Ի պատասխան «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենի՝ մամուլում արված այն հայտարարության, թե ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մաքսային արժեք ասելով՝ հասկանում է Չինաստանի կամ Սոմալիի արտադրանքի հետ համեմատությունը, ապա հարկ է նշել, որ համեմատությունը կատարվել է հենց նույն «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և իրացման գների միջև, ոչ թե այլ ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների հետ։
Ինչ վերաբերում է «փոքր-ինչ» թանկ վաճառելուն, քանի որ դրա մեջ մտել է նաև սպասարկումը, ապա հայտնում ենք, որ նախ թանկ է վաճառվել մաքսային արժեքից 2.2 անգամ, և երկրորդ, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն նախկինում սպասարկումն իրականացրել է իր աշխատակիցների միջոցով, այնուհետև նրանց ազատել է աշխատանքից՝ նրանց անուններով գրանցել է անհատ ձեռնարկատերեր և սպասարկումը կազմակերպել այդ եղանակով՝ փաստացի նրանց վճարել նույն չափով գումար։ Այսինքն, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն այդ մասով նույնպես «վնասներ» չի կրել, քանի որ այդ ծախսերը նվազեցվել են պետական բյուջե վճարվող հարկերից։
Հարցին, թե ինչու մյուս ընկերությունների կողմից ներմուծված սարքավորումները չեն ուսումնասիրում, ապա հայտնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ոչ թե ուսումնասիրում է որևէ կազմակերպությանը, տվյալ դեպքում «Ֆրեզեն» ՍՊԸ-ին, այլ իրականացնում է հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ, որի շրջանակներում կանդրադառնա նաև այլ խնդիրների։
Այն պնդումը, որ ինվոյսային արժեքներին գումարվում են նաև այլ ծախսեր և իրենց մնում է «մի փոքր» գումար, ապա հայտնում ենք, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համաձայն, միայն 2016 և 2017 թվականների մասով նշված կազմակերպության շահույթը (բոլոր ծախսերը նվազեցնելուց հետո) համախառն եկամտի նկատմամբ կազմել է 56%։
Ինչ վերաբերում է այլ բժշկական կենտրոններում հեմոդիալիզի պարագաների անորակ լինելուն, ինչի արդյունքում վտանգվում են մարդկային կյանքեր, ապա, կարծում ենք, որ տվյալ հարցադրումը ՀՀ առողջապահության նախարարության տիրույթում է, քանի որ հեմոդիալիզի ծառայությունների մասով պետական պատվերը սահմանվում է նրանց կողմից և դրա նկատմամբ հսկողությունը՝ նույնպես։
Месяц: Март 2019
ՊՎԾ-ի գործողությունները որևէ կերպ չեն անդրադարձել «Վանաձորի ԲԿ»-ի՝ հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացի բնականոն ընթացքի վրա
Անդրադառնալով մամուլում հրապարակված «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի այն հայտարարությանը, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացը, հայտնում ենք, որ 01.03.2019թ. դրությամբ «Վանաձորի ԲԿ»-ի կողմից 2019 թվականի կարիքների համար հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարվել են թվով 3 հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով մրցույթներ՝ 16.01.2019թ., 30.01.2019թ. և 21.02.2019թ։
Ավելի վաղ՝ 14.01.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից հրապարակվել էին ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/5 և ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/6 ծածկագրերով էլեկտրոնային աճուրդները։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքում 16․01․2019թ․ ՀՀ Լոռու մարզպետարան ներկայացված գրությամբ առաջարկվել էին տիպային բնութագրեր, որոնց «Վանաձորի ԲԿ» չի համաձայնել և արդյունքում, առանց էական փոփոխությունների՝ նույն բնութագրերով 16.01.2019թ. վերահայտարարել է գնումը արդեն «մեկ անձից» գնման ընթացակարգով՝ ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/3 ծածկագրով և 21․01․2019թ արդեն իսկ ձեռք է բերել հրավերով նախատեսված ողջ խմբաքանակը։
30.01.2019թ. կրկին հրատապության հիմքով հրապարակվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/7 ծածկագրով գնման ընթացակարգ, և նախատեսված պարագաները մատակարարվել են։
21.02.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից կրկին հրատապության հիմքով հայտարարվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/12 ծածկագրով ընթացակարգ, որի հրավերով ապրանքները նախատեսվել են մատակարարել 2019թ. փետրվար ամսին։
Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանման դեպքում 14.01.2019թ. հայտարարված էլեկտրոնային աճուրդի շրջանակներում հեմոդիալիզի պարագաների մատակարարումը կարող էր նախատեսվել փետրվարի 20-ից ոչ շուտ։
Հետևաբար, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործողությունները որևէ կերպ չեն անդրադարձել «Վանաձորի ԲԿ»-ի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացի բնականոն ընթացքի վրա։