«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Պատճառված վնասի չափը կազմում է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ

Պետական վերահսկողական ծառայությունը պարզել է, որ  «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում  շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գորիսի համայնքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով, կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների միավորի արժեքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, շինարարական աշխատանքների համար կատարված ոչ նպատակային ծախս, շինարարության ընթացքում կատարված, սակայն շահագործման ընթացքում կոտրված և շահագործման համար ոչ պիտանի դարձած երկաթբետոնե առվակներ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38.440.000 ՀՀ դրամի վնաս:
Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» որոշման պահանջների խախտմամբ երկու պայմանագրերի շրջանակներում կատարվել են աշխատանքների փոփոխություններ, որոնց գումարների չափը, պայմանագրերի սկզբնական գումարների նկատմամբ, կազմել են համապատասխանաբար 35.2 և 26.1 տոկոս:
Բացի այդ, արձանագրվել է, որ Գորիս համայնքում, գույքահարկի բազայում ունենալով  չվճարված հարկերի տեսքով պարտավորություն, մի շարք ավտոմեքենաներ օտարվել են:
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: