Ազգային Ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրեց ս/թ. ապրիլի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունված ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որը մինչ այդ արժանացել էր Կառավարության, ապա նաև՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Ծառայության ղեկավարն իր խոսքում ընդգծեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքի շուրջ 7 տարիների կիրարկման ընթացքում ի հայտ եկած բազմաբնույթ գործառնական և ընթացակարգային խնդիրների վերացման և վերահսկողական գործիքակազմերի հստակեցման անհրաժեշտությամբ, ինչպես նաև՝ ՊՎԾ-ին վերապահված վերահսկողական լիազորություններն առավել արդյունավետ և համակարգված իրացնելու հրամայականով:

Նախագծերի փաթեթը հիմնականում առնչվում է ներքոհիշյալ մի քանի առանցքային փոփոխություններին.

  1. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը Նախագծով փոխանցվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը. արդյունքում այդ լիազորությունն այսուհետ վերապահվելու է ՊՎԾ-ին: Ծառայության կազմում այդ նպատակով ձևավորվելու է մասնագիտացված նոր ստորաբաժանում, որը կկոչվի «Ֆինանսաբյուջետային հսկողության վարչություն»:
  2. Նախագծով առավել հստակեցվել են Ծառայությանը վերապահված երկու հիմնական վերահսկողական լիազորությունների՝ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը: Մասնավորապես՝ գործող Օրենքով մշտադիտարկումն ուսումնասիրության հետ փոխկապակցված միջանկյալ ինստիտուտ է, իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այն կսահմանվի որպես առանձին վերահսկողական լիազորություն: Նախագծով հստակ տրված են վերահսկողության իրականացման՝ այս երկու գործիքակազմերի հստակ տարանջատումները, հասկացություններն ու բնորոշումները, ինչպես նաև Նախագծով սահմանվել են Ծառայության ընդհանուր իրավասությունները:
  3. Նախագծով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները: Հետայսու ևս Ծառայության համար վերահսկողության օբյեկտ են շարունակելու հանդիսանալ պետական կառավարման համակարգի մարմինները և դրանց ենթակա հիմնարկները, իսկ Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված ինքնավար պետական այլ մարմիններն այլևս վերահսկողության օբյեկտ չեն հանդիսանալու: Նախագծով որպես վերահսկվող օբյեկտ են նախատեսվել նաև Վարչապետի աշխատակազմը (բացառապես պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով), ինչպես նաև ՀՀ մարզպետների աշխատակազմերը՝ պետական միջոցների կառավարման թե՛ արդյունավետության, և թե՛ օրինականության վերահսկողության առումով: Հատկանշական է, որ սույն Նախագծով Ծառայության վերահսկողության օբյեկտ են դարձել նաև Տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցների կառավարման՝ բացառապես օրինականության վերահսկողության նպատակով:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն իր ելույթում հատկապես կարեւորեց Ծառայության կողմից Տեղական ինքնակառավարման մարմիններում հետայսու վերահսկողություն իրականացնելու դրույթը։ Նա նշեց, որ թե՛ լիագումար նիստում, թե՛ գլխադասային հանձնաժողովներում քննարկումների ընթացքում հնչեցված հիմնական հարցադրումներից մեկն առնչվում էր համայնքների տրամադրվող դոտացիաների՝ ՊՎԾ վերահսկողությունից դուրս բերելու նպատակահարմարությանը՝ ի տարբերություն համայնքներին տրամադրվող պետական այլ միջոցների՝ սուբվենցիաների և սուբսիդիաների։ Ըստ զեկուցողի՝ նախագծում ներկայացված ձևակերպումներն ու սահմանումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ այս կարգավորումները չեն խաթարում ՏԻՄ-երի ինքնավարությունն ու անկախությունը։ Համայնքները շարունակելու են լիարժեք կերպով իրականացնել իրենց քաղաքական առաջնահերթությունների իրացումը, ինչպես նաև ֆինանսական միջոցների պլանավորումը և ծախսումը՝ համայնքի ղեկավարի և ավագանու հայեցողությամբ։

Օրենսդրական կարգավորումն ունի հստակ, իրավաչափ նպատակ․ այն է՝ պետության կողմից ՏԻՄ-երին հատկացվող բոլոր ֆինանսական միջոցների կառավարման օրինականության ապահովում։ Սա միտված է՝ կանխարգելել այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են լատենտ կոռուպցիոն երևույթները, խտրականությունը հանրային գնումներում և ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսումները, որոնք վնասում են համայնքների ու պետության շահերին։ Ինչ վերաբերվում է տրամադրված ֆինանսական միջոցների շարժերի վերահսկողությանը, ապա այն գործնականում իրականացվելու է՝ հաշվի առնելով դրանց ծավալի մեծությունը և ֆինանսական հոսքերի՝ գանձապետական և բանկային հաշիվներից գործառնությունների հետագծելիությունը:

Հատկանշական է նաև, որ թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Տեղական ինքնակառավարման եվրոպական Խարտիայի համաձայն և թե՛ ՏԻՄ մասին գործող ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են գործադիր իշխանության լիազոր մարմնի որոշակի հսկողական գործառույթներ ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ, ինչի վերաբերյալ մանրամասն անդրադարձ է կատարվել ԱԺ նախորդ նիստում՝ առաջին ընթերցման ընթացքում: Ըստ այդմ՝ ՊՎԾ կողմից սահմանվող վերահսկողության գործառույթը ՏԻՄ-երում ուղղակիորեն փոխկապակցված է լիազոր մարմնի կողմից (այն է՝ ՏԿԵ նախարարությունը) Տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության գործառույթի հետ, ուստի այն աներկբայորեն ունի Սահմանադրական հիմք և որևէ կերպ չի հակասում Եվրոպական խարտիայի դրույթներին: Տվյալ դեպքում գործադիր իշխանությանը տրված է ՏԻՄ-երում հսկողություն իրականացնելու հստակ գործառույթ, որի հիման վրա էլ նախատեսվում է իրականացնել նաև պետական վերահսկողություն:  

Ծառայության ղեկավարը վստահություն հայտնեց, որ նախագծերի փաթեթի ընդունումը էականորեն կլավարկի այս ոլորտի իրավակարգավորումները, կնպաստի հանրային միջոցների պաշտպանվածությանն ու տրամադրվող պետական միջոցներից կատարվող ծախսերի արդյունավետության բարձրացմանը՝ ի շահ հանրության և մեր պետության։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստում ներառելու հարցը

Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

Իր խոսքում Ծառայության ղեկավարն անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնց լուծմանն է միտված ներկայացվող օրինագծերի փոփոխությունների փաթեթի մշակումը՝ դրանց թվում շեշտադրվելով մի քանի էական փոփոխություններ:

ՊՎԾ մասին Օրենքում և կից օրենքներում փոփոխությունները նպատակ ունեն վերացնել գործող Օրենքի՝ շուրջ յոթ տարվա գործողության ընթացքում ի հայտ եկած ընթացակարգային և գործառնական խնդիրները, հստակեցնել Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերը և բարձրացնել Ծառայության գործունեության արդյունավետությունը։

Առանցքային փոփոխություններից է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության լիազորության փոխանցումը ՊՎԾ-ին:

Այդ գործառույթն օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կիրականացվի հատուկ այդ նպատակով Ծառայության կազմում ստեղծվող առանձին մասնագիտացված վերահսկողական ստորաբաժանման՝ «Ֆինանսաբյուջետային հսկողության վարչության» կողմից: Ըստ այդմ՝ Ծառայության գործող հաստիքացուցակում նախատեսվում է մի քանի տասնյակ նոր հաստիքների ավելացում:

Նախագծով հստակեցվել են նաև ՊՎԾ կողմից իրականացվող՝ պետական վերահսկողության (ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ) իրականացման գործընթացները՝ սահմանելով դրանք որպես առանձին վերահսկողական լիազորություններ (ինստիտուտներ)։

Ծառայության վերահսկողական լիազորությունների շրջանակից դուրս են բերվել պետական կառավարման համակարգի մաս չհանդիսացող՝ Սահմանադրությամբ և օրենքներով ձևավորված ինքնավար մարմինները, իսկ պետական միջոցների կառավարման՝ բացառապես օրինականության վերահսկողության մասով Ծառայության վերահսկողության տիրույթ է բերվել Վարչապետի աշխատակազմը: Մարզպետների աշխատակազմերը ևս սահմանվել են որպես ՊՎԾ վերահսկողության օբյեկտներ՝ թե՛ արդունավետության, և թե՛ օրինականության վերահսկողության տիրույթում:

Տեղական ինքնակառավարման մարմիններում ևս Օրենքի փոփոխության արդյունքում Պետական վերահսկողական ծառայությունը կունենա վերջիններիս պետական բյուջեից տրամադրվող պետական միջոցների կառավարման օրինականության և այդ միջոցների տրամադրման համար ելակետային տվյալների արժանահատավության վերահսկողության լիազորություն, ինչպես նաև ՏԻՄ-երում և նրանց ենթակա հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացների համապատասխանությունը ՀՀ-ում գործող իրավակարգավորումներին ևս կվերահսկվի ՊՎԾ կողմից:

Նախագծով նաև նախատեսվել են օրենսդրական երաշխիքներ՝ ՊՎԾ գործունեությանը խոչընդոտելու պարագայում վարչական պատասխանատվություն սահմանելու, ինչպես նաև Ծառայության վերահսկողական լիազորություններն իրացնելու ընթացքում գաղտնի տվյալների ստացման և մշակման ընթացակարգի կարգավորման համար։

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը հանձնաժողովի կողմից դրական եզրակացությամբ կներկայացվի երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում ներառելու համար:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ