Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:

 

Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին,  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները.

 

  • պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով,
  • ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու,
  • թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել,
  • փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով,
  • հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն :

 

Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

 

Պետք է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:

 

Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումների շրջանակներում վերահսկողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքների մասին հետագայում կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։

 

Ծառայության կողմից 2022 թվականի 1-ին կիսամյակում մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Համապատասխան մարմինների պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող առաջարկություններ, որոնց արդյունքում 84 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն:

 

Զուգահեռ իրականացվել է նաև մշտադիտարկում՝ հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմիններին տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը: Մասնավորապես, 7 դեպքով՝ գնումների գործընթացներին իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով՝ 2 դեպքով լուծվել են արդյունքում կնքված պայմանագրերը, իսկ 5 դեպքով պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

 

2022 թվականի 1-ին կիսամյակում իրականացված վերահսկողական գործընթացների արդյունքում թվով 13 տեղեկանք ներկայացվել է ՀՀ վարչապետին, արդյունքում 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, 1-ի մասով ՀՀ վարչապետի կողմից տրվել են հինգ պետական մարմնի ղեկավարների՝ ծառայողական քննություններ նախաձեռնելու հանձնարարականներ, 3-ի մասով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լիազոր մարմինների կողմից նախաձեռնվել է ոլորտը բարելավելու օրենսդրական փոփոխություններ:

 

ՀՀ ոստիկանություն է ուղարկվել պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունների այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք, որի արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից, որպես ոլորտի լիազոր մարմին, կասեցվել են թվով 3 պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին տրված հատուկ թույլտվությունները (լիցենզիա), իսկ թվով 3-ի մասով հայտ է ներկայացվել դատարան:

 

Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայության կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

 ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

Ըստ այդմ, 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 192 մշտադիտարկում և 27 ուսումնասիրություն: Տվյալ պահին վերահսկողական գործողություններ են իրականացվում Արտաքին գործերի, Առողջապահության, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարություններում, մի շարք ԲՈՒՀ-երում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում և 10 խոշորագույն բժշկական հաստատություններում (հանդիպակաց), ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում, Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում և «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում (հանդիպակաց), «Էկենգ» և «Հայփոստ» ՓԲԸ-ներում,    մարզպետարաններից մեկում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Ծառայության կողմից  ուսումնասիրվում են նաև   ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաների տրամադրման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ արտադրական կանեփի լիցենզավորման գործընթացները։

Ծառայության ղեկավար կազմին են ներկայացվել Երևանի քաղաքապետարանում իրականացրած վերահսկողական աշխատանքներից մանրամասներ, մասնավորապես, ուսումնասիրության ընթացքում  հողամասերի ընդլայնման վերաբերյալ վերլուծվել են թվով 199 արխիվային փաստաթղթային փաթեթներ, ինչպես նաև ուսումնասիրության առարկա են դարձել թվով 6932 շինարարության թույլտվություններին առնչվող ցանկերը՝ կապված ժամկետների խախտումների հետ: Քաղաքաշինության ոլորտում վերլուծության են ենթարկվել թվով 11.468 քաղաքացիների դիմումներ, իսկ վարչական տուգանքների կիրառման հարցերի հետ կապված դիտարկվել են  թվով 999 շինարարության թույլտվությունների երկարացումների հիմքեր:

Երևանի քաղաքապետարանում արձանագրված խախտումները տարաբնույթ են։ Ուսումնասիրությամբ արձանագրված առերևույթ իրավախախտման փաստերը ուղարկվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Այն ստանալուց հետո  օրենքով սահմանված կարգով կամփոփվեն արդյունքները՝ Տեղեկանքի տեսքով և կզեկուցվի ՀՀ վարչապետին։ Հանրությանը արդյունքների վերաբերյալ կտրամադրվի ամփոփ տեղեկատվություն ։

2022թ. առաջին կիսամյակում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ թվով 19 տեղեկանքներ  փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական և ընթացք տալու համար։
Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների  արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են  նաև Կառավարության որոշումների, ինչպես նաև  վարչապետի որոշումների և հանձանարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ամփոփելով  նիստի աշխատանքները՝ Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը   շնորհակալություն է հայտնել Ծառայության բոլոր աշխատակիցներին՝ 2022 թվականի առաջին կիսամյակում նկատելի դրական ցուցանիշներ ապահովելու համար և ընդգծել, որ աշխատակիցները արել են առավելագույն հնարավորը՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված օրենքով սահմանված լիազորությունների իրացումն ապահովելու համար: Այդ ամենով հանդերձ Ծառայության ղեկավարը հանձնարարել է՝ միջոցներ ձեռնարկել 2022 թվականի ընթացքում նախատեսվող բոլոր վերահսկողական գործողությունները պատշաճ կերպով իրագործելու համար՝ հիմքում ունենալով Ծառայության գործունեության  արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։