Месяц: Декабрь 2019
Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: 2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝
1․ 2019 թվականին ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը (EASA) Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ընկերություններից մեկը չի ստացել անհրաժեշտ թույլտվությունը, քանի որ վերոնշյալ գործակալության մասնագետները հայտնաբերել են խնդիրներ: Ըստ էության, հայտնաբերված խնդիրները պետք է նկատված լինեին նաև Կոմիտեի վերահսկողական գործառույթն իրականացնող վարչությունների կողմից: Սակայն վերջիններիս կողմից արձանագվել են գործակալության արձանագրած խնդիրներից միայն մի քանիսը: Հայտնաբերված խնդիրները, պայմանավորված կոմիտեի փաստաթղթաշրջանառության կարգավորումների թերություններով, ընթացք չեն ստացել։
- Ուսումնասիրվել են ՀՀ օդանավ շահագործողի վկայականների տրամադրման կարգը, պահանջվող փաստաթղթերը և/կամ դրանց առկայությունը, հայտատուներին ներկայացվող պահանջները: Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում:
- Առկա են ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանման մի շարք դեպքեր։ Մասնավորապես՝ թեև ՀՀ օրենսդրությամբ մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման իրավասություն կարող են ունենալ բացառապես կոմիտեի պաշտոնատար անձինք, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով նման իրավասություն է տրամադրվել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակցին։
- ՀՀ օրենսդրության համաձայն, սկսած 21.01.2017թ-ից օդանավ շահագործողների կողմից ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր (օտարերկրյա օդանավ շահագործողների դեպքում), ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվություն ստանալու հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումը պետք է իրականացվեր www.e-gov.amկայքէջի «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնի միջոցով։ Վերոնշյալ նպատակով USAID-ի ֆինանսավորմամբ ձեռք են բերվել շուրջ 22.5 հազար ԱՄՆ դոլարի սարքավորումներ և 45․8 մլն դրամի ծրագրային հավելված։ Թեև վերոնշյալ համակարգը գործարկման նպատակով, ըստ էության, պատրաստ է եղել 2018 թվականի դեկտեմբերից, սակայն մինչ օրս կոմիտեն հայտերը և դրանց կից փաստաթղթերը ընդունում է այլ, ոչ էլեկտրոնային եղանակով։
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տրամադրելու միայն մեկ կարգ, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները տարանջատվել են որպես օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների։ Օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները ստանում են միևնույն թույլտվությունները, որոնց տրամադրման աշխատանքները, սակայն, կատարում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ։ Ընդ որում, ըստ կոմիտեի, օդանավակայանի ներսում վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն միայն ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ները։
- ՀՀ օրենսդրության համաձայն միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման։ Մասնավորապես, ՀՀ օդանավ շահագործող ընկերություններից մեկը կոմիտեի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի ձեռնարկում նշել է ավելի քան 7 տասնյակ ուղղաթիռադաշտեր, որոնք դեռևս սերտիֆիկացված չեն։
7․ Բացակայում են ավիացիային առնչվող մի շարք հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերը։ Մասնավորապես՝ կարգավորված չեն ՀՀ-ում անձնական, ոչ առևտրային գործարարական, հատուկ ավիացիոն աշխատանքների իրականացման՝ հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող օդանավերի դեպքում օդանավ շահագործողի վկայական տալու հետ կապված հարաբերությունները։
- Առկա են զգալի օրենսդրական բացթողումներ նաև կոմիտեի կողմից իրականացվող վերահսկողության բնագավառում: Որևէ իրավական ակտով կարգավորված չէ կոմիտեի և աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև, ինչպես նաև կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները։
- Բացակայում են օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերը, հետևաբար նաև կոմիտեի կողմից համապատասխան վերահսկողությունը։
Բացահայտված թերությունների վերացման նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ներկայացրել է համապատասխան առաջարկություններ:
Տեղեկանքին ի պատասխան ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նշել է, որ կամփոփի իր անելիքները և վերհանված թերությունների վերացման ուղղությամբ կձեռնարկի համարժեք միջոցներ՝ համաձայն գործողությունների պլան-ժամանակացույցի:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
80 մլն դրամի խախտումներ Վայքի համայնքապետարանում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝
- 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։
- Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ:
- Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար:
- 2017-2018թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից ձեռք բերված ավտոպահեստամասերի ծախսման ճշտության ուսումնասիրությամբ արձանագրվել են չհիմնավորված ծախսեր:
- Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց համար հաշվարկվել և վճարվել են աշխատավարձեր։
- 2016-2019թթ. Համայնքապետարանի, ինչպես նաև իրականացված այլ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների ուսումնասիրություններով արձանագրվել են փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքներ:
- Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:
Կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ Եղեգնաձորի համայնքապետարանում
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Մասնավորապես՝
- 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։
- Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով՝ 14801 քմ:
- 2016-2017թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել է օգնության գումարներ՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները. միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրենքով այլ նպատակով նախատեսված, սակայն համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրված գումարը ենթակա է վերադարձման համայնքապետարանի բյուջե:
- Համայնքապետարանը՝ չունենալով նշագծման աշխատանքներ պատվիրելու իրավասություն, պատվիրել և վճարել է գծանշման աշխատանքների համար:
- Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից 2016-2017թթ. ընթացքում ամսական (փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ) ներկայացված կատարողական ակտերում առկա ծառայության միավորի գների համադրությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս տարբեր գին է սահմանվել սանիտարական մաքրման ծառայության համար, որի արդյունքում ընկերությանն ավել գումար է վճարվել:
- Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր։
- Առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի համայնքապետարանի կարիքների համար նախատեսված ապրանքների մատակարարման համար իրականացվել է վճարում:
- 2016-2018թթ Եղեգնաձորի ծննդատանը մարտի 8-ից- ապրիլի 7-ը ծնված երեխաներին օգնություն հատկացնելու նպատակով վճարված գումարի մի մասը որևէ փաստաթղթով չի հիմնավորվում:
- Համայնքապետարանի և «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև 03.02.2016թ. կնքվել է պայմանագիր, սակայն կատարողի կողմից ներկայացվել է պայմանագրային գնից ավելի մեծ գումարի չափով մատուցված ծառայություններ, որն էլ ամբողջությամբ համայնքապետարանի կողմից ֆինանսավորվել է:
- Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում համայնքի բյուջեով նախատեսված շենք-շինությունների կապիտալ վերանորոգումների համար նախատեսված գումարի մի մասը ծախսվել է ընթացիկ վերանորոգումների համար, ինչի արդյունքում ոչ նպատակային են ծախսվել ֆոնդային բյուջեի գումարները:
- 2016-2019թթ. իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ և թերացումներ։ Մասնավորապես՝ փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալներ, փաստաթղթերով ավել հաշվարկված գումարներ, պայմանագրային գնի թանկացում նախահաշվի նկատմամբ, իսկ իրականացված ասֆալտապատման աշխատանքների մի մասը դիտարկվել են որպես անարդյունավետ ծախս՝ ասֆալտապատման աշխատանքների ոչ պատշաճ որակի ապահովման տեսանկյունից:
- Եղեգնաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրամներից մեկի հետ 2018 թվականին կնքվել է մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր և իրականացվել է համապատասխան վճարում: Սակայն անպարտաճանաչ կապալառուի պատճառով աշխատանքները դադարեցված են, վերսկսման ժամկետ նախատեսված չէ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ համայնքի մոտ 122 երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության, իսկ մանկապարտեզների աշխատակիցներին փաստացի չաշխատելու պայմաններում վճարվել է աշխատավարձ:
- Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետարանից ստացվել է համապատասխան գրություն, որի համաձայն կապալառու կազմակերպությունները պարտավորվել են ողջամիտ ժամկետում պատվիրատուի պահանջով վերացնել առկա բոլոր թերությունները։
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։