Պետական վերահսկողական ծառայությունը հայտնում է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է քաղաքացիներից, փաստաբաններից, իրավաբանական անձանց ներկայացուցիչների կողմից ՊՎԾ հասցեագրվող հանրագրերի և դիմում-բողոքների թիվը, ինչի արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով Ծառայության ղեկավարի կողմից պարբերաբար իրականացնելու քաղաքացիների ընդունելություն:
Հիշեցնենք, որ Ծառայության ներքին գործավարության կարգի համաձայն` Ծառայությունում ամենօրյա ռեժիմով քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացվում է ընդունելություն Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում: Ըստ այդմ՝ Ծառայության ղեկավարի մոտ ընդունելության կհրավիրվեն այն քաղաքացիները, ովքեր նախապես կգրանցվեն, հակիրճ կներկայացնեն ընդունելության ներկայանալու նպատակը և քննարկման ենթակա խնդիրը, ապա պատասխան հեռախոսազանգով կհաստատվի վերջիններիս համար ընդունելություն կազմակերպելու հայտը:
Ընդունելության օրը նշանակված է առաջիկա ուրբաթ՝ մարտի 7–ին: Քաղաքացու դիմումը ենթակա է ընդունելության ձևաչափով քննարկման, եթե ներկայացված խնդիրը կամ խնդիրները արդեն իսկ քննարկվել են համապատասխան ոլորտի պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սակայն պատասխանատու գերատեսչությունների կողմից առկա չէ առաջադրված լուծում, և քաղաքացու խնդիրը մնում է առկախված, կամ խնդրի լուծումը դուրս է պետական կառավարման համակարգի որևէ գերատեսչության ուղղակի լիազորությունների շրջանակից և կարիք ունի լրացուցիչ պարզաբանման:
Ծառայության ղեկավարի հետ հանդիպմանը, բացի բարձրաձայնված հարցերի արձանագրումից ու փաստաթղթավորումից, անմիջական քննարկման արդյունքում կտրվեն նաև կոնկրետ հարցերի պարզաբանումներ և հրատապ լուծումներ:
Հիշեցնենք, որ քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել Ծառայությանը հետևյալ եղանակներով.
• զանգահարելով 010 313131 հեռախոսահամարով,
• ուղարկելով դիմում info@supervision.am էլհասցեին։
Գրավոր դիմումը կամ բանավոր հակիրճ բովանդակությունը ներկայացնելուց հետո Ծառայության կողմից քաղաքացիների նշված խնդիրները կուսումնասիրվեն, և եթե պարզվի, որ քաղաքացու դիմումը ենթակա է քննարկման՝ ընդունելության ձևաչափով, ապա այդ մասին Ծառայությունը քաղաքացուն կհայտնի հեռախոսազանգի միջոցով՝ նշանակելով ընդունելության ժամ: Այն դեպքերում, երբ քաղաքացու դիմումը կվերաբերի այլ գերատեսչությունների առաջնային լիազորություններին և Ծառայությունում ընդունելություն իրականացնելը նպատակահարմար չի համարվի, քաղաքացուն կտրամադրվի պատշաճ պարզաբանում այդ մասին և կտրամադրվի խորհրդատվություն` դիմելու համապատասխան լիազոր մարմնին:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ