Ուսումնասիրվել են ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների` թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման գործընթացը․ հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների  արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա խնդիրների մասին, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Արդյունքում պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկներ արտահանվել է ավելի քան  381 տոննա կերամիկական թափոններ: Նշված ժամանակահատվածում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպությունների կողմից կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերի փաթեթներում առկա տեղեկությունների արժանահավատությունը չի գնահատել և տրամադրել է արտահանման լիցենզիաներ այն պարագայում, որ նշված թափոնների ձեռքբերման, ինչպես նաև որպես վաճառքի գին նշված արժեքները եղել են շուկայական նվազագույն արժեքներից էական՝ մոտ 10 անգամ պակաս:

 

Լիցենզիա ստանալու համար կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերին կից փաստաթղթերի փաթեթներում առկա փորձագիտական եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թանկարժեք մետաղների քանակությունները էականորեն պակաս են ներկայացված, բացի այդ թանկարժեք մետաղների գների աճին զուգահեռ եզրակացություններում համապատասխանաբար նվազ են ներկայացվել թանկարժեք մետաղների քանակները, ինչի արդյունքում արտահանվող ապրանքի արժեքը մնացել է նույնը:

 

Ընդ որում փորձագիտական եզրակացությունները, որոնք ներառվել են  մաքսային  մարմնին ներկայացված փաստաթղթերի փաթեթներում, արտահանման ենթակա ապրանքների ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները չեն բնութագրել, սակայն մաքսային մարմնի կողմից կերամիկական թափոնների արտահանման գործընթացի և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չի իրականացվել և երբևէ մաքսային փորձաքննություններ չեն նշանակվել:

 

Բացի այդ, թվով 87 դեպքերում կերամիկական թափոնների արտահանումն իրականացվել է առանց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պետական վերահսկողական ակտի, իսկ թվով 66 դեպքերում արտահանման փաթեթներում ներկայացված պետական վերահսկողության ակտերը չեն բնութագրել արտահանման ենթակա ապրանքի ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները։

 

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ 2015-2018 թվականների ընթացքում 2 կազմակերպություններ՝ առանց արտահանման լիցենզիայի և պետական վերահսկողական ակտի 22 խմբաքանակով ՀՀ-ից երրորդ երկրներ են արտահանել շուրջ 28 տոննա կերամիկական թափոններ:

 

2018-2022 թվականների ընթացքում ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահման փաստաթղթերով ներկայացված իրականությանը ակնհայտ չհամապատասխանող արժեքների փոխարեն  շուկայական նվազագույն գներով հաշվարկի դեպքում արտահանված կերամիկական թափոնների ընդհանուր արժեքը կկազմեր շուրջ 26 մլրդ. ՀՀ դրամ, որի գծով պետք է առաջանար մոտ 5,5 մլրդ. ՀՀ դրամի հարկային պարտավորություն:

 

Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն. դրամի վնաս

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացմամբ, սերմերի ստացմամբ ու վերարտադրությամբ, ինչպես նաև տոհմային անասնաբուծության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող, 100 % պետական մասնաբաժին ունեցող «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված ընդհանուր առմամբ շուրջ 557 մլն. դրամի վնաս:

 

Մասնավորապես, ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերությունում hացահատիկային, հատիկընդեղենային և կերային մշակաբույսերի փաստացի ստացված բերքը միջին բերքատվության ցուցանիշներից էականորեն պակաս է կազմել, իսկ 2019-2022 թվականներին՝ 2018 թվականի համեմատ գրանցվել է բերքատվության ցուցանիշների կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի անկում, ինչի արդյունքում ընկերության իրացումից հասույթը պակաս է ձևավորվել նվազագույնը շուրջ 497 մլն. դրամով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ցածր բերքատվությունը հիմնականում պայմանավորված է եղել սերմնաբուծության գործընթացի անարդյունավետ կառավարմամբ, ինչպես նաև ցանքային նորմաներից գրեթե կիսով չափ պակաս քանակով սերմեր ցանելով, այն դեպքում, երբ ցանքի նպատակով ընկերության պահեստից դուրս են գրվել համապատասխան նորմաներից մոտ 4,5 մլն. դրամի ավել քանակով սերմեր: Ընդ որում, իրականացված չափագրումների արդյունքում փաստագրվել է, որ միայն 2021-2022 թվականներին ցանվել է ցանքային նորմայից միջինը՝ 50 %-ով, մոտ 5.6 մլն. դրամի պակաս սերմ, իսկ 2022 թվականի բերքահավաքից հետո ընկերության պահեստում արձանագրվել է շուրջ 7 տոննա, 1,5 մլն. դրամ արժողությամբ ցորենի սերմի պակասորդ:

 

Բացի այդ, խախտելով «Սերմերի մասին» օրենքի դրույթները, ընկերության արտադրական ցանքատարածություններում 2021 թվականին ցանվել են ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված, տնտեսական օգտակարության պետական փորձարկում չանցած, հավաստագրման ոչ ենթակա աշնանացան ցորենի և գարնանացան գարիի սորտեր՝ ընկերությանը հասցնելով նախնական հաշվարկով 27 մլն. դրամի վնաս:

 

Ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև, որ Ընկերության ցանքատարածությունների հիմնական մասը գտնվում են անբարենպաստ վիճակում, աղբոտված են տարբեր տեսակի մոլախոտերով, գարնանացան գարիի ցանքատարածությունում առկա է աշնանացան ցորենի խառնուրդ, իսկ կորնգանի դաշտում առկա է չհաշվառված և ոչ մի կերպ չարձանագրված աշնանացան ցորեն:

 

Ընկերության հասույթի ձևավորման ուղղություններից է նաև կաթնաապրանքային ֆերմայի գործունեությունը, ինչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների հարկադիր մորթից գոյացած տավարի միսը ընկերության կողմից իրացվել է միջին շուկայական արժեքից չհիմնավորված ցածր գներով՝ շուրջ 11 մլն. դրամով պակաս, իսկ մորթը և դրա արդյունքում ստացված մթերքի իրացումն իրականացվել է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթների կոպիտ խախտումներով:

 

Իրականացված կապիտալ ծախսերի ուսումնասիրության արդյունքում, ընկերության անասնաշենքի վերակառուցման և ջերմատան կառուցման աշխատանքներում արձանագրվել են շուրջ 11 մլն. դրամի չհիմնավորված կամ անարդյունավետ ծախսեր։

Ուսումնասիրության հայտնաբերված առանձին խախտումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություններ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց լիազորություններից բխող միջոցներ ձեռնարկելու համար:

 

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ուսումնասիրութամբ բացահայտված խախտումները պարունակում են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով նախաձեռնվել են թվով 35 քրեական վարույթներ

2022 թվականի 10 ամիսների ընթացքում  պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը  փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և լուծելու համար։

Հարկ է նկատել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ տարեսկզբից ի վեր  նախաձեռնվել են թվով 35 քրեական վարույթներ, որից 15-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Ծառայության կողմից առողջապահության ոլորտում իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում տարեսկզբից ի վեր պետական բյուջե է վերականգնվել մոտ 130 միլիոն ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել՝ 13,6 միլիոն ՀՀ դրամ գումար:

 

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են նաև Կառավարության որոշումների, ինչպես նաև  վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում, մասնավորապես, ընթացքի մեջ են մոտ 80 վերահսկողական գործընթացներ. այդ թվում 20 ուսումնասիրություն և շուրջ 6 տասնյակ մշտադիտարկումներ:

Այս պահին վերահսկողական գործողություններ են իրականացվում Արտաքին գործերի, Առողջապահության, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարություններում, մի շարք ԲՈՒՀ-երում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, ինչպես նաև հանդիպակաց ուսումնասիրություն է իրականացվում  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմանններով բժշկական օգնություն և  սպասարկում  իրականացնող  10 խոշորագույն բժշկական հաստատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում, «Հայփոստ» ՓԲԸ-ում  և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Ծառայությունը գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Խաչատուր Աբովյանի անվան հայկական  պետական մանկավարժական համալսարան»  հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից իրականացված գնման գործընթացները, հաշվարկված և աշխատակիցներին վճարված աշխատավարձը, Հիմնադրամին և Հայաստանի Հանրապետությանը պատկանող, սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունն և արդյունավետությունը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը:

Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ Հիմնադրամի թվով 25 աշխատակիցների՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում աշխատավարձ ստանալու, թվով 12 ուսանողների՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի դասընթացներին չմասնակցելու պայմաններում տրված ավարտական դիպլոմների, Հիմնադրամի տրանսպորտային միջոցի վառելիքի ամսական ծախսի մասին հաշվետվություններում ներառված՝ իրականությանը չհամապատասխանող տվյալների, Հիմնադրամի հաշվեկշռից դուրս գրված և ուղղակի վաճառքի եղանակով օտարված տրանսպորտային միջոցի և Հիմնադրամի նախկին ռեկտորի՝ առանց Հոգաբարձուների խորհրդի որոշման իրեն հատկացված լրավճարների վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 441-րդ հոդվածի 1-ին մասի և 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։