Ընդհանուր չարաշահումների ծավալը Մետրոպոլիտենում կազմել է 1.2 մլրդ դրամ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման  նպատակով, այն դեպքում, երբ նշված միջոցների շրջանակներում հնարավոր էր ձեռք բերել նոր, ժամանակակից վագոններ: Մասնավորապես, 2011-2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8.5 մլրդ դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս,  այն դեպքում, երբ շուրջ 600 մլն դրամով հնարավոր էր ձեռք բերել ժամանակակից, էներգախնայող, հաճախակի վերանորոգումներ չպահանջող եվրոպական արտադրության վագոններ:

Ներկայացվում են ուսումնասիրության այլ արդյունքներ՝

  1. Կապալառու ռուսական ընկերության հետ, որը ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, 2016թ. առաջին անգամ կնքվել է պայմանագիր վագոնների վերանորոգման աշխատանքները կատարելու համար (հաջորդ տարիներին ևս կնքվել են այլ պայմանագրեր): Ընկերությունը չի կատարել պայմանագրային պարտականությունները կամ կատարել է ոչ պատշաճ որակով, սակայն աշխատանքների արդյունքներն ընդունվել են Մետրոպոլիտենի կողմից և իրականացվել է վճարում: Վերոնշյալ և այլ խախտումների արդյունքում ընկերությունը, 1.2 մլրդ դրամի եկամուտ ստանալով, ապահովել է առնվազն 677.0 մլն դրամի գերշահույթ: Առկա են ընկերության կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու (համապատասխան ծավալով ծառայություն չի մատուցվել, սակայն առկա են ձեռքբերման փաստաթղթեր) և վերոգրյալի արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 128.0 մլն դրամի հարկ չվճարելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ: Ընկերությունից 2017-2018թթ. գնումներն իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի:
  2. Մետրոպոլիտենի կողմից վրացական երկու և ռուսաստանյան երեք նորաստեղծ ընկերություններից իրականացվել են 674.0 մլն դրամի գնումներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի և իրավական հիմքի (գնման առարկան ներառված չի եղել գնումների պլանում և տնօրենների խորհդի կողմից հաստատված ծախսային նախահաշիվներում): Ձեռքբերված ապրանքներից 511.0 մլն դրամի ապրանքների շուկայական արժեքը կազմում է 274.0 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1.7 մլրդ դրամի գնում առանց գնման որևէ ընթացակարգի:
  3. Մետրոպոլիտենի մասնաճյուղի աշխատակիցները միաժամանակ աշխատել են մասնաճյուղի պետի հետ փոխկապակցված անձի հիմադրած ընկերությունում, որը 43,215.0 հազ. դրամի ծառայություններ է մատուցել Մետրոպոլիտենին՝ ստանալով 39,464.2 հազ. դրամ շահույթ: Ընկերությունից գնումներն իրականացվել են առանց մրցակցային ընթացակարգի կամ խախտումներով անցկացված ընթացակարգով:
  4. ՓԲԸ-ի մեկ այլ ստորաբաժանման աշխատակիցները միաժամանակ աշխատել են ընկերությունում, որը ՓԲԸ-ին մատուցել է 10,130.0 հազ. դրամի ծառայություն՝ ապահովելով 9,001.3 հազ. դրամի շահույթ: Ընկերությունից գնումն իրականացվել է խախտումներով անցկացված ընթացակարգով: Խոսքը այնպիսի ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի մասին է, ինչպիսիք են՝ շարժասանդուխքների բազրեփոկի լռմանը հետևող համակարգի փոխարինում, շարժասանդուղքների անվտանգության խոզանակների համալրման ծառայություն, ժամանակի սինխրոն բաժանումով համակարգչային ծառայությունների մատուցման հետ կապված ծառայություններ:
  5. Վերոգրյալ ընկերության կողմից Մետրոպոլիտենին մատակարարված օդաբաշխիչների շարժիչները եղել են հնամաշ և օգտագործված, սակայն վերջիններս ընդունվել են ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 3.0 մլն դրամի գույքային վնաս:
  6. Լուսադիոդային թանկարժեք լամպերի ձեռքբերման արդյունքում կատարվել է 31.0 մլն դրամի անարդյունավետ ծախս՝ ստացված արդյունքին հնարավոր էր հասնել՝ այդքանով պակաս գումար ծախսելով:
  7. Երաշխիքային ժամկետում գտնվող 7,711.2 հազ. դրամի խափանված լուսադիոդային լամպերը պետք է մատակարար ընկերության կողմից փոխարինվեին նորերով կամ վերանորոգվեին, սակայն ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել են առաջարկություններ Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվության առկայության պատճառով արդյունքները ներկայացվել են ՀՀ դատախազություն:

 

«ՋՐԱՌ» ՓԲԸ-ում արձանագրվել են 2,103,987.7 հազ. (երկու միլիարդ հարյուր երեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր) դրամի խախտումներ և թերություններ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն  ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունը ներառել է 2014-2019 թվականներն ընկած ժամանակահատվածը: Արձանագրվել են 2,103,987.7 հազ. (երկու միլիարդ հարյուր երեք միլիոն ինը հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր) դրամի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝

  • Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1,001,433.3 հազ. (մեկ միլիարդ մեկ հազար չորս հարյուր եռեսուներեք հազար երեք հարյուր) դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր:

­

  • Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40,758.8 հազ. (քառասուն միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար, ութ հարյուր) դրամի աշխատավարձ:
  • Ընկերությունը 318,618.0 հազ.խմ ոռոգման ջուրը իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321,804.0 հազ. դրամ:

— էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից պահանջել և ստացել են 386,725.5 հազ. (երեք հարյուր ութսունվեց միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար, հինգ հարյուր) դրամ ավելի գումար:

— Խախտելով հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորուստի ծավալների ընդունելի մակարդակներից գերազանցել են 90,372.8 հազ. մ³-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 204,590.6 հազ. (երկու հարյուր չորս միլիոն հինգ հարյուր ինսուն հազար, վեց հարյուր) դրամ:

— Անարդյունավետ կառավարման արդյունքում ընդհանուր 1,145.0 հազ.կվտ էլ.էներգիայի ավել ծախս է կատարվել 44,105․4 (քառասունչորս միլիոն հարյուր հինգ հազար չորս հարյուր) հազ. դրամի չափով, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նույն գումարի չափով ավելի սուբսիդիայի գումար է ստացվել։ 

— Ընկերության մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր՝ 11,897.6 հազ. (տասնմեկ միլիոն ութ հարյուր ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի չափով։

— Ընկերության կողմից առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս է գրվել 55,242.1 հազ. (հիսունհինգ միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար, մեկ հարյուր) դրամ սկզբնական արժեք ունեցող թվով 36 հիմնական միջոցներ, որոնց դուրսգրումն իրականացվել է առանց շուկայական արժեքի գնահատման և դրանց վերաբերյալ չեն կազմվել հիմնական միջոցների շահագործումից հանման ակտեր։

— 2014 թվականի գույքի փոխանցման ակտի և 2017 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն` առկա է 5,097.6 հազ. (հինգ միլիոն ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի խողովակաշարի պակասուրդ և 407.2 հազ. (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր) դրամի խողովակաշարի ավելցուկ:

— ՀՀ կառավարության որոշմամբ դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Ընկերությանը տրամադրված գումարից չի ծախսվել 26,668.7 (քսանվեց միլիոն վեց հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) հազ. դրամ, որը ուսումնասիրություն իրականացնող խմբի պահանջով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:­

 — Ընկերության կողմից Ապարանի ջրամբարից բաց է թողնվել 5,204.9 հազ․խմ չհաշվառված ջուր, որը ինքնահոս եղանակով ոռոգման ջրի մատակարարման 1․01 դրամ սակագնով հաշվարկելիս կազմում է 5,256.9 (հինգ միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր) հազ․ դրամ։

— Ընկերությունն իր կարիքների համար խախտելով «Գնումների մասին» օրենքի, ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշումներով սահմանված պահանջները, կատարել է ապրանքների և ծառայությունների գնում:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։