2018-2024 թվականերին ՀՀ պետական վերահսկողական ծառայության տնօրինության տակ գաղտնազերծված փաստաթղթեր չեն եղել:
2018-2024 թվականերին ՀՀ պետական վերահսկողական ծառայության տնօրինության տակ գաղտնազերծված փաստաթղթեր չեն եղել:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից վերահսկվող գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, դրանց կիրառմամբ ռիսկերի գնահատման մեթոդաբանությամբ ընտրանքի իրականացման, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի» կիրարկմամբ 2025 թվականի ընթացքում՝ հունիսի 1-ի դրությամբ դիտարկվել են թվով 6878 հանրային գնման ընթացակարգեր: Միայն 1-ին եռամսյակի ընթացքում դիտարկվել է թվով 3499 գնման ընթացակարգ, որից թվով 1050-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ առավել ռիսկային են գնահատվել 106 ընթացակարգեր, որոնց նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ գրություններ են ներկայացվել պետական կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային և 50% ավել պետական մասնակցությամբ գործող կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազոր մարմիններ։ 2025 թվականի 2-րդ եռամսյակում հունիսի 1-ի դրությամբ իրականացվել է թվով 3379 գնման ընթացակարգի առաջնային ռիսկերի գնահատում: Իրականացված վերահսկողությամբ պատվիրատուներին են ներկայացվել թվով՝ 167 առաջարկություն գնման ընթացակարգերը գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Այդ թվում՝ գնման ընթացակարգերի հրավերների խտրականության կանխարգելման ուղղությամբ՝ 96 առաջարկ, որի արդյունքում իրականացվել են հրավերների տեխնիկական բնութագրերի համապատասխանեցում գնումների օրենսդրության պահանջներին: Բացահայտվել և պատվիրատուներին են ներկայացվել գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց թվով 6 մասնակցության դեպք: Նշված դեպքերով տրվել են առաջարկություններ՝ իրավախախտ ընկերություններին գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող անձանց «սև» ցուցակ ներառելու ուղղությամբ, միևնույն ժամանակ «սև» ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ փոխկապակցված թվով 22 ընկերության և վերջիններիս կողմից հանրային գնումների գործընթացներում ունեցած մասնակցության վերաբերյալ նյութերը տրամադրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու: 2024 թվականի 4-րդ եռամսյակում դիտարկված ընթացակարգերից թվով 65-ի վերաբերյալ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու մասին տեղեկատվություն է տրամադրվել պատվիրատուներին՝ համապատասխան կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու նպատակով:
2025 թվականի առաջին 5 ամիսներին Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված ռիսկերի գնահատման և ստացված հանրագրերի արդյունքում նախաձեռնվել է թվով 18 մշտադիտարկում՝ մնացորդային ռիսկեր պարունակող պայմանագրերի կատարման և կառավարման գործընթացների շրջանակում: Արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիմքով տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ վարչապետին, ինչպես նաև ներկայացվել են օրենսդրական բարեփոխումների առաջարկներ: Թվով 7 մշտադիտարկման վերաբերյալ կազմված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն ընթացքը լուծելու համար, որոնց կապակցությամբ՝ բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Միևնույն ժամանակ Ծառայության կողմից նախաձեռնվել և իրականացվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ, ինչը նախանշված ռիսկերի պայմաններում ավելի մեծ հնարավորություն կընձեռի նաև տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացնելու հանրային գնումների գործընթացների օրինականության ուղղությամբ վերահսկողություն: Նշվածով պայմանավորված՝ փոփոխության կենթարկվի Ծառայության ղեկավարի համապատասխան հրամանով ներդրված գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը՝ հնարավորություն ընձեռելով ապահովել գնման գործընթացների առավել արդյունավետ վերահսկողություն նաև տեղական ինքնակառավարման մարմիններում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Իր խոսքում Ծառայության ղեկավարն անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնց լուծմանն է միտված ներկայացվող օրինագծերի փոփոխությունների փաթեթի մշակումը՝ դրանց թվում շեշտադրվելով մի քանի էական փոփոխություններ:
ՊՎԾ մասին Օրենքում և կից օրենքներում փոփոխությունները նպատակ ունեն վերացնել գործող Օրենքի՝ շուրջ յոթ տարվա գործողության ընթացքում ի հայտ եկած ընթացակարգային և գործառնական խնդիրները, հստակեցնել Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործիքակազմերը և բարձրացնել Ծառայության գործունեության արդյունավետությունը։
Առանցքային փոփոխություններից է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության լիազորության փոխանցումը ՊՎԾ-ին:
Այդ գործառույթն օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կիրականացվի հատուկ այդ նպատակով Ծառայության կազմում ստեղծվող առանձին մասնագիտացված վերահսկողական ստորաբաժանման՝ «Ֆինանսաբյուջետային հսկողության վարչության» կողմից: Ըստ այդմ՝ Ծառայության գործող հաստիքացուցակում նախատեսվում է մի քանի տասնյակ նոր հաստիքների ավելացում:
Նախագծով հստակեցվել են նաև ՊՎԾ կողմից իրականացվող՝ պետական վերահսկողության (ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ) իրականացման գործընթացները՝ սահմանելով դրանք որպես առանձին վերահսկողական լիազորություններ (ինստիտուտներ)։
Ծառայության վերահսկողական լիազորությունների շրջանակից դուրս են բերվել պետական կառավարման համակարգի մաս չհանդիսացող՝ Սահմանադրությամբ և օրենքներով ձևավորված ինքնավար մարմինները, իսկ պետական միջոցների կառավարման՝ բացառապես օրինականության վերահսկողության մասով Ծառայության վերահսկողության տիրույթ է բերվել Վարչապետի աշխատակազմը: Մարզպետների աշխատակազմերը ևս սահմանվել են որպես ՊՎԾ վերահսկողության օբյեկտներ՝ թե՛ արդունավետության, և թե՛ օրինականության վերահսկողության տիրույթում:
Տեղական ինքնակառավարման մարմիններում ևս Օրենքի փոփոխության արդյունքում Պետական վերահսկողական ծառայությունը կունենա վերջիններիս պետական բյուջեից տրամադրվող պետական միջոցների կառավարման օրինականության և այդ միջոցների տրամադրման համար ելակետային տվյալների արժանահատավության վերահսկողության լիազորություն, ինչպես նաև ՏԻՄ-երում և նրանց ենթակա հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացների համապատասխանությունը ՀՀ-ում գործող իրավակարգավորումներին ևս կվերահսկվի ՊՎԾ կողմից:
Նախագծով նաև նախատեսվել են օրենսդրական երաշխիքներ՝ ՊՎԾ գործունեությանը խոչընդոտելու պարագայում վարչական պատասխանատվություն սահմանելու, ինչպես նաև Ծառայության վերահսկողական լիազորություններն իրացնելու ընթացքում գաղտնի տվյալների ստացման և մշակման ընթացակարգի կարգավորման համար։
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը հանձնաժողովի կողմից դրական եզրակացությամբ կներկայացվի երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում ներառելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ




Պետական վերահսկողական ծառայության կողմից մշակվել և 2023 թվականի մարտին շրջանառության մեջ է դրվել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթը սահմանված կարգով ներկայացվել է նաև հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Առաջարկվող կարգավորումների հիմքում դրված է ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ֆինանսաբյուջետային հսկողության գործառույթը ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը փոխանցելու գործընթացը:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ հանրային ֆինանսների ոլորտում, այդ թվում՝ պետական գնումների իրականացման նկատմամբ, պետական կառավարման համակարգի մարմիններից միակ վերահսկող մարմինը հանդիսանալու է Պետական վերահսկողական ծառայությունը։
Գործող օրենքով նաև մի շարք կարգավորումներ գործնականում կիրառելիության տեսանկյունից խնդրահարույց են, իսկ որոշ հարցեր ընդհանրապես դուրս են մնացել օրենքի կարգավորումներից։ Մասնավորապես, գործող օրենքով՝
— հստակ բնորոշված չեն մի շարք վերահսկողական գործառույթներ, դրանց իրականացման շրջանակը,
— հստակեցված չեն ուսումնասիրության հանձնարարագրում փոփոխություններ կատարելու կարգավորումները,
-կարգավորված չեն նաև ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում դրա դադարեցման հետ կապված հարաբերությունները, -նախատեսված չեն բավարար կառուցակարգեր Ծառայության գործունեությանը խոչընդոտելու դեպքերում վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար և այլն։
Նախագծերի փաթեթի ընդունմամբ կլուծվեն գործող որոշ կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ՝
— կամրագրվեն մի շարք իրավական ակտերի, օրինակ՝ ուսումնասիրության, դիտարկման և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերի ընդունման իրավական հիմքերը,
— ընթացակարգային որոշ հարցեր կստանան օրենսդրական կարգավորում, օրինակ՝ Ծառայությանը կվերապահվի իրավասություն վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանցից պահանջելու ներկայանալ Ծառայություն՝ պարզաբանում տալու նպատակով, կկարգավորվեն տեղեկանքի նախագծի կարծիքի ներկայացման և լրամշակման հարցերը,
— նորմերի հստակեցման միջոցով կստեղծվի իրավական հնարավորություն Ծառայության կողմից կարգապահական վարույթների իրականացման համար,
— կնախատեսվի իրավական հնարավորություն Ծառայության գործունեությանը խոչընդոտելու դեպքում վարչական պատասխանատվության միջոցների կիրառման համար։
Այսպիսով, նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների՝ Ծառայության կողմից իրականացման միջոցով պետական միջոցների կառավարումը դարձնել առավել վերահսկելի, իսկ օրինականության և արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ:
Նախագծերը մշակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությամբ:
Նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։