Մշտադիտարկվել են թվով 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։ 2022 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր՝ մշտադիտարկվել են թվով 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Համապատասխան շտկումներ իրականացնելու նպատակով արձանագրված բոլոր դեպքերով առաջարկություններ են ներկայացվել ոլորտային պատասխանատու մարմինների ղեկավարներին: Իրականացված կանխարգելիչ գործառույթի իրացման արդյունքում նշված ընթացակարգի հրավերներում կատարվել են առաջարկվող փոփոխությունները՝ դրանք համապատասխանեցվել են գնումների օրենսդրության պահանջներին:

 

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնումների գործընթացը հիմնվում է պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման սկզբունքների վրա», իսկ 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնման առարկայի բնութագրերը` պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար, պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը»:

 

Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման 22-րդ կետով սահմանված է նաև՝ «Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ և արտադրողներ…»:

 

Զուգահեռ իրականացվել է նաև 2021-2022թթ. ընթացքում հանրային գնումների մշտադիտարկում հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների կողմից կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմինների տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը:

 

Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայությանը կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։

Մշտադիտարկվել են պետական մարմինների կողմից ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացները

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացվել է մշտադիտարկում՝ ավտոմեքենաների ձեռքբերման գնման գործընթացներում խտրական չափորոշիչների բացահայտման և հետագայում կանխարգելման նպատակով, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման հավելվածով սահմանված հաշվարկային չափորոշիչներով, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի 938-Ա հրամանի հավելվածով սահմանված գնային կարգավորումներով, ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝

 

ՀՀ կառավարության որոշմամբ կամ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով (որպես ոլորտը կարգավորող լիազոր մարմին), սահմանել ըստ առանձին խմբերի հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ծառայողական ավտոմեքենաների ձեռք բերման օրինակելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով խտրական գնումների ընթացակարգերի իրականացումը:

 

Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը վերանայել Որոշմամբ սահմանված իրավակարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման ընդունման ժամանակահատվածում չեն գործել ՀՀ վարչապետի ենթակա մարմինները:

 

Հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարությանը վերանայել Հրամանով սահմանված գնային կարգավորումները՝ այն համապատասխանեցնելով շուկայական գործող գներին:

 

Միաժամանակ, Ծառայության կողմից մշտադիտարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ՝ բարձրարժեք տրանսպորտային միջոցների գնման գործընթացները: Արդյունքում՝ ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումների իրավական կանոնակարգման ուղղությամբ՝ սահմանելով տեղական ինքնակառավարման մարմինների կարիքների համար ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաների չափորոշիչները և դրանց առավելագույն արժեքները:

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 14:30ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության Մաշտոցի պող. 47 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023-2025թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ:

Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին մինչև ս.թ. ապրիլի 4ը ներառյալ, astghik.mkrtchyan@supervision.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ https://www.supervision.am/medium_term_expenses/#  հղմամբ:

ՁԵՎԱՉԱՓ