ԵՊԲՀ. ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի

Ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։
Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։
Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։
Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. դրամ։
Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ դատախազության կողմից ավելի ուշ տեղեկանքն ուղարկվել է  ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

 

Ինչպես է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որոշում, թե որտեղ սկսել ուսումնասիրություններ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, մամուլի հրապարակումների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, տեղեկատվական շտեմարանների վերլուծության և ամփոփման հիման վրա որոշում է պետական համակարգի ռիսկային ոլորտները կամ դրանց համապատասխան մասերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա:

ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է

Ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 7-ից Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։
Հիմնադրամի մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից և նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։