Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին:

 

Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող  199.63 ք/մ մակերեսով հողամասը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ․Ն․-ին՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 220.56 ք/մ մակերեսով հողամասը՝ 3.633.946 դրամ արժեքով: Նշված գործարքների կապակցությամբ դրական եզրակացություններ են տվել քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերը:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված տեղատեսության և քաղաքապետարանում պահպանվող փաստաթղթերի ու քարտեզագրական նյութերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողամասերի դեպքում ուղղակի վաճառքի հիմքեր առկա չեն եղել, դրանք գտնվում են փողոցներին հարակից կառուցապատման առաջին գծում՝ փողոցներին անմիջապես հարող հատվածներում, ըստ էության հանդիսանում են առանձին գույքային միավոր և ենթակա էին օտարման հրապարակային սակարկությունների՝ աճուրդի եղանակով:

 

ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է նաև  տեղեկատվություն` 2018թ. ընթացքում վերը նշված հասցեների հարակից տարածքներում հողամասերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ: Վերլուծությամբ պարզվել է, որ Ուլնեցու փողոցում 2018թ. փետրվար և ապրիլ ամիսներին հողամասերի վաճառքի միջին գինը մեկ մետր քառակուսու համար կազմել է մոտ 56.300 դրամ, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի արժեքը հաշվարկվել է մոտ 16.500 դրամ, այսինքն շուրջ 3.4 անգամ պակաս: Դավիթ Անհաղթի փողոցի հիշյալ հողամասին հարակից և կառուցապատման առաջին գոտի չհանդիսացող հողամասը 2018թ. նոյեմբերին վաճառվել է մեկ մետր քառակուսին 145.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով հողամասն օտարվել է 16.500 դրամով՝ մոտ 8.8 անգամ պակաս արժեքով:

 

Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս փուլում վերահսկողական գործառույթներ է իրականացնում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝  պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ընդ որում, վերահսկողական գործառույթների շուրջ մեկ-երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու-երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:

 

 

 

Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում.

  • Երևանի քաղաքապետարանում,
  • Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում,
  • ՀՀ պաշտպանության նախարարությունում
  • ՀՀ առողջապահության նախարարությունում,
  • ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում,
  • ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում,
  • Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։

 

Ինչպես նաև՝ վերահսկողական գործառույթներ են մեկնարկել.

  • ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի նկատմամբ,
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրակականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության նկատմամբ,
  • ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:

 

Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից, Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը, ինչպես նաև գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։

Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:

 

Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության  կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն։

Մշտադիտարկվել են թվով 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։ 2022 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր՝ մշտադիտարկվել են թվով 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Համապատասխան շտկումներ իրականացնելու նպատակով արձանագրված բոլոր դեպքերով առաջարկություններ են ներկայացվել ոլորտային պատասխանատու մարմինների ղեկավարներին: Իրականացված կանխարգելիչ գործառույթի իրացման արդյունքում նշված ընթացակարգի հրավերներում կատարվել են առաջարկվող փոփոխությունները՝ դրանք համապատասխանեցվել են գնումների օրենսդրության պահանջներին:

 

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնումների գործընթացը հիմնվում է պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման սկզբունքների վրա», իսկ 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնման առարկայի բնութագրերը` պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար, պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը»:

 

Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման 22-րդ կետով սահմանված է նաև՝ «Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ և արտադրողներ…»:

 

Զուգահեռ իրականացվել է նաև 2021-2022թթ. ընթացքում հանրային գնումների մշտադիտարկում հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների կողմից կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմինների տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը:

 

Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայությանը կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։

Մշտադիտարկվել են պետական մարմինների կողմից ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացները

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացվել է մշտադիտարկում՝ ավտոմեքենաների ձեռքբերման գնման գործընթացներում խտրական չափորոշիչների բացահայտման և հետագայում կանխարգելման նպատակով, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման հավելվածով սահմանված հաշվարկային չափորոշիչներով, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի 938-Ա հրամանի հավելվածով սահմանված գնային կարգավորումներով, ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝

 

ՀՀ կառավարության որոշմամբ կամ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով (որպես ոլորտը կարգավորող լիազոր մարմին), սահմանել ըստ առանձին խմբերի հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ծառայողական ավտոմեքենաների ձեռք բերման օրինակելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով խտրական գնումների ընթացակարգերի իրականացումը:

 

Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը վերանայել Որոշմամբ սահմանված իրավակարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման ընդունման ժամանակահատվածում չեն գործել ՀՀ վարչապետի ենթակա մարմինները:

 

Հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարությանը վերանայել Հրամանով սահմանված գնային կարգավորումները՝ այն համապատասխանեցնելով շուկայական գործող գներին:

 

Միաժամանակ, Ծառայության կողմից մշտադիտարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ՝ բարձրարժեք տրանսպորտային միջոցների գնման գործընթացները: Արդյունքում՝ ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումների իրավական կանոնակարգման ուղղությամբ՝ սահմանելով տեղական ինքնակառավարման մարմինների կարիքների համար ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաների չափորոշիչները և դրանց առավելագույն արժեքները: