Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում արտացոլված ֆինանսական տվյալների ճշտության նկատմամբ. hայտնաբերվել են մի շարք խախտումներ և անճշտություններ  

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ:

ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումներով սահմանվում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների՝ ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը և ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը:

        ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից վերահսկողություն է   իրականացվել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում՝ շահութաբաժինների հաշվետվությունների ճշտության մասով։ Ծառայությունը, մասնավորապես, վերահսկողության համար առանձնացրել է այն Փակ բաժնետիրական ընկերություններին, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Պետական եկամուտների կոմիտեի կողմից անցել են համալիր հարկային ստուգումներ:

Մշտադիտարկվել են թվով 20 Փակ բաժնետիրական ընկերություններ, որոնցից 14-ում արձանագրվել է, որ Ընկերությունները նախորդ տարիների գործունեության մասով պակաս ներկայացված հասույթի կամ ավել ծախսագրված գումարների չափով ֆինանսական տվյալների փոփոխությունների արդյունքում շուրջ 421 մլն ՀՀ դրամ լրացուցիչ շահութաբաժնի գումարներ չեն հաշվարկել, ապա և չեն վճարել ՀՀ պետական բյուջե:

Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում թվով 4 ընկերություններ  ՀՀ պետական բյուջե են վերականգնել շուրջ 59 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ծառայության միջնորդությամբ ևս 1 ընկերության կողմից տարեկան գործունեության արդյունքում հաշվարկված շահութաբաժնի վնասը պակասեցվել է շուրջ 300 մլն դրամով, իսկ 2 այլ ընկերություններում մեկնարկել է ընդհանուր շուրջ 100 մլն դրամի շահութաբաժնի վնասի նվազեցման հաշվապահական հաշվառման գործընթաց: Ինչպես նաև Ծառայության կողմից 2 այլ ընկերություններում արձանագրվել են գործունեության արդյունքում հաշվարկված շուրջ 170 մլն դրամի հարկային վնասի՝ առանց հիմքերի պակասեցման դեպքեր:

Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող  առողջապահական և էներգետիկ ոլորտներում գործունեություն ծավալող Փակ բաժնետիրական ընկերություններում: 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը միաժամանակ ուսումնասիրել է այդ Ընկերությունների կողմից թույլ տրված խախտումների պատճառները, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք Ընկերությունների կողմից թույլ են տրվել առերևույթ խախտումներ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի թերի իմացության և սահմանված ընթացակարգերի չպահպանման պատճառով, իսկ որոշները՝ լուծարման հնարավոր գործընթացի թիրախում չհայտնվելու միտումով, ինչն ուղեկցվել է փաստացի վնասով իրականացված գործունեության արդյունքները քողարկելու մտայնությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծառայության կողմից 50 տոկոս ու ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող մի շարք Փակ բաժնետիրական ընկերություններին առաջարկվել է՝ առաջնորդվել ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերով և ֆինանսական հաշվետվություններում այսուհետ արտացոլել բացառապես իրական տվյալներ, ինչպես նաև ֆինանսական տվյալների՝ հնարավոր փոփոխությունների պարագայում պատկան մարմիններին սահմանված ժամկետներում ներկայացնել համապատասխան ճշգրտված հաշվետվություններ:

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել մշակված և շրջանառության մեջ դրված ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը: Նախագծի մշակումը պայմանավորված է եղել գործող օրենքի գործունեության ավելի քան 6 տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք ընթացակարգային խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման և Ծառայության կայացման ընթացիկ փուլում առաջադրված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությամբ:

Ընդհանուր առմամբ՝ նախատեսված նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ: Կհստակեցվեն Ծառայության կողմից ՀՀ վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ վերահսկողական գործընթացները՝ հնարավոր չարաշահումների և իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և արձանագրված փաստերի հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում:

Գործող օրենքով սահմանված վերահսկողական լիազորությունները կարիք ունեին առավել հստակեցման, ինչն արդեն նոր օրենքի նախագծում կատարելագործվել է, ինչպես նաև հստակեցվել են Ծառայության առանձին իրավասությունների սահմանումները: Բացի այդ, գործող օրենքում առկա են մի շարք ընդհանրական ձևակերպումներ, որոնք գործնականում կարող են տարընթերցումների տեղիք տալ: Նախագծով սահմանված որոշ հասկացություններ և բնորոշումներ հստակեցվել են, ինչպես նաև լրացուցիչ պարզաբանվել են Ծառայության իրավասությունների սահմանումները: Ծառայության վերահսկողական լիազորությունների՝ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը բերվել են ավելի համընդհանուր կիրարկման դաշտ:

Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում, Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու և հակազդելու նպատակով, նախագծով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ՝ այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն:

Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակներում, մոնիթորինգի և մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքների ենթակայության հիմնարկներում իրականացվող հանրային գնումները: Նախագծով նախատեսվել են նաև Ծառայության ղեկավարի կողմից ընդունվող մի շարք հրամանների ընդունման իրավական հիմքերը, կանոնակարգվել են առանձին դեպքերում որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման և մշակման ընթացակարգերը:

««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը Կառավարության հաստատումից հետո ներկայացվելու է Ազգային Ժողովի գլխադասային հանձնաժողով՝ հավանության արժանանալուց հետո ներառվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ:

ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն

ՊՎԾ-ում ամփոփվել են Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության ուսումնասիրության արդյունքները։

Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների, մարզային ենթակայության դպրոցներում աշակերտներին սննդի տրամադրման ընթացակարգերի, հանրակրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքների, մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային փոխհատուցումների, աշխատակազմերի տարեկան աշխատավարձային ֆոնդի, ներկայացուցչական ծախսերի, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև այլ ֆինանսական գործառնությունների իրականացման նկատմամբ, որոնց հետ կապված՝ մարզպետների աշխատակազմերում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ, ընթացակարգային թերություններ և համակարգային խնդիրներ:

Արդյունքում, մի շարք ծախսերի ուսումնասիրությամբ Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ ՀՀ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ և անհամապատասխանություններ: Այդ թվում՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով մի շարք առերևույթ չարաշահման փաստեր, համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկներում կիրառված՝ ելակետային տվյալների սխալ ցուցանիշներ, դպրոցական սննդի տրամադրման գործընթացներում կազմակերպչական բնույթի թերություններ, ինչպես նաև պետական միջոցների անարդյունավետ կառավարում՝ մի շարք ուղղություններով:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզում տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների տեսքով պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները նշված ժամանակահատվածում հաշվարկվել են ոչ ճշգրիտ՝ շուրջ 619 մլն ՀՀ դրամով պակաս ելակետային տվյալների հիման վրա։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Կառավարության համապատասխան որոշման խախտման արդյունքում ավել է ֆինսասավորվել շուրջ 191 մլն ՀՀ դրամ։ Ինչպես նաև, կազմակերպչական աշխատանքներում արձանագրվել են թերություններ և մի շարք այլ խախտումներ, որոնց թվում՝ ժամկետանց և անորակ սննդամթերքի մատակարարում և առկայություն պահեստներում, առանց համապատասխան փաստաթղթավորման և ոչ սպանդանոցային ծագման մսամթերքի օգտագործում և այլն։ Ծառայության միջնորդության հիման վրա ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ իր լիազորություններից բխող ստուգողական գործառույթներ են իրականացվել մարզային ենթակայության մի շարք հանրակրթական դպրոցներում, ինչի արդյունքում հարուցվել են վարչական վարույթներ և տրվել են անորակ և ժամկետանց սննդի ոչնչացման կարգադրագրեր։ Հատկանշական է, որ որոշ կազմակերպություններ, չունենալով բավարար ռեսուրսներ կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացրել են մեծածավալ մատակարարումներ մարզային ենթակայության դպրոցներին՝ բազմաթիվ խախտումներով և սահմանված նորմերի շրջանցմամբ։ Բացի դրանից, Կոտայքի մարզի ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերում արձանագրվել են վերահսկողության լուրջ թերություններ, որոնք հանգեցրել են պայմանագրային ժամկետների խախտման, շինարարական աշխատանքների որակի էական թերությունների՝ առերևույթ վնաս պատճառելով պետությանը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների կողմից բավարար վերահսկողություն չի իրականացվել, և փաստացի չկատարված կամ նախագծային շեղումներով իրականացված աշխատանքների համար վճարվել է շուրջ 238 մլն ՀՀ դրամ։

Լոռու մարզպետի աշխատակազմում արձանագրված խախտումների՝ համայնքներին պետբյուջեից տրամադրված դոտացիաների առերևույթ խախտման ծավալը կազմում է 365 մլն ՀՀ դրամ, իսկ սուբվենցիոն ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքներում առերևույթ խախտումների թիվը կազմել է շուրջ 162 մլն ՀՀ դրամ։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հայտնաբերվել են մոտ 40 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ են արձանագրվել նաև մարզպետի աշխատակազմում ներքին գործուղումների, աշխատավարձերի հատկացման, սոցիալական փաթեթների և տրանսպորտային փոխհատուցումների փաստաթղթերում։ Պետական ծրագրերով մարզում կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրված մի շարք խախտումներ և թերություններ արդեն իսկ վերացվել են կապալառու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև մի շարք փաստացի չկատարված, սակայն դրանց դիմաց փոխհատուցված աշխատանքների իրականացման վերաբերյալ ձեռք են բերվել թերությունների շտկման և միջոցների վերականգնման հստակ պայմանավորվածություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 56 մլն ՀՀ դրամ։

Ուսումնասիրության արդյունքները, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով, զեկուցվել են Վարչապետին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ հանձնարարելու համապատասխան գերատեսչություններին և լիազոր մարմիններին ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու, պետությանը պատճառված վնասները վերականգնելու, ինչպես նաև ձեռնարկելու հստակ քայլեր՝ հետագայում նմանօրինակ խախտումները բացառելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփող Տեղեկանքները ներկայացվել են համապատասխանաբար Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին, որոնցից ստացված կարծիքների կապակցությամբ կազմվել են ամփոփաթերթեր՝ ՊՎԾ դիրքորոշումներով, որոնք էլ սահմանված կարգով կցվել են ուսումնասիրության նյութերին։

ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված վերահսկողության արդյունքները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ