ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հարցազրույցը Ծառայության գործառույթների եւ ընթացիկ գործունեության վերաբերյալ

Պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողություն է իրականացնում 50-ից ավելի պետական ու համայնքային մարմիններում։

Վերահսկողների տիրույթում է նաև Երևանի քաղաքապետարանը։ Այս կառույցում հայտնաբերված չարաշահումները կամփոփվեն ընթացիկ ամսվա վերջում։Բայց մի շարք փաստերով հաղորդումներ արդեն փոխանցվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։

Պետական ու համայնքային 50 մարմիններում բացահայտված չարաշահումների դեպքերի կանխման արդյունքում հնարավոր է եղել խնայել կամ բյուջե վերականգնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ։

 

 

Իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում ստացել է տեղեկատվություն առ այն, որ «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55.000-ից 75.000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5.000 ՀՀ դրամ գումարը մուտքագրվել են դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ, իսկ անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարները բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել են համապատասխան վերասկողական գործառույթներ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերոգրյալ վճարները «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի դրամարկղ չմուտքագրելու պարագայում ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով: Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ շահութահարկի գումար:

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձ­նարարագրով վերահսկողություն է իրականացվել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ 2018 թվականից մինչև 2022 թվականը ընկած ժամանակահատվածում կնքված բժշկական պայմանագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների կատարման նկատմամբ:

Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ «պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց: Արդյունքում՝ 13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում թվով 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ,  որի դիմաց ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսավորում՝ 17 595 320 ՀՀ դրամ չափով:

 

Միաժամանակ, ուսումնասիրվել են ՀՀ քաղաքացիներին ՓԲԸ-ի կողմից 2019-2021թթ.-ին մատուցված 22 612 վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմությունները, որի արդյունքում հայտնաբերվել են թվով 724 անհամապատասխանություն: Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկները ՓԲԸ-ի կողմից կրկնակի անգամ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ և ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 5 672 430 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում՝ ներկայացված ոչ հավաստի տեղեկատվությամբ և արդեն իսկ վճարված կանչերի վերաբերյալ փաստաթղթերի «Արմեդ» համակարգ մուտքագրմամբ՝ ՓԲԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությունից թվով 2005 դեպքով պահանջվել և ստացվել են ֆինանսական միջոցներ՝  23 267 750 ՀՀ դրամ ընդհանուր չափով:

Իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին:

 

Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող  199.63 ք/մ մակերեսով հողամասը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ․Ն․-ին՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 220.56 ք/մ մակերեսով հողամասը՝ 3.633.946 դրամ արժեքով: Նշված գործարքների կապակցությամբ դրական եզրակացություններ են տվել քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերը:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված տեղատեսության և քաղաքապետարանում պահպանվող փաստաթղթերի ու քարտեզագրական նյութերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողամասերի դեպքում ուղղակի վաճառքի հիմքեր առկա չեն եղել, դրանք գտնվում են փողոցներին հարակից կառուցապատման առաջին գծում՝ փողոցներին անմիջապես հարող հատվածներում, ըստ էության հանդիսանում են առանձին գույքային միավոր և ենթակա էին օտարման հրապարակային սակարկությունների՝ աճուրդի եղանակով:

 

ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է նաև  տեղեկատվություն` 2018թ. ընթացքում վերը նշված հասցեների հարակից տարածքներում հողամասերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ: Վերլուծությամբ պարզվել է, որ Ուլնեցու փողոցում 2018թ. փետրվար և ապրիլ ամիսներին հողամասերի վաճառքի միջին գինը մեկ մետր քառակուսու համար կազմել է մոտ 56.300 դրամ, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի արժեքը հաշվարկվել է մոտ 16.500 դրամ, այսինքն շուրջ 3.4 անգամ պակաս: Դավիթ Անհաղթի փողոցի հիշյալ հողամասին հարակից և կառուցապատման առաջին գոտի չհանդիսացող հողամասը 2018թ. նոյեմբերին վաճառվել է մեկ մետր քառակուսին 145.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով հողամասն օտարվել է 16.500 դրամով՝ մոտ 8.8 անգամ պակաս արժեքով:

 

Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար ։