
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱԺ լիագումար նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն իր ելույթի սկզբում նշել է, որ Կառավարության նիստում հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործող օրենքի գործողության՝ շուրջ 7 տարիների ընթացքում ի հայտ եկած բազմաբնույթ ընթացակարգային և գործառնական խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման, ինչպես նաև Ծառայությանը վերապահված վերահսկողական լիազորություններն առավել արդյունավետ և համակարգված իրացնելու անհրաժեշտությամբ: Հատկանշական է, որ գործող օրենքում՝ այն ուժի մեջ մտնելուց ի վեր (09.04.2018թ.), որևէ փոփոխություն չի իրականացվել և ակնհայտորեն անհրաժեշտություն կար պետական կառավարման համակարգում առկա՝ նոր մոտեցումների և իրողությունների հետ Օրենքի համապատասխանեցման: ՊՎԾ ղեկավարը նշել է, որ նախագծի մշակման գործընթացը մեկ փուլով չի ավարտվել: Այն քննարկվել է տարբեր շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների հետ, քննարկումների արդյունքում մի քանի փուլով լավարկվել է և վերջնարդյունքում ներկայացվել Ազգային Ժողովին:
Ելույթի ընթացքում ՊՎԾ ղեկավարը մանրամասն անդրադարձել է նախագծի առանցքային փոփոխություններին: Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված՝ տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը (հանրությանը հայտնի օտարածին «КРУ» հապավումով. контрольно-ревизионное управление), լուծարվելու է նախարարության կազմից և այդ լիազորությունը վերապահվելու է Պետական վերահսկողական ծառայությանը: Այդպիսով, օրենքի ընդունումից անմիջապես հետո, նշված գործառույթը կիրականացվի Ծառայության կազմում հատուկ այդ նպատակով ձևավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանման՝ «Ֆինանսաբյուջետային հսկողության վարչության» կողմից: Ծառայության ղեկավարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ առավել արդյունավետ կդառնա պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործընթացը, քանի որ այն համահունչ կլինի Ծառայության կողմից տվյալ գործառույթի արդյունավետ իրականացմանն ուղղված մյուս վերահսկողական գործիքակազմերի կիրարկման հետ՝ Ծառայության շուրջ մեկ տասնյակ մասնագիտացված ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում:
Նախագծով նախատեսված հաջորդ առանցքային փոփոխությունը կայանում է նրանում, որ գործող Օրենքով հստակ բնորոշված և միմյանցից տարանջատված չեն Ծառայությանը վերապահված վերահսկողական գործառույթները, դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար անհրաժեշտ կոնկրետ իրավասությունները,- նշել է ՊՎԾ ղեկավարը և հավելել՝ բացի այդ՝ գործող Օրենքում առկա են ընդհանուր ձևակերպումներ, որոնք գործնականում տարընթերցումների կամ լայն մեկնաբանությունների տեղիք են տալիս (օրինակ. Մշտադիտարկման ինստիտուտը՝ որպես ընդհանրական վերահսկողական լիազորություն): Նախագծով առավել հստակեցված են Ծառայության լիազորությունների իրացմամբ վերահսկողական երկու հիմնական գործիքակազմերի՝ Ուսումնասիրությունների և Մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը: ՊՎԾ ղեկավարն իր ելույթում ընգծել է, որ ներկայումս մշտադիտարկումն ուսումնասիրության հետ փոխկապակցված միջանկյալ ինստիտուտ է, որի վերաբերյալ գործող Օրենքում առկա չէ՝ դրա իրականացման ընթացակարգի անհրաժեշտ կարգավորումը: Նախագծում այդ լիազորությունն արդեն իսկ սահմանված է որպես առանձին վերահսկողական գործիք: Նախագծով տրվել են նաև վերահսկողության ձևերի հստակ տարանջատումները, սահմանվել են այդ հասկացություններն ու բնորոշումները, ինչպես նաև առավել հստակեցվել են Ծառայությանը վերապահված ընդհանուր իրավասությունները: Արդյունքում Ծառայության գործունեության բնականոն և արդյունավետ ընթացքն ապահովելու համար կգօրծեն Ուսումնասիրությունների և Մշտադիտարկումների իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը՝ յուրաքանչյուրն իր հստակ իրավական գործիքակազմերով:
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն իր ելույթում ընգծել է՝ հատկանշանական փոփոխություն էնախատեսվում վերահսկվող օբյեկտների շրջանակներին վերաբերող հստակեցումներում և կարգավորումներում. Ըստ այդմ՝
Պետական վերահսկողական ծառայության մասին գործող Օրենքով՝ Ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում և օրենքով սահմանված կարգով՝ իր լիազորությունների շրջանակներում, Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է Ուսումնասիրություններ՝ բացառապես պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Նոր նախագծով այդ մարմինները դուրս են բերվել ՊՎԾ վերահսկողական լիազորությունների շրջանակներից և Ծառայության կողմից ինքնավար մարմիններում որևէ վերահսկողական գործառույթ չի նախատեսվում: Այսպիսով՝ Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերի ամբողջական ծավալը վերաբերվելու է միայն պետական կառավարման համակարգի մարմիններին:
Ի թիվս այդ մարմինների, որպես վերահսկվող օբյեկտ է նախատեսվել նաև Վարչապետի աշխատակազմը՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով: Մարզպետերի աշխատակազմերը նույնպես նախատեսվել են որպես վերահսկողության օբյեկտ՝ պետական միջոցների կառավարման թե՛ օրինականության, և թե՛ արդյունավետության վերահսկողության նպատակով՝ պետական վերահսկողության ամբողջական ծավալով:
Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես ասել է՝ գործող Օրենքով Ծառայությունը Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է Ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով: Նոր նախագծով ՏԻՄ մարմիններում վերահսկողություն է իրականացվելու նաև պետական բյուջեից համայնքներին տրամադրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ՝ ի թիվս դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման գործառույթի:
Ծառայության լիազորությունների շրջանակներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակներում՝ ընթացիկ մոնիթորինգի կամ մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքների ենթակայությամբ գործող հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացները՝ վերահսկելու դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու իրավակարգավորումներին:
Նախագծով նախատեսված հաջորդ անհրաժեշտ կարգավորումն այն է, որ այսուհետ ՊՎԾ կողմից՝ իր վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում, Ծառայության գործունեությանը չխոչընդոտելու համար ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ՝ վարչական պատասխանատվության միջոցով: Ներկայումս վերահսկվող օբյեկտի կողմից նման խոչընդոտներ ստեղծելը վերջինիս համար չի առաջացնում որևէ իրավական հետևանք կամ պատասխանատվության որևէ նորմ:
Նախագծով կանոնակարգվել են նաև Ծառայության բնականոն և արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման և մշակման ընթացակարգերը՝ համաձայն գործող օրենսդրության:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Պետական վերահսկողական ծառայությունը Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել է մշտադիտարկումներ մի շարք համայնքներում՝ վերջին տարիներին իրականացված հողային աճուրդների, դրանց մրցույթների կազմակերպման ու գործընթացների իրավաչափության, կազմակերպիչների կողմից պատշաճ մրցակցության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա ռիսկերի ու խտրական երևույթների բացահայտման և գնահատման նպատակով: Վարչապետի հանձնարարությամբ ոլորտի լիազոր մարմինները և մարզպետների աշխատակազմերը ևս ներգրավված են Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթներում՝ ոլորտում իրենց լիազորություններից բխող ձևաչափով:
Մշտադիտարկման շրջանակում արդեն իսկ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների կողմից օտարվել են առանց պատշաճ մրցակցային պայմանների ապահովման, մասնավորապես ՝ աճուրդների վերաբերյալ հայտարարությունները չեն հրապարակվել օրենքով նախատեսված բոլոր հարթակներում կամ հրապարակվել են մասնակի հասանելիությամբ՝ դրանով առերևույթ խախտելով հանրության՝ օրենքով երաշխավորված իրազեկվածության ու հասանելիության նորմը:
Պարզվել է՝ աճուրդների մասին տեղեկատվությունը հաճախ զետեղված է այնպիսի հատվածներում, որ թվային տեխնոլոգիաներին առանձնապես չտիրապետող քաղաքացիները կդժվարանան գտնել այն. դրանով սահմանափակվել է վերջիններիս կողմից տվյալ աճուրդներին պոտենցիալ հնարավորության մասնակցությունը:
ՀՀ հողային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ երրորդ անձանց որպես սեփականություն տրամադրման կարգը, աճուրդային կարգով օտարման ձևերն ու եղանակները։ Աճուրդային կարգով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումն ունի հաստատված ընթացակարգ, ըստ որի՝ կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով, զանգվածային լրատվության այլ միջոցներով և ՀՀ հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առկայության դեպքում՝ համայնքի պաշտոնական կայքէջում հրապարակում է սակարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝ աճուրդի անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, չափերը, կադաստրային ծածկագիրը, մեկնարկային գինը, նախավճարի չափը, օգտագործման նպատակը և այլ վերաբերելի տեղեկատվություն։
Ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է նաև, որ որոշ համայնքներում հողատարածքներն աճուրդների արդյունքում օտարվել են հիմնականում մեկնարկային արժեքներով, ինչը կարող է վկայել այն մասին, որ աճուրդի կազմակերպիչների կողմից առնվազն չի ապահովվել պատշաճ մրցակցություն: Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ մեկնարկային արժեքներով ձեռք բերված հողամասերը կարճ ժամանակ անց վերավաճառվել են մի քանի անգամ գերազանցող արժեքներով, ինչը կրկին վկայում է այն մասին, որ աճուրդների կազմակերպիչների կողմից պատշաճ իրազեկում և թափանցիկ մրցակցություն ապահովելու դեպքում այդ հավելյալ գումարները ևս կարող էին մուտքագրվել համայնքային բյուջե: Ինչպես նաև առկա են դեպքեր, երբ աճուրդային եղանակով ձեռք բերված հողամասերը հետագայում անկախ գնահատող կազմակերպությունների կողմից գնահատվել են ձեռք բերման արժեքից մի քանի անգամ բարձր արժեքներով և գրավադրվել ՀՀ առևտրային բանկերում ու ֆինանսական այլ կազմակերպություններում։
Ծառայության վերահսկողների կողմից դիտարկվել են նաև ընթացիկ տարվա սկզբից մի շարք մարզերում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդների մասին հրապարակումները, ինչի արդյունքում արձանագրվել է, որ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետների աշխատակազմերի պաշտոնական կայքէջերում բացակայում են տվյալ ամսվա ընթացքում նախատեսված՝ շուրջ երեք տասնյակ լոտերով հողերի աճուրդների մասին հայտարարությունները:
Քանի որ տվյալ դեպքերում խախտվել էին ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, և ըստ էության՝ չէր ապահովվել պատշաճ իրազեկում՝ սահմանված ոլորտի օրենսդրությամբ, այդ աճուրդների իրականացումն ինքնին իրավաչափ չէր, և այդ հիմքով ոլորտի լիազոր մարմին հանդիսացող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկվել է վերը նշված աճուրդների կազմակերպիչների հետ քննարկել դրանց չեղարկման իրավական հիմքերը, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերի ու համայնքների ղեկավարների հետ իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։
Արդյունքում՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Ակունք և Գառնի, ինչպես նաև Շիրակի մարզի Ամասիա համայնքների կողմից վերը հիշատակված աճուրդները չեղարկվել են:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնքային սեփականության հողերի աճուրդների կազմակերպման ընթացակարգերի, իրազեկման կարգի, դրանց անցկացման թափանցիկության ու ներառականության ապահովման գործընթացներում առկա են բազմաթիվ ռիսկեր ու տեղային հսկողության ակնհայտ բացթողումներ, Կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետի կողմից արվել են հստակ արձանագրումներ և տրվել կոնկրետ հանձնարարականներ: Այդ հիմքով Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ՊՎԾ-ում նախաձեռնվել են մի շարք ծավալուն մշտադիտարկումներ՝ ոլորտում ինստիտուցիոնալ վերահսկողությունը ուժեղացնելու, դրա արդյունքում վեր հանելու հավանական, ենթադրյալ խախտումներն ու չարաշահումները, ինչպես նաև հասցեագրելու ոլորտի ընթացակարգային ու օրենսդրական բացերը: Վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ վարչապետին սահմանված կարգով կներկայացվեն թե՛ տեղեկանքներ ու ամփոփագրեր և թե՛ ոլորտի բարեփոխմանն ուղղված համակարգային ու օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, իսկ առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերը կտրամադրվեն իրավապահ մարմիններին՝ քրեաիրավական գնահատականի արժանացնելու և ընթացքը լուծելու նպատակով:
Մշտադիտարկումները այս պահին շարունակվում են Ծառայության՝ Ռիսկերի գնահատման և վերլուծության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության, ինչպես նաև Տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունների ներգրավմամբ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ