Պետական վերահսկողական ծառայության Սոցիալական ոլորտի վերահսկողության եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերված խախտումներին տրվել է իրավական ընթացք. հարուցվել են թվով 6 քրեական գործեր

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։

 

 

 

 

 

Այսպես.

 

ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունում իրականացրած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման առանձին դեպքերով խախտումներ, որի արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների հարուցվել է քրեական գործ։

 

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Սվետլանա Հայրապետյան» ԱՁ-ի և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Գյումրու ԴՕՍԱԱՖ» ՍՊ ընկերության վերաբերյալ իրականացված մշտադիտարկումների արդյունքներով՝ «D» և «E» կարգերի վարորդական վկայականներ ստանալու համար անհրաժեշտ վարորդական դասընթացների ավարտական քննությունները կազմակերպելու գործընթացում հայտնաբերվել են էական խախտումներ։ Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից ՀՀ մարզպետարաններից մեկում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ քաղաքաշինական ոլորտի աշխատանքների հետ կապված հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից Երեւան քաղաքի Աբովյան փ. 40/7 հասցեում գտնվող 54.0քմ մակերեսով և Հալաբյան փ. 20/1 հասցեում գտնվող 462քմ մակերեսով հողամասերի օտարման դեպքերի առթիվ իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ նշված հողամասերն աճուրդով վաճառելու փոխարեն վաճառվել են ուղղակի վաճառքով։ Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 

Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է իրավական ընթացք։

ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության Նամակների, Դիմումների և Քաղաքացիների Ընդունելության վարչությունում ստացված հանրագրերի հիման վրա 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հարուցվել են թվով 5 քրեական գործեր

Քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականի առաջին կիսամյակում հարուցվել են թվով հինգ քրեական գործեր։

Քաղաքացի Ա․ Հ․-ի հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարն առանց հատուկ պայմանի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համաձայնության, միանձնյա կայացրել է որոշում՝ հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման նշանակությունից փոխել է ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ այն դարձնելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չմասնավորեցվող հողամաս և իրականացրել է հողամասերի վաճառք։ Ըստ էության գրություն է ուղարկվել դատախազություն, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

 

Քաղաքացի Ա․ Մ․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ իր կնոջ՝ Ա․ Մ․-ի, բժշկական կենտրոններից մեկում Covid-19 ախտորոշմամբ ստացիոնար բուժման ընթացքի և մահվան ելքով գրանցվելու վերաբերյալ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի գրություն է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

 

Քաղաքացի Հ․ Կ․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ առերևույթ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով։ Արդյունքում՝ Շիրակի մարզում հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանի պահպանման գոտու տարածքում առանց լիազոր մարմնի թույլտվության ապօրինի տաղավարի կառուցմամբ Շիրակի մարզի հանրապետական նշանակության հուշարձանին առերևույթ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ։ Հիշյալ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։

 

Քաղաքացի Վ․ Ա․-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում (իր արտոնագիրը առանց իր համաձայնության օգտագործման վերաբերյալ) գրություն է ներկայացվել դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով, որի արդյունքում Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Քաղաքացի Գ․ Վ․-ի ներկայացրած հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

 

Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է ընթացք։

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների՝ ընթացիկ մշտադիտարկումների արդյունքում  հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից մի քանի դեպքերով համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր: Այսպես.

 

 

 

 

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա և 2011թ. հուլիսի 29-ի N 3840-Ա որոշումներով Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող 51.6 քառ․ մետր մակերեսով կառույցը (25.6 քառ․ մետր մակերեսով շինություն, 26 քառ․ մետր մակերեսով ծածկոց) և նրա համար առանձնացված 1997.28 քառ․ մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով՝ 387.150 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Մ.-ին:

Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշմամբ սահմանված 30-օրյա ժամկետում վճարումը չկատարելուց հետո՝ նույն որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկած 60 օր անց, ՀՀ կառավարության որոշման անմիջական կարգավորմամբ արդեն իսկ ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման մեջ՝ 8 ամիս անց Երևանի քաղաքապետը 2011թ. հուլիսի 29-ին N 3840-Ա որոշմամբ կատարել է փոփոխություն, որով սահմանվել է՝ վճարման նոր 30-օրյա ժամկետ, որը Լ.Մ.-ի կողմից նույնպես խախտվել է՝ վճարումը կատարելով փոփոխության կատարման պահից 78-րդ օրը։

Երևանի նախկին քաղաքապետի 2011թ. հոկտեմբերի 28-ի N 5168-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդականին վերապահվել է ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման հիման վրա՝ հողամասի գնորդի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու լիազորություններ։

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 2011թ. դեկտեմբերի 27-ին անշարժ գույքի նկատմամբ Լ.Մ.-ի սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման ու տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, այնինչ իրավահավաստող փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով պետական գրանցման վարույթը պետք է դադարեցվեր։

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. նոյեմբերի 10-ի թիվ 4009-Ա որոշմամբ քաղաքացի Ա.Ս.-ին ուղղակի վաճառքով առանց կառուցապատման իրավունքի 7.611.912 ՀՀ դրամով օտարվել է կառուցապատման առաջին գծում՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 20/1 հասցեում գտնվող 462քմ մակերեսով հողամաս, մինչդեռ հողամասն օտարելիս ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիմքն առկա չի եղել, այսինքն՝ հողամասը պետք է վաճառվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով:

Պարզվել է նաև, որ օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 16.500 դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ կառուցապատման երկրորդ  գծում գտնվող մեկ այլ՝ 237.99քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.4 հազ. դրամով, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել արժեքով:

Հարկ է նշել, որ  առանց կառուցապատման իրավունքի՝ օրենսդրության պահանջների խախտումով օտարված վերը նշված հողամասի վրա հետագայում իրականացվել է շինարարություն և ներկայումս գործում է սրճարան, նախաճաշի և ուշ նախաճաշի համար նախատեսված ռեստորան:

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. հունվարի 22-ի թիվ 145-Ա որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող 54.0քմ մակերեսով հողամասը, գտնվելով բազմաբնակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման բակային հատվածում և հանդիսանալով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանափակումների տակ ընկնող հողամաս, ուղղակի վաճառքով՝ 2.106.000 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Ե.-ին:

Պարզվել է նաև, որ քաղաքային իշխանության կողմից ոչ միայն անտեսվել է հողամասի ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվելու հանագամանքն, այլ բացակայել են նաև հողամասն ուղղակի վաճառքով օտարելու ՀՀ կառավարության որոշման հիմքերը:

Հարկ է նշել, որ ուղղակի վաճառքով օտարված հիշյալ հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 39.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մեկ այլ հողամաս նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 230.700 ՀՀ դրամով, այսինքն՝ շուրջ 5.9 անգամ ավել արժեքով:

Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

 

 

 

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի զեկույցը

 

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի զեկույցը 2021թ.-ի ՀՀ պետբյուջեի կատարողականի վերաբերյալ՝ ԱԺ պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։