ՊՎԾ-ն կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում նոր մեխանիզմներ է ներդրել

Ազգային ժողովում 2022թ. պետական բյուջեի հաստատման գործընթացին զուգահեռ Պետական վերահսկողական ծառայությունում արդեն իսկ ակտիվորեն իրականացվում են բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների նկատմամբ մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներ: Առկա տեղեկատվական շտեմարանների միջոցով ՊՎԾ-ն իրականացնելու է 2022թ. բյուջետային բոլոր միջոցառումների ժամանակին և որակով կատարման նկատմամբ ընթացիկ դիտարկում՝ առանց կատարող մարմնի աշխատանքներին միջամտելու: ՊՎԾ կողմից առավել ռիսկային գնահատված միջոցառումների պատշաճ կատարման նկատմամբ կիրականացվի առավել ինտենսիվ մշտադիտարկում: Այս գործընթացի նպատակն է հնարավորինս վաղ փուլում հայտնաբերել միջոցառումների իրականացման ժամկետային և որակական թերացումները և Վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:

ՊՎԾ-ն կանխարգելիչ գործառույթների իրականացման ընթացքում ըստ անհրաժեշտության ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ: Մանրամասները տեսանյութում՝

Դեկտեմբերի 1-ից ՊՎԾ-ն ընդլայնում է իր ներգրավվածությունը մեծածավալ շինարարական ծրագրերի վերահսկողության գործում

Դեկտեմբերի 1-ից ՊՎԾ-ն ընդլայնում է իր ներգրավվածությունը մեծածավալ շինարարական ծրագրերի վերահսկողության գործում:

«Լուրերի» անդրադարձը՝

2021թ․ դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ են առնվում 1 միլիարդ ՀՀ դրամ և ավել պայմանագրային արժեքով ԲՈԼՈՐ շինարարական աշխատանքները

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարությամբ ՊՎԾ-ն 2021թ․ դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ է առնում 1 մլրդ դրամ և ավել պայմանագրային արժեքով ԲՈԼՈՐ շինարարական աշխատանքները։

Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսևորելուց։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը կարևորում է նախնական փուլում ռիսկերի բացահայտման, կանխարգելման և դրանց լուծումներ տալուն ուղղված աշխատանքները՝ ապահովելով ծրագրերի անխափան և արդյունավետ իրականացումը:

ՊՎԾ-ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ արդյունավետ համագործակցության հերթական օրինակը․ վերականգնվել է 33․7 մլն դրամ

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի  կողմից տրված  հանձնարարագրի  հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից  իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:

Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ ոստիկանության կողմից  իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Արդյունավետ ուսումնասիրության, քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների  իրականացման արդյունքում հիմնավորվել է Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների՝ համապատասխան օրերին գործուղման վայրերում չգտնվելու հանգամանքները, որի դիմաց ՀՀ պետական միջոցներից ստացած՝ 33 689 200 ՀՀ դրամի չափով, գումարները նախաքննության ընթացքում  վերականգնվել են:

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը հետամուտ է շարունակելու ուսումնասիրությունների իրականացումը Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: