներքին կարգապահության հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայության աշխատակիցների աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, Ծառայությունում կարգուկանոնը սահմանող, աշխատակիցների և գործատուի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը սահմանող, աշխատանքի պայմանների առանձնահատկությունները արտահայտող և Ծառայության աշխատակիցների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող նորմեր են, որոնք ուղղված են Ծառայության աշխատանքի արդյունավետության ապահովմանը, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը, աշխատակիցների աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդմանը:
3. Աշխատակիցների աշխատանքի ընդունման և ազատման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) և այլ իրավական ակտերով:
4. Սույն կանոնների կիրառման, ինչպես նաև ներքին կարգապահության հետ կապված և սույն կանոններով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և Ծառայության ղեկավարի հրամաններով:
5. Սույն կանոնները տարածվում են Ծառայության բոլոր աշխատակիցների նկատմամբ:
2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ, ԴՐԱ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
6. Ծառայությունում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ 40 ժամ տևողությամբ:
7. Ծառայությունում աշխատանքային ժամը սկսվում է ժամը 9:00–ին և ավարտվում՝ ժամը 18:00-ին (այսուհետ՝ աշխատանքային ժամեր):
8. Ծառայության աշխատակիցները, որոնք ունեն մանկահասակ երեխա և (կամ) իրենց խնամակալության տակ ունեն առողջական խնդիրներ ունեցող անձ, նախապես, իրենց անմիջական ղեկավարի հետ գրավոր համաձայնեցմամբ կարող են աշխատանքի ընթացքում բացակայել աշխատանքի վայրից առավելագույնը 1 ժամ տևողությամբ:
9. Ծառայությունում աշխատանքային օրվա ընդմիջումը սկսվում է 13:00-ին և ավարտվում 14:00-ին (այսուհետ՝ ընդմիջման ժամ):
10. Աշխատակցի Ծառայության շենք մուտքն ու ելքը իրականացվում է անձնակազմի կառավարման բաժնի կողմից տրամադրված մագնիսական քարտով (այսուհետ՝ քարտ), պտուտակադռնով անցնելու միջոցով, բացառությամբ՝ ավտոմեքենայով ծառայության վարչական տարածք մուտք գործելու իրավունք ունեցող աշխատակիցների:
11. Քարտի միջոցով պտուտակադռնով անցնելու պահը (աշխատանքի վայր մուտքի ու ելքի հստակ ժամանակը) արձանագրվում է էլեկտրոնային համակարգում:
12. Սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերը չեն տարածվում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբերում ներգրավված աշխատակիցների վրա:
13. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ Ծառայության մասնաշենքում տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում կարող են վարվել նաև աշխատակիցների աշխատանքի հաճախելու հաշվառման մատյաններ:
14. Աշխատակիցները իրավունք չունեն իրենց պատկանող քարտը տրամադրել կամ փոխանցել որևէ այլ անձի:
15. Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը Ծառայության կարգապահական և ներքին հսկողության բաժինը ստացված տեղեկությունների հիման վրա կազմում է հաշվետվություն և տեղեկանքի ձևով Ծառայության ղեկավարին է ներկայացնում աշխատանքային ռեժիմը խախտած աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը:
16. Քարտը կորցնելու դեպքում աշխատակիցը իր անմիջական ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում գլխավոր քարտուղարին: Կորցրած քարտի վերաբերյալ զեկուցագիրը ստանալուց հետո այն անմիջապես ապաակտիվացվում է և 10-օրյա ժամկետում աշխատակցին տրամադրվում է նոր քարտ:
17. Առանց քարտի աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատակցի մուտքն ու ելքը աշխատանքի վայր իրականացվում է ծառայողական վկայականով, իսկ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթով, վերջիններիս բացակայության դեպքում՝ գլխավոր քարտուղարի կամ անմիջական ղեկավարի կողմից անցաթղթի տրամադրմամբ, որը հաշվառվում է թղթային մատյանում։ Թղթային մատյանում նշվում է՝ աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորաբաժանումը և անցաթուղթ տրամադրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը:
18. Ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակում և աշխատակիցը այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատակիցն իրավունք ունի ընդմիջման ժամին բացակայելու աշխատանքի վայրից:
19. Աշխատակիցը կարող է բացակայել աշխատանքի վայրից աշխատանքային ժամերին ծառայողական նպատակներով՝ միայն անմիջական ղեկավարի թույլտվությամբ:
20. Անձնական նպատակով, խիստ անհրաժեշտության դեպքում, աշխատակիցը աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից կարող է բացակայել՝ միայն անմիջական ղեկավարի թույլտվությամբ:
21. Աշխատակցի աշխատանքից ազատվելու մասին իրավական հիմքի առաջացման պահից անձնակազմի կառավարման բաժինը աշխատակցին տրամադրում է ազատման թերթիկ համաձայն Ձև N 1-ի, որն աշխատակիցը ներկայացնում է ազատման թերթիկում նշված կառուցվածքային ստորաբաժանումներ՝ նշագրման, որից հետո, ծառայողական վկայականը, քարտը ստորագրությամբ հանձնում է անձնակազմի կառավարման բաժին իսկ ազատման թերթիկը հանձնում է հաշվապահական հաշվառման բաժին՝ վերջնահաշվարկ կատարելու նպատակով:
22. Առանձին դեպքերում, երբ աշխատակիցը հարգելի պատճառներով չի կարողացել սույն կանոնների 7-րդ կետով սահմանված ժամին ներկայանալ աշխատանքի, նա տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին:
23. Ծառայությունում աշխատանքից բացակայությունը համարվում է հարգելի՝
1) աշխատակցի ամենամյա արձակուրդում գտնվելու, աշխատակցի՝ իր պաշտոնական (աշխատանքային) ու ծառայողական պարտականությունների կատարելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական գործուղումների հետ կապված աշխատանքի վայրից դուրս այլ վայրեր մեկնելու, վերապատրաստման դասընթացներին գործուղվելու, ինչպես նաև ծառայողական կամ անձնական նպատակներով սույն կանոններով սահմանված կարգով բացակայած դեպքերում,
2) աշխատակցի կողմից իր պաշտոնական աշխատանքային և ծառայողական պարտականությունները կատարելուն համատեղ՝ աշխատանքային ժամերին գիտական և մանկավարժական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում,
3) աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության, հիվանդության, անհետաձգելի դեպքերի և այլ հարգելի պատճառների դեպքում՝ մեկ և ավելի օր տևողությամբ, որի մասին աշխատակիցը պարտավոր է ներկայացնել բացակայությունը հարգելի համարող համապատասխան փաստաթուղթ (ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, բժշկական և այլ մասնագիտական եզրակացություն, պատճառաբանված զեկուցագիր) անմիջական ղեկավարի ստորագրությամբ, հաշվապահական հաշվառման բաժին: Հաշվապահական հաշվառման բաժինը վերոնշյալ փաստաթղթի պատճենը տրամադրում է կարգապահական և ներքին հսկողության բաժնին:
24. Աշխատակիցը գիտական և (կամ) մանկավարժական գործունեությամբ զբաղվելու, ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային տարվա սկզբին կարգապահական և ներքին հսկողության բաժին է ներկայացնում համապատասխան հաստատության կողմից տրված և հաստատված տեղեկանք, ինչպես նաև իր դասավանդելու և (կամ) սովորելու ժամերի գրաֆիկը՝ հաստատված ուսումնական հաստատության կողմից և համաձայնեցված իր անմիջական ղեկավարի հետ: ՈՒսումնական տարվա ընթացքում կատարվող փոփոխությունների դեպքում աշխատակիցը պարտավոր է ներկայացնել համապատասխան տեղեկանք կարգապահական և ներքին հսկողության բաժին, իսկ վերջինս համապատասխան տեղեկանքը ներկայացնում է հաշվապահական հաշվառման բաժին:
25. Աշխատակից չհանդիսացող այլ անձանց մուտքը Ծառայության շենք թույլատրվում է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ղեկավարի և նրա տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Ծառայության ղեկավարի օգնականների, խորհրդականների թույլտվությունների հիման վրա՝ համաձայն Ձև N 2-ի, միայն անձը հաստատող փաստաթղթով, առանց բջջային հեռախոսի և առանց էլեկտրոնային կրիչի: Բացառիկ դեպքերում անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում անձանց մուտքը Ծառայության շենք թույլատրվում է Ծառայության ղեկավարի, նրա տեղակալների և գլխավոր քարտուղարի թույլտվությամբ: Սույն կետում նշված անձանց Ծառայության շենք մուտք գործելու և շենքում գտնվելու ընթացքում վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ծառայության կարգապահական և ներքին հսկողության բաժնին:
26. Ծառայության վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործելու իրավունք ունեն՝ Ծառայության ղեկավարը, Ծառայության ղեկավարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, Ծառայության ղեկավարի օգնականները և խորհրդականները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այլ անձինք՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ:
27. Ծառայության աշխատակիցները պարտավոր են աշխատանքի ներկայանալ դասական ոճի հագուստով, բացառելով սպորտային հագուստը (այդ թվում ջինսե հագուստը), սափրված կամ խնամված բեղ-մորուքով: Սույն կետը չի տարածվում ոչ գրասենյակային պայմաններում ուսումնասիրություններ իրականացնող աշխատակիցների, ինչպես նաև ծառայությունում տեխնիկական աշխատանք իրականացնող անձանց վրա:

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ
ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

28. Աշխատակցին ամենամյա նվազագույն, լրացուցիչ և նպատակային արձակուրդները տրամադրելու և դրանց հետ կապված այլ հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրության համաձայն:
29. Արձակուրդի տրամադրման ժամանակացույցում ներառելու նպատակով՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների աշխատակիցների հետ համաձայնեցված ժամանակացույցերը գլխավոր քարտուղարին են ներկայացնում մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը։ Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցում ներառվում են նաև նախորդ տարվա տեղափոխված արձակուրդի օրերը:
30. Բացառիկ դեպքերում, աշխատակցի դիմումի հիման վրա՝ անմիջական ղեկավարի համաձայնությամբ աշխատակցին արձակուրդը կարող է տրամադրել ժամանակացույցով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետում:
31. Ամենամյա նվազագույն և (կամ) լրացուցիչ արձակուրդ տրամադրելու դիմումը աշխատակիցը, համաձայնեցնելով իր անմիջական ղեկավարի հետ, Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժ համակարգի միջոցով ներկայացնում է անձնակազմի կառավարման բաժին արձակուրդ գնալուց առնվազն հինգ օր առաջ՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի:
32. Ամենամյա արձակուրդի համար վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատակցի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
33. Աշխատակցին արձակուրդ է տրամադրվում համապատասխան պաշտոնատար անձի հրամանի հիման վրա:

4. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

34. Գործատուն աշխատանքային կարգապահության պահպանման հետ կապված պարտավոր է՝
1) աշխատակիցների համար ապահովել ՀՀ օրենսդրությամբ նրանց վերապահված իրավունքների և պարտականությունների ճշգրիտ և ժամանակին կատարման, ինչպես նաև նրանց ներկայացնող սահմանափակումների պահպանման համար անհրաժեշտ երաշխիքները,
2) աշխատակիցներին ծանոթացնել աշխատանքային պայմաններին, ճշտորեն ու պատշաճ կազմակերպել աշխատանքների կատարումը,
3) աշխատակիցների համար իրենց պաշտոնական (աշխատանքային) պարտականությունների կատարման և ծառայողական լիազորությունների իրականցման նպատակով ապահովել անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, ինչպես նաև ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված մյուս սոցիալական երաշխիքները,
4) աշխատակիցներին վարձատրել համարժեք կատարված աշխատանքի դիմաց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
5) աշխատակիցներին տեղեկացնել Ծառայության գործավարության կարգի, սույն կանոնների հետ,
6) պաշտոնական (աշխատանքային) պարտականությունների կատարման և ծառայողական լիազորությունների իրականացման համար աշխատակիցներին տրամադրել համապատասխան աշխատասենյակ, տեղեկատվություն, գույք և այլ նյութական միջոցներ,
7) տրամադրել Ծառայողական վկայականներ և (կամ) անցագրեր, քարտեր,
8) ապահովել սույն կանոնների անշեղորեն կատարումը և ժամանակին արձագանքել դրանց խախտումներին:
35. Գործատուն ունի նաև աշխատանքային կարգապահության պահպանման հետ կապված ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
36. Աշխատակիցն աշխատանքային կարգապահության պահպանման մասով պարտավոր է՝
1) ժամանակին ու ճշգրտորեն կատարել օրենքների, Ծառայության ղեկավարի, գլխավոր քարտուղարի հրամանների, իր պաշտոնի անձնագրի, աշխատանքային պայմանագրի, Ծառայության գործավարության կարգի, սույն կանոնների և այլ իրավական ակտերի պահանջները,
2) աշխատանքի ընդունվելիս (աշխատանքային պայմանագիրը ստորագրելիս) ստորագրել Ծառայության ներքին կարգապահական կանոններին ծանոթացման թերթիկ, որը կցվում է աշխատակցի անձնական գործին,
3) ժամանակին կատարել իր անմիջական ղեկավարի՝ ՀՀ օրենադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակներում տրված հանձնարարությունները և հանձնարարականները,
4) պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնները,
5) խնամքով վերաբերվել պաշտոնական (աշխատանքային) և ծառայողական պարտականությունների, ինչպես նաև հանձնարարված աշխատանքների կատարման նպատակով հատկացված տեխնիկային, ֆինանսական և մյուս նյութական միջոցներին, դրանք օգտագործել ըստ նշանակության,
6) աշխատանքի վայրում պահպանել էլեկտրական սարքավորումների օգտագործման և հակահրդեհային անվտանգության կանոնների պահանջները,
7) աշխատանքի ժամերին մշտապես գտնվել աշխատանքի վայրում կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով մեկնած վայրերում և առանց աշխատանքային անհրաժեշտության կամ անհարգելի պատճառներով չբացակայել այդ վայրից, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
8) աշխատանքային պարտականությունների իրականացման անհրաժեշտությու¬նից ելնելով, ինչպես նաև մասնագիտական գիտելիքնելի կատարելագործման (վերապատրաստման) նպատակով մեկնել գործուղման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
9) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս չխաթարել այլ անձանց բնականոն գործունեությունը,
10) խստորեն պահպանել ծառայողական և պետական, ինչպես նաև ՀՀ օրենքներով սահմանված այլ գաղտնիքները, վերահսկվող օբյեկտի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվությունը,
11) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ,
12) ձեռնպահ մնալ ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը,
13) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս` զերծ մնալ (հրաժարվել) որևէ մեկից նվերներ, գումարներ, ծառայություններ ստանալուց կամ դրանք հետագայում ստանալու համար համաձայնություն տալուց,
14) պահպանել քաղաքական չեզոքություն,
15) իրականացնել սույն կանոններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ,
16) աշխատակիցներն ունեն Օրենքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:
37. Աշխատակիցներին, աշխատանքային կարգապահության պահպանման մասով արգելվում է՝
1) աշխատանքային ժամերին կամ աշխատավայրում օգտագործել ոգելից խմիչքներ, կամ աշխատանքի ներկայանալ ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում,
2) աշխատանքային ժամերին իր պաշտոնական (աշխատանքային) պարտականությունների և ծառայողական լիազորությունների իրականացման հետ չկապված ցանկացած այլ գործունեությամբ զբաղվելը, բացառությամբ Օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոններով սահմանված դեպքերի,
3) առանց ծառայողական անհրաժեշտության՝ օգտվել ծառայողական հեռախոսների միջքաղաքային կամ բջջային հեռախոսակապերից, ինչպես նաև կապի այլ միջոցներից,
4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ծառայողական նպատակներով հատկացված տեխնիկան, պետական գույքը, ֆինանսական և մյուս նյութական միջոցները,
5) վկայականը այլ անձանց փոխանցելը կամ վավերության ժամկետը լրացած վկայական օգտագործելը,
6) աշխատանքի ընթացքում հայտնի դարձած ցանկացած տեղեկատվություն հրապարակելը, փոխանցելը կամ փոխանակելը կամ որևէ այլ կերպ օգտագործելը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
38. Աշխատակիցներին կարող են ներկայացնել նաև աշխատանքային կարգապահության պահպանմանն առնչվող ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոններով նախատեսված այլ սահմանափակումներ:
39. Աշխատակիցների վարձատրության հետ կապված աշխատանքներն արդյունավետ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական Ծառայության ղեկավարի հրամանով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:
40. Ծառայության կարգապահական և ներքին հսկողության բաժինը պարտավոր է սույն կանոնների 39-րդ կետով նախատեսված կարգով տվյալ կառուցվածքային ստորաբաժանման յուրաքանչյուր աշխատակցի համար բացակայության ժամերը ճիշտ հաշվառել և գրանցել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում:
41. Օպերատիվ պետհամարանիշների անհրաժեշտության առկայության դեպքում՝ ստորաբաժանման ղեկավարը համապատասխան բովանդակությամբ գրություն է ներկայացնում կարգապահական և ներքին հսկողության բաժնի պետին, որում նշվում է՝ պետհամարանիշների ստացման անհրաժեշտությունը, ինչպես նաև տրման և վերադարձման ժամկետները: Տրված պետհամարանիշները հաշվառվում են օպերատիվ պետհամարանիշների հաշվառման մատյանում:

5. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

42. Ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ ծառայողներին հանձնարարականներ տալու իրավասությամբ օժտված են.
1) Ծառայության ղեկավարը՝ իր տեղակալներին, գլխավոր քարտուղարին, օգնականներին, խորհրդականներին, բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:
2) Ծառայության ղեկավարի տեղակալները՝ իրենց օգնականներին, իրենց համակարգման ոլորտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
3) գլխավոր քարտուղարը՝ իր տեղակալին, օգնականին, աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ինչպես նաև բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ Օրենքով և Ծառայության կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերով.
4) հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ իրենց ենթակա ստորաբաժանումների աշխատակիցներին:
5) խմբերի ղեկավարները, դրանցում ներգրավված աշխատակիցներին:
43. Ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները, ինչպես նաև ավագությունը որոշվում է համաձայն նրանց պաշտոնների կամ համաձայն վերադասի հանձնարարության:
44. Այլ պետական մարմինների հետ շփումներն իրականացվում են հաշվի առնելով աստիճանակարգության և պաշտոնների հավասարության սկզբունքը, բացառությամբ Ծառայության ղեկավարի ուղղակի հանձնարարականի դեպքում: Սույն կետի իմաստով՝ Ծառայության ղեկավարի պաշտոնը հավասարեցվում է այլ պետական մարմնի ղեկավարի պաշտոնին:

6. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ
45. Աշխատակիցները ենթակա են խրախուսման Օրենքով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
46. Սույն կանոնների ցանկացած պահանջի խախտումը, որպես աշխատանքային կարգապահության խախտում, հանգեցնում է Ծառայության աշխատակիցների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Ձև N 1

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ազատման թերթ
1.
(Աշխատողի անուն ,ազգանուն)
2.
(Ստորաբաժանում)
3.
(Զբաղեցրած պաշտոն)
4.
(Ազատման ամսաթիվ և հիմքը)

Ստորաբաժանում Նշումներ հանձնվող գործի վերաբերյալ Ստորաբաժանման պատասխանատուի անուն, ագանունը և պաշտոնը Ստորագրություն/ ամսաթիվ
Առաջին բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Ընդհանուր բաժին
Գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժին

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝
_________________________

Ձև N 2

Անցաթուղթ N

Ամսաթիվ _____________________
Անուն Ազգանուն _____________________________
Անձը հաստատող փաստաթուղթ _______________
_______________________________________-ի մոտ
Մուտք________________
Ելք ___________________
Ստորագրություն ___________________
Հերթապահ ոստիկան ___________________

  Printpdf

Վերադառնալ



ՀՀՊՎԾ logo © 2019 supervision.am