27.03.2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 և 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ և բացթողումներ, որոնք հանդիսանում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից առնվազն ոչ արդյունավետ կառավարման և աշխատանքային գործառույթների՝ ոչ պատշաճ կատարման արդյունք:
Այսպիսով՝ արձանագրվել է, որ ԱՆ Պետական առողջապահական գործակալության կողմից իրեն տրված համակարգման և վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ 2020-2021թ.թ. ընթացքում փոխհատուցման են ներկայացրել պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող կամ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայությունների մատուցման դեպքեր և դրանց դիմաց պետական բյուջեից ստացել գումարներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից Պետական առողջապահական գործակալության փորձագետ-մշտադիտարկողների ներգրավմամբ թվով 6 բժշկական կազմակերպություններում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 541.690.017,0 ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 118.560.379,0 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր 13.686.480,0 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր՝ արձանագրված խախտումներից ևս 96.445.601,0 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ: Այս փուլում ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են թվով 2 քրեական վարույթներ:
Մասնավորապես.
Արձանագրված խախտումների կրկնության ռիսկերը Պետական առողջապահական գործակալությունում և բժշկական հաստատություններում նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով Ծառայության կողմից պատրաստվում է առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետին, ինչպես նաև Ծառայության ղեկավարի նոր հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը շուտով կմեկնարկի հերթական վերահսկողական գործառույթների իրականացումը Պետական առողջապահական գործակալությունում և պետական պատվերի խոշորագույն մասնաբաժին ունեցող՝ մի շարք բժշկական հաստատություններում՝ հանդիպակաց ուսումնասիրությունների ձևաչափով:
ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում այս ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքների ամփոփ Տեղեկանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր կարծիք ստանալուց հետո կքննարկվի դրանց հետագա ընթացքը լուծելու հարցը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: