Պետական վերահսկողական ծառայության կողմից մշակվել և 2023 թվականի մարտին շրջանառության մեջ է դրվել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթը սահմանված կարգով ներկայացվել է նաև հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Առաջարկվող կարգավորումների հիմքում դրված է ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ֆինանսաբյուջետային հսկողության գործառույթը ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը փոխանցելու գործընթացը:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ հանրային ֆինանսների ոլորտում, այդ թվում՝ պետական գնումների իրականացման նկատմամբ, պետական կառավարման համակարգի մարմիններից միակ վերահսկող մարմինը հանդիսանալու է Պետական վերահսկողական ծառայությունը։
Գործող օրենքով նաև մի շարք կարգավորումներ գործնականում կիրառելիության տեսանկյունից խնդրահարույց են, իսկ որոշ հարցեր ընդհանրապես դուրս են մնացել օրենքի կարգավորումներից։ Մասնավորապես, գործող օրենքով՝
— հստակ բնորոշված չեն մի շարք վերահսկողական գործառույթներ, դրանց իրականացման շրջանակը,
— հստակեցված չեն ուսումնասիրության հանձնարարագրում փոփոխություններ կատարելու կարգավորումները,
-կարգավորված չեն նաև ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում դրա դադարեցման հետ կապված հարաբերությունները, -նախատեսված չեն բավարար կառուցակարգեր Ծառայության գործունեությանը խոչընդոտելու դեպքերում վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար և այլն։
Նախագծերի փաթեթի ընդունմամբ կլուծվեն գործող որոշ կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ՝
— կամրագրվեն մի շարք իրավական ակտերի, օրինակ՝ ուսումնասիրության, դիտարկման և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերի ընդունման իրավական հիմքերը,
— ընթացակարգային որոշ հարցեր կստանան օրենսդրական կարգավորում, օրինակ՝ Ծառայությանը կվերապահվի իրավասություն վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանցից պահանջելու ներկայանալ Ծառայություն՝ պարզաբանում տալու նպատակով, կկարգավորվեն տեղեկանքի նախագծի կարծիքի ներկայացման և լրամշակման հարցերը,
— նորմերի հստակեցման միջոցով կստեղծվի իրավական հնարավորություն Ծառայության կողմից կարգապահական վարույթների իրականացման համար,
— կնախատեսվի իրավական հնարավորություն Ծառայության գործունեությանը խոչընդոտելու դեպքում վարչական պատասխանատվության միջոցների կիրառման համար։
Այսպիսով, նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների՝ Ծառայության կողմից իրականացման միջոցով պետական միջոցների կառավարումը դարձնել առավել վերահսկելի, իսկ օրինականության և արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ:
Նախագծերը մշակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությամբ:
Նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։


