ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

 ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

Ըստ այդմ, 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 192 մշտադիտարկում և 27 ուսումնասիրություն: Տվյալ պահին վերահսկողական գործողություններ են իրականացվում Արտաքին գործերի, Առողջապահության, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարություններում, մի շարք ԲՈՒՀ-երում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում և 10 խոշորագույն բժշկական հաստատություններում (հանդիպակաց), ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում, Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում և «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում (հանդիպակաց), «Էկենգ» և «Հայփոստ» ՓԲԸ-ներում,    մարզպետարաններից մեկում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Ծառայության կողմից  ուսումնասիրվում են նաև   ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաների տրամադրման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ արտադրական կանեփի լիցենզավորման գործընթացները։

Ծառայության ղեկավար կազմին են ներկայացվել Երևանի քաղաքապետարանում իրականացրած վերահսկողական աշխատանքներից մանրամասներ, մասնավորապես, ուսումնասիրության ընթացքում  հողամասերի ընդլայնման վերաբերյալ վերլուծվել են թվով 199 արխիվային փաստաթղթային փաթեթներ, ինչպես նաև ուսումնասիրության առարկա են դարձել թվով 6932 շինարարության թույլտվություններին առնչվող ցանկերը՝ կապված ժամկետների խախտումների հետ: Քաղաքաշինության ոլորտում վերլուծության են ենթարկվել թվով 11.468 քաղաքացիների դիմումներ, իսկ վարչական տուգանքների կիրառման հարցերի հետ կապված դիտարկվել են  թվով 999 շինարարության թույլտվությունների երկարացումների հիմքեր:

Երևանի քաղաքապետարանում արձանագրված խախտումները տարաբնույթ են։ Ուսումնասիրությամբ արձանագրված առերևույթ իրավախախտման փաստերը ուղարկվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Այն ստանալուց հետո  օրենքով սահմանված կարգով կամփոփվեն արդյունքները՝ Տեղեկանքի տեսքով և կզեկուցվի ՀՀ վարչապետին։ Հանրությանը արդյունքների վերաբերյալ կտրամադրվի ամփոփ տեղեկատվություն ։

2022թ. առաջին կիսամյակում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ թվով 19 տեղեկանքներ  փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական և ընթացք տալու համար։
Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների  արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են  նաև Կառավարության որոշումների, ինչպես նաև  վարչապետի որոշումների և հանձանարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ամփոփելով  նիստի աշխատանքները՝ Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը   շնորհակալություն է հայտնել Ծառայության բոլոր աշխատակիցներին՝ 2022 թվականի առաջին կիսամյակում նկատելի դրական ցուցանիշներ ապահովելու համար և ընդգծել, որ աշխատակիցները արել են առավելագույն հնարավորը՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված օրենքով սահմանված լիազորությունների իրացումն ապահովելու համար: Այդ ամենով հանդերձ Ծառայության ղեկավարը հանձնարարել է՝ միջոցներ ձեռնարկել 2022 թվականի ընթացքում նախատեսվող բոլոր վերահսկողական գործողությունները պատշաճ կերպով իրագործելու համար՝ հիմքում ունենալով Ծառայության գործունեության  արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Պետական վերահսկողական ծառայության Սոցիալական ոլորտի վերահսկողության եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերված խախտումներին տրվել է իրավական ընթացք. հարուցվել են թվով 6 քրեական գործեր

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։

 

 

 

 

 

Այսպես.

 

ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունում իրականացրած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման առանձին դեպքերով խախտումներ, որի արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների հարուցվել է քրեական գործ։

 

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Սվետլանա Հայրապետյան» ԱՁ-ի և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Գյումրու ԴՕՍԱԱՖ» ՍՊ ընկերության վերաբերյալ իրականացված մշտադիտարկումների արդյունքներով՝ «D» և «E» կարգերի վարորդական վկայականներ ստանալու համար անհրաժեշտ վարորդական դասընթացների ավարտական քննությունները կազմակերպելու գործընթացում հայտնաբերվել են էական խախտումներ։ Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից ՀՀ մարզպետարաններից մեկում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ քաղաքաշինական ոլորտի աշխատանքների հետ կապված հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից Երեւան քաղաքի Աբովյան փ. 40/7 հասցեում գտնվող 54.0քմ մակերեսով և Հալաբյան փ. 20/1 հասցեում գտնվող 462քմ մակերեսով հողամասերի օտարման դեպքերի առթիվ իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ նշված հողամասերն աճուրդով վաճառելու փոխարեն վաճառվել են ուղղակի վաճառքով։ Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 

Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է իրավական ընթացք։

ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության Նամակների, Դիմումների և Քաղաքացիների Ընդունելության վարչությունում ստացված հանրագրերի հիման վրա 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հարուցվել են թվով 5 քրեական գործեր

Քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականի առաջին կիսամյակում հարուցվել են թվով հինգ քրեական գործեր։

Քաղաքացի Ա․ Հ․-ի հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարն առանց հատուկ պայմանի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համաձայնության, միանձնյա կայացրել է որոշում՝ հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման նշանակությունից փոխել է ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ այն դարձնելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չմասնավորեցվող հողամաս և իրականացրել է հողամասերի վաճառք։ Ըստ էության գրություն է ուղարկվել դատախազություն, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

 

Քաղաքացի Ա․ Մ․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ իր կնոջ՝ Ա․ Մ․-ի, բժշկական կենտրոններից մեկում Covid-19 ախտորոշմամբ ստացիոնար բուժման ընթացքի և մահվան ելքով գրանցվելու վերաբերյալ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի գրություն է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

 

Քաղաքացի Հ․ Կ․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ առերևույթ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով։ Արդյունքում՝ Շիրակի մարզում հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանի պահպանման գոտու տարածքում առանց լիազոր մարմնի թույլտվության ապօրինի տաղավարի կառուցմամբ Շիրակի մարզի հանրապետական նշանակության հուշարձանին առերևույթ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ։ Հիշյալ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։

 

Քաղաքացի Վ․ Ա․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում (իր արտոնագիրը առանց իր համաձայնության օգտագործման վերաբերյալ) գրություն է ներկայացվել դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով, որի արդյունքում Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Քաղաքացի Գ․ Վ․-ի ներկայացրած հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

 

Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է ընթացք։