Ջրօգտագործողների ընկերություններում կատարված ուսումնասիրությունների ամփոփումը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։
Արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։
Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ Արտաշատ և Արմավիր ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։
Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և բացահայտվել են մի շարք չարաշահումներ:

 

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը:
Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: Հաճախ տեխնիկական բնութագրերերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։
Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարավել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։
Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և կապալառու կազմակերպությունների միջև կնքված շինարարական աշխատանքների կատարման պայմանագրերին՝ պետք է փաստել, որ մի շարք դեպքերում աշխատանքները իրականացվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պահանջների խախտումներով, ինչի արդյունքում աշխատանքները կատարվել են անորակ, իսկ օգտագործված նյութերը չեն համապատասխանել պայմանագրով սահմանված չափանիշներին:
Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։
Ամփոփելով վերոգրյալը անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

ԵՊԲՀ. ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի

Ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։
Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։
Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։
Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. դրամ։
Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ դատախազության կողմից ավելի ուշ տեղեկանքն ուղարկվել է  ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

 

Ինչպե՞ս է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որոշում, թե որտեղ սկսել ուսումնասիրություններ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, մամուլի հրապարակումների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, տեղեկատվական շտեմարանների վերլուծության և ամփոփման հիման վրա որոշում է պետական համակարգի ռիսկային ոլորտները կամ դրանց համապատասխան մասերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա: