ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։

Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի №142-Լ հրամանով հաստատված՝ գնումների գործընթացներում ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքում 2024 թվականի ընթացքում Ծառայությունը դիտարկել է 13.680 գնման ընթացակարգ։ Համեմատության համար նշենք՝ մինչև գնումների ռիսկերի գնահատման գործիքակազմի ներդնումը, 2022 թվականին ամբողջ տարվա ընթացքում դիտարկվել է ընդամենը 3100 գնման ընթացակարգ, իսկ 2023 թվականին այդ թիվը կազմել է 3788, որոնցից 2990-ը դիտարկվել են միայն օգոստոսից հետո՝ ռիսկայնության չափորոշիչների ներդնման արդյունքում։ Տվյալների վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ծառայությունում նոր գործիքակազմերի ներդնումը զգալիորեն բարձրացրել է գնումների գործընթացների վերահսկողության արդյունավետությունը։

 Ծառայության կողմից դիտարկված 13.680 գնման ընթացակարգերից ռիսկերի գնահատման առաջնային կարգին են դասվել 4104 ընթացակարգ կամ հրապարակված բոլոր ընթացակարգերի շուրջ 30%-ը, որոնց նկատմամբ Ծառայությունն իրականացրել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու նպատակով առավել ռիսկային խմբին են դասվել 412 ընթացակարգ (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի շուրջ 10%-ը)։

Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել գնումների պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմիններին, պետական հիմնարկներին և որոշ ՏԻՄ-երի։

Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող՝ թվով 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին:

Հաշվետու ժամանակաշրջանում հայտարարված գնումների ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերում արձանագրվել է թվով 191 խտրականության դեպք, իսկ  110 դեպքով բացահայտվել են գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող (այսպես ասած՝ սև ցուցակում ներառված) և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության փաստեր, ևս 73 դեպքով արձանագրվել են գնումների գործընթացների օրենսդրական այլ կարգավորումների պահանջների խախտումներ: Իրականացված վերահսկողության արդյունքում` թվով 68 դեպքով Ծառայության կողմից պատվիրատուներին առաջարկվել է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառել գնումների գործընթացներն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ: Միաժամանակ, մասնագիտացված վարչության կողմից Ծառայություն մուտքագրված թվով 58 հանրագրերի ու ռիսկերի գնահատման նպատակով իրականացված վերլուծությունների արդյունքում նախաձեռնվել է 28 մշտադիտարկում և կազմվել 12 վերլուծական տեղեկանք:

2024 թվականի ընթացքում պատվիրատուների կողմից կազմակերպված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում ի հայտ են եկել գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսպես ասած՝ սև ցուցակում) ներառված անձանց հետ փոխկապակցված 27 գնման մասնակիցներ, որոնցից 24-ը պատվիրատուների պատճառաբանված որոշումների հիման վրա արդեն իսկ ներառվել են գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող  անձանց ցուցակում:

2024 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում` արդեն իսկ կնքված թվով 121 գնման պայմանագրերում (ավելի քան 2,264 մլրդ ՀՀ դրամ ընդանուր արժեքով) արձանագրվել են խախտումներ` պայմանավորված գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ: Ծառայության կողմից պատվիրատուներին տրամադրված տեղեկատվության հիման վրա վերոնշյալ պայմանագրերից 79-ի դեպքում (շուրջ 2,1 մլրդ ՀՀ դրամ արժեքով) լուծվել են ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման պայմանագրերը: Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականի ընթացքում ՊՎԾ կողմից հանրային գնումների ոլորտում արձանագրված առերևույթ խախտումները կազմել են ավելի քան 3,124 մլրդ ՀՀ դրամ:

Ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին, իսկ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Միաժամանակ, իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում պետական բյուջե և պետական հիմնարկների հաշիվներին է վերականգնվել շուրջ 50մլն ՀՀ դրամ՝ որպես գնումների գործընթացների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների հետևանքների վերացում և պատվիրատուների կողմից չհաշվարկված տույժեր ու տուգանքներ:

Վարչապետի հանձնարարությամբ՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024 թվականի ընթացքում հանրային գնումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին են ներկայացվել թվով 15 օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք բխել են ընթացիկ վերահսկողական գործընթացների արդյունքներից՝ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման նպատակով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊՎԾ-ն դատական հայց է ներկայացրել «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի և ՊՎԾ նախկին աշխատակցի դեմ՝ հրապարակված պնդումների հերքման և փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջով

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ  «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և ընդդեմ նախկին աշխատակցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով: Հայցի փաստական հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է նյութ՝ «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում: Տվյալ նյութի շրջանակներում, ՊՎԾ նախկին աշխատակիցն էլ «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ իբրև օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել: Համապատասխան քրեական վարույթի ժամանակ էլ իբրև հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու «փաստը»:

Այնուհանդերձ, Ծառայությունը փաստերով նշում է, որ հրապարակման մեջ նշված մի շարք հանգամանքներ իրականության հետ որևէ աղերս չունեն: Ավելին՝ դրանք քննության առարկա են հանդիսացել Ծառայությունում իրականացված ծառայողական քննության, իսկ հետագայում՝ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, և այդ պնդումները չեն հաստատվել տրված վերջնական իրավական գնահատականների շրջանակներում:

Այսպիսով, ակնհայտ է, որ «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում 25.12.2024 թվականին տեղադրված հոդվածն իր բնույթով զրպարտություն է: Նման բովանդակությամբ նյութի հրապարակումը չի հետապնդում իրավաչափ նպատակ՝ հասարակությանը տրամադրելու անաչառ տեղեկատվություն, այլ նպատակ է հետապնդում բացառապես արատավորելու պետական մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության բարի համբավը:

Հաշվի առնելով, որ պատասխանողները զրպարտության միջոցով արատավորել են Ծառայության բարի համբավը, նկատի ունենալով, որ հետագայում նմանատիպ երևույթները նշված անձանց կողմից կարող են կանխվել նաև ֆինանսական պատասխանատվության միջոցների կիրառմամբ, և հիմք ընդունելով օրենսդրական վերը նշված կարգավորումները՝ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ պարտավորեցնելու լրատվամիջոցին և նախկին աշխատակցին հերքում տարածել վերը նշված հոդվածում հրապարակված պնդումների վերաբերյալ և վճարել փոխհատուցում:

Պետական վերահսկողական ծառայությունը հավատարիմ է իր առաքելությանը՝ անկախ իր բարի համբավն արատավորելու անհաջող փորձերից, անհիմն մեղադրանքներից և անհարկի թիրախավորումներից, ինչի վառ ապացույցն են նաև վերջին տարիներին Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքներով մի քանի միլիարդ դրամ ՀՀ պետական բյուջե վերականգնելու, մի քանի տասնյակ օրենսդրական  նախաձեռնություններ հարուցելու, ինչպես նաև մի քանի հազար ՀՀ քաղաքացիների կողմից հասցեագրված հանրագրերի և դիմում-բողոքների ընթացքն արդյունավետորեն լուծելու փաստերը:

Պետական վերահսկողական ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չհիմնավորված, մտացածին պնդումներից՝ անհարկի շահարկելով Ծառայության անունը և լրատվական գործունեության ընթացքում պահպանել հանրային իրազեկման օբյեկտիվությունն ու անաչառությունը:

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի գործունեության արդյունքները: 2024 թվականի ընթացքում Ծառայությունը իրականացրել է 27 ուսումնասիրություն և159 մշտադիտարկում. վերականգնվել է շուրջ 922 մլն դրամ