ՀՀ տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ․ հայտնաբերվել են խախտումներ


ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրի շրջանակում:

Ծրագրով սահմանված կարգով՝ 2019-2022թթ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցել է 0.5-ից 100 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների այգեհիմնման, ինչպես նաև հատապտղանոցների հիմնման ծախսերը՝ 50 տոկոսի չափով:

Վերահսկողական գործառույթների իրացմամբ արձանագրվել են մի շարք դեպքերով խախտումներ։
Մասնավորապես․

1. Ծրագրի շահառուների կողմից առավելագույն փոխհատուցման գումար ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացվել գյուղաբնակ քաղաքացիների հետ կնքված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, աշխատանքների հանձնման-ընդունման, վճարումների տրամադրման ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:

2. Ծրագրի շահառուների կողմից ներկայացվել են քաղաքացիների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք ձևակերպված չեն եղել ՀՀ հարկային մարմիններում, ինչի արդյունքում չեն հաշվարկվել և ՀՀ բյուջե չեն փոխանցվել հարկեր:

3. Ծրագրի շահառուների կողմից ներկայացվել են նաև առերևույթ ծախսերը հիմնավորող ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, որոնք տրվել են նմանատիպ գործունեություն չվարող կամ իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կապված տնտեսվարողների կողմից:

Նշված բոլոր դեպքերով պատասխանատու աշխատակիցների կողմից չի վարվել պատշաճ հսկողություն և մոնիթորինգ, արդյունքում տվյալ շահառուների ծրագրերը դիտարկվել են ծրագրին համապատասխանող, և փոխհատուցվել ամբողջական ծախսերի 50% չափով: Ծառայության կողմից իրականացված հաշվարկի արդյունքում՝ արձանագրված խախտումների չափը կազմել է մոտ 132,4 մլն ՀՀ դրամ: Վերահսկողության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե: ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Միաժամանակ, 3 դեպքով Ծառայության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղարկվել են միջնորդություններ մի շարք քաղաքացիների նկատմամբ չգրանցված աշխատուժի շահագործման և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը պարզելու նպատակով, որոնց վերաբերյալ նյութերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով 2022 թվականին նախաձեռնվել է 77 քրեական վարույթ


2022 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա կազմակերպություններում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և լուծելու համար։

Հարկ է նկատել, որ 2022 թվականին, ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով նախաձեռնվել է 77 քրեական վարույթ, որից 33-ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Գնումների ընթացակարգերի խտրականության կանխարգելման նպատակով ՊՎԾ Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունն իրականացրել է 3100 գնման ընթացակարգի վերլուծություն, որի շրջանակում պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող 168 գնման գործընթացի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն: Դրանց արդյունքում, 162 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն, 3 դեպքով գնման ընթացակարգը չեղյալ է հայտարարվել, 1 դեպքով հիմնավորվել է նշված տեխնիկական բնութագրի համապատասխանությունը պատվիրատուի կարիքին և 2 դեպքով ժամկետների հետ կապված առկա չի եղել հնարավորություն փոփոխություն կատարելու, սակայն պատվիրատուի կողմից հրապարակվել է լրացուցիչ պարզաբանում: Գնման ընթացակարգի 25 վերլուծական տեղեկանքով արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում: Մասնավորապես, ընթացքի մեջ է մոտ 80 վերահսկողական գործընթաց։ Վերահսկողական գործողություններ են իրականացվում Առողջապահության նախարարությունում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում, Պաշտպանության նախարարությունում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, նաև հանդիպակաց ուսումնասիրություն է իրականացվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմանններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մի շարք խոշորագույն բժշկական հաստատություններում («Նորք Մարաշ» ԲԿ, Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն), մարզպետարանններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, «Ջրառ», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Հայփոստ», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Ծառայությունը գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:

Նկատենք, որ քաղաքացիներից ստացվել է 407 դիմում։ Քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականին նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր


ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության և մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն Ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022թթ. ընթացքում, օգտվելով այն հանգամանքից, որ հնարավորություն ունի միանձնյա տնօրինելու Ընկերության բանկային հաշվեհամարները, իր անձնական բանկային հաշվեհամարներին, որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում, փոխանցել է ընդհանուր 254 066 540 ՀՀ դրամ գումար, որից Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո նշված ընթացքում հետ է վերադարձրել 37,9 մլն ՀՀ դրամը:

Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված պահանջները, առանց որևէ գնման ընթացակարգի անցկացման, առանց համապատասխան պայմանագրի կնքման, առանց ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի առկայության՝ փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց Ընկերության բանկային հաշվեհամարից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին 3 մլն ՀՀ դրամ ուղղակի փոխանցման եղանակով փոխանցել է ՍՊ ընկերությանը, որպես ձեռք բերված ծառայությունների արժեք: Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադիր և սեփականատեր է հանդիսանում քաղաքացի Ա.Ս.-ն (նույն ինքը՝ Ընկերության գլխավոր հաշվապահը), 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով:

Վերահսկողական գործառույթների իրացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում՝ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում:

Հարկ է նշել, որ վերահսկվող օբյեկտում Ծառայության կողմից վերահսկողական գործողությունները շարունակվում են, իսկ ուսումնասիրությունը ընդգրկում է՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողությունը։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ և դրա շրջանակներում «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացրել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողություն, որի ընթացքում ուսումնասիրվել է 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված դեղերի և բժշկական նշանակության պարագաների պատվերների ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացները:

Ուսումնասիրվել են նաև դեղամիջոցների ոչնչացման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել է դեպք, երբ ՊՈԱԿ-ի կողմից պահեստում գտնվող դեղամիջոցները շուրջ 3 ամիս չեն գույքագրվել և դրանց բաշխումը չի իրականացվել, որի արդյունքում 1 044 192 240 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով դեղամիջոցների պահպանման ժամկետները անցել են և համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ դրանք ոչնչացվել են:

Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ի մեկ այլ պահեստում պահպանվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծ մասը սահմանված կարգով գույքագրված և ՊՈԱԿ-ի հաշվեկշռում արտացոլված չեն եղել: Ավելին՝ պահեստում իրականացված տեղատեսության արդյունքում ուսումնասիրող խմբի կողմից հայտնաբերվել են՝ 71 095 080 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ դեղեր (որոնց պահպանման ժամկետները հիմնականում լրանում էին 2022 թվականին), որոնք ՊՈԱԿ-ի տիրապետման տակ են գտնվել դեռևս 2020-2021 թվականներից, սակայն սահմանված կարգով չեն հաշվառվել և հետագայում չեն բաշխվել, ինչի արդյունքում դարձել են ժամկետանց:

Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է նաև, որ ՊՈԱԿ-ի պահեստից որոշ ապրանքներ բացակայել են և դրանց ելքը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել, մասնավորապես՝ պահեստից բացակայել են «Անալիզի նմուշային փայտիկներ բամբակյա ներդիրով 1»՝ 12000 հատ և «Նմուշային կոլբաներ»՝ 6000 հատ: Նշված ապրանքներն ըստ ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերագնահատման՝ արժեցել են՝ ընդհանուր 4 200 000 ՀՀ դրամ.

Ուսումնասիրության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում իրականացվել է նաև ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների փաստացի կատարման, փաստաթղթերի և այլ կրիչների հանդիպակաց ուսումնասիրություն, որի ընթացքում տարբեր դրվագներով բացահայտվել է թվով 34 անվանում՝ ընդհանուր 201 495 ԱՄՆ դոլար արժեքով դեղերի անհետացման դեպքեր, որոնք Փորձագիտական կենտրոնի կողմից առանց իրավական հիմքի չեն վերադարձվել ՊՈԱԿ-ին և միաժամանակ չեն գտնվել Փորձագիտական կենտրոնում:

Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։