Ուսումնասիրվել են ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների` թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման գործընթացը․ հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների  արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա խնդիրների մասին, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Արդյունքում պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկներ արտահանվել է ավելի քան  381 տոննա կերամիկական թափոններ: Նշված ժամանակահատվածում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպությունների կողմից կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերի փաթեթներում առկա տեղեկությունների արժանահավատությունը չի գնահատել և տրամադրել է արտահանման լիցենզիաներ այն պարագայում, որ նշված թափոնների ձեռքբերման, ինչպես նաև որպես վաճառքի գին նշված արժեքները եղել են շուկայական նվազագույն արժեքներից էական՝ մոտ 10 անգամ պակաս:

 

Լիցենզիա ստանալու համար կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերին կից փաստաթղթերի փաթեթներում առկա փորձագիտական եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թանկարժեք մետաղների քանակությունները էականորեն պակաս են ներկայացված, բացի այդ թանկարժեք մետաղների գների աճին զուգահեռ եզրակացություններում համապատասխանաբար նվազ են ներկայացվել թանկարժեք մետաղների քանակները, ինչի արդյունքում արտահանվող ապրանքի արժեքը մնացել է նույնը:

 

Ընդ որում փորձագիտական եզրակացությունները, որոնք ներառվել են  մաքսային  մարմնին ներկայացված փաստաթղթերի փաթեթներում, արտահանման ենթակա ապրանքների ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները չեն բնութագրել, սակայն մաքսային մարմնի կողմից կերամիկական թափոնների արտահանման գործընթացի և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չի իրականացվել և երբևէ մաքսային փորձաքննություններ չեն նշանակվել:

 

Բացի այդ, թվով 87 դեպքերում կերամիկական թափոնների արտահանումն իրականացվել է առանց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պետական վերահսկողական ակտի, իսկ թվով 66 դեպքերում արտահանման փաթեթներում ներկայացված պետական վերահսկողության ակտերը չեն բնութագրել արտահանման ենթակա ապրանքի ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները։

 

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ 2015-2018 թվականների ընթացքում 2 կազմակերպություններ՝ առանց արտահանման լիցենզիայի և պետական վերահսկողական ակտի 22 խմբաքանակով ՀՀ-ից երրորդ երկրներ են արտահանել շուրջ 28 տոննա կերամիկական թափոններ:

 

2018-2022 թվականների ընթացքում ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահման փաստաթղթերով ներկայացված իրականությանը ակնհայտ չհամապատասխանող արժեքների փոխարեն  շուկայական նվազագույն գներով հաշվարկի դեպքում արտահանված կերամիկական թափոնների ընդհանուր արժեքը կկազմեր շուրջ 26 մլրդ. ՀՀ դրամ, որի գծով պետք է առաջանար մոտ 5,5 մլրդ. ՀՀ դրամի հարկային պարտավորություն:

 

Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն. դրամի վնաս

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացմամբ, սերմերի ստացմամբ ու վերարտադրությամբ, ինչպես նաև տոհմային անասնաբուծության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող, 100 % պետական մասնաբաժին ունեցող «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված ընդհանուր առմամբ շուրջ 557 մլն. դրամի վնաս:

 

Մասնավորապես, ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերությունում hացահատիկային, հատիկընդեղենային և կերային մշակաբույսերի փաստացի ստացված բերքը միջին բերքատվության ցուցանիշներից էականորեն պակաս է կազմել, իսկ 2019-2022 թվականներին՝ 2018 թվականի համեմատ գրանցվել է բերքատվության ցուցանիշների կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի անկում, ինչի արդյունքում ընկերության իրացումից հասույթը պակաս է ձևավորվել նվազագույնը շուրջ 497 մլն. դրամով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ցածր բերքատվությունը հիմնականում պայմանավորված է եղել սերմնաբուծության գործընթացի անարդյունավետ կառավարմամբ, ինչպես նաև ցանքային նորմաներից գրեթե կիսով չափ պակաս քանակով սերմեր ցանելով, այն դեպքում, երբ ցանքի նպատակով ընկերության պահեստից դուրս են գրվել համապատասխան նորմաներից մոտ 4,5 մլն. դրամի ավել քանակով սերմեր: Ընդ որում, իրականացված չափագրումների արդյունքում փաստագրվել է, որ միայն 2021-2022 թվականներին ցանվել է ցանքային նորմայից միջինը՝ 50 %-ով, մոտ 5.6 մլն. դրամի պակաս սերմ, իսկ 2022 թվականի բերքահավաքից հետո ընկերության պահեստում արձանագրվել է շուրջ 7 տոննա, 1,5 մլն. դրամ արժողությամբ ցորենի սերմի պակասորդ:

 

Բացի այդ, խախտելով «Սերմերի մասին» օրենքի դրույթները, ընկերության արտադրական ցանքատարածություններում 2021 թվականին ցանվել են ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված, տնտեսական օգտակարության պետական փորձարկում չանցած, հավաստագրման ոչ ենթակա աշնանացան ցորենի և գարնանացան գարիի սորտեր՝ ընկերությանը հասցնելով նախնական հաշվարկով 27 մլն. դրամի վնաս:

 

Ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև, որ Ընկերության ցանքատարածությունների հիմնական մասը գտնվում են անբարենպաստ վիճակում, աղբոտված են տարբեր տեսակի մոլախոտերով, գարնանացան գարիի ցանքատարածությունում առկա է աշնանացան ցորենի խառնուրդ, իսկ կորնգանի դաշտում առկա է չհաշվառված և ոչ մի կերպ չարձանագրված աշնանացան ցորեն:

 

Ընկերության հասույթի ձևավորման ուղղություններից է նաև կաթնաապրանքային ֆերմայի գործունեությունը, ինչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների հարկադիր մորթից գոյացած տավարի միսը ընկերության կողմից իրացվել է միջին շուկայական արժեքից չհիմնավորված ցածր գներով՝ շուրջ 11 մլն. դրամով պակաս, իսկ մորթը և դրա արդյունքում ստացված մթերքի իրացումն իրականացվել է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթների կոպիտ խախտումներով:

 

Իրականացված կապիտալ ծախսերի ուսումնասիրության արդյունքում, ընկերության անասնաշենքի վերակառուցման և ջերմատան կառուցման աշխատանքներում արձանագրվել են շուրջ 11 մլն. դրամի չհիմնավորված կամ անարդյունավետ ծախսեր։

Ուսումնասիրության հայտնաբերված առանձին խախտումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություններ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց լիազորություններից բխող միջոցներ ձեռնարկելու համար:

 

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ուսումնասիրութամբ բացահայտված խախտումները պարունակում են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՐԱՄԱՆ — ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրաման 

ՀՐԱՄԱՆ — ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրաման