
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը իրականացրել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար 2013-2020թթ.-ին կազմակերպված գնման ընթացակարգերի նկատմամբ մշտադիտարկում, որով արձանագրվել է պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.2 միլիարդ ՀՀ դրամի վնաս։ Արդյունքները զեկուցվել են ՀՀ Վարչապետին։ Վարչապետի հանձնարարությամբ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քրեաիրավական գնահատական տալու։ Տեղեկանքի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

