«Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն․ հայտնաբերվել են խախտումներ


ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի շրջանակներում ուսումնասիրության առարկա են հանդիսացել առավել բարձր արժեքով իրականացված գնումների, աշխատավարձի հաշվարկման, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման, ինչպես նաև ուսումնական գործընթացները:

ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թվականին մեկնարկած «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի միջև շուրջ 498 մլն ՀՀ դրամ արժեքով կնքված Պայմանագրերի կատարման ընթացքում, Հիմնադրամի ղեկավարության կողմից 2013-2019 թվականներին յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին, նպատակ ունենալով ամբողջությամբ ստանալու ընթացիկ տարվա համար նախատեսված գումարը, ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություններ պարունակող հայտեր, որի արդյունքում Հիմնադրամը ՀՀ պետական բյուջեից հավելյալ ստացել է շուրջ 70 մլն ՀՀ դրամ գումար, որն էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից չի հաշվարկվել և չի հաշվանցվել հետագայում վճարվելիք գումարներից։ Բացի այդ, պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում հատկացված շուրջ 498 մլն ՀՀ դրամ գումարից մոտ 174,3 մլն ՀՀ դրամ գումարը, որպես աշխատավարձ, տրամադրվել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Տ. Թ.-ին՝ որպես Ծրագրի գիտական ղեկավար և Լ. Հ.-ին՝ որպես Ծրագրի տնօրեն:

Պարզվել է նաև, որ Հիմնադրամի կողմից 2012 թվականին նախաձեռնվել և իրականացվել է Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող 370 քմ մակերեսով տարածքի վարձակալության հանձնման գործընթացը ՍՊ ընկերությանն՝ ամսական ընդամենը 480 000 ՀՀ դրամ արժեքով, 25 տարի ժամկետով, որի արդյունքում Հիմնադրամը և պետությունը զրկվել են հավելյալ շուրջ 37 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից: Բացի այդ, պարզվել է, որ հիմք-փաստաթղթերի և պայմանագրի համաձայն՝ նշված տարածքները պետք է ծառայեին ուսանողներին և քաղաքացիներին, որպես նոր գիտելիքներ ստանալու, մշակութային զարգացվածություն ապահովելու վայր, գրադարան-սրճարան, մինչդեռ փաստացի գործում են որպես գիշերային ակումբներ, փաստաբանական և թարգմանչական գրասենյակներ:

Ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից պարզվել է նաև, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի ռեկտոր Կ. Հ.-ն առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման, խախտելով աշխատանքային օրենսդրության պահանջները, միանձնյա արձակել է հրամաններ, որոնց հիման վրա ինքն իրեն հատկացրել է ընդհանուր 5,44 մլն ՀՀ դրամի չափով պարգևատրում և լրավճար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամին։

Միաժամանակ պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված պահանջները, որի արդյունքում թվով 16 ուսանողների անհիմն կամ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթային հիմքերով տրամադրվել է ընդհանուր 2,9 մլն ՀՀ դրամի զեղչ, ինչպես նաև թվով 41 ուսանողներից գանձվել է ընդհանուր 4,3 մլն ՀՀ դրամի ուսման վարձերի ավել գումար։ Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի թվով 9 ուսանողներ, տևական ժամանակ բացակայելով ՀՀ տարածքից, փաստացի չեն հաճախել դասընթացներին և չեն մասնակցել քննաշրջաններին, սակայն նրանց բացակայությունները չեն արձանագրվել Հիմնադարամի աշխատակիցների կողմից, ինչպես նաև քննական տեղեկագրերում, ներառելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ, նշանակվել են միավորներ, որի արդյունքում էլ նշված ուսանողները փոխադրվել են հաջորդ կուրս և հետագայում ստացել անհատական համարանիշներով պետական նմուշի ավարտական դիպլոմներ։ Եվս թվով 4 ուսանողներ փաստացի բացակայել են ՀՀ տարածքից, սակայն նշված ժամանակահատվածում իրենց անունից Հիմնադրամին ներկայացվել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող պրակտիկայի վերաբերյալ հաշվետվություններ։ Միաժամանակ ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից ուսման գործընթացի կազմակերպման պայմանները, որի արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված չափորոշիչները և չի ապահովել լսարանների լրակազմերի համար անհրաժեշտ մակերեսները, որի պայմաններում հնարավոր չէր իրականացնել արդյունավետ դասապատրաստում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի և ՍՊ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրով Հիմնադրամին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հանգստյան տունը վարձակալության է հանձնվել շուկայականից զգալի ցածր վարձավճարով՝ ամսական ընդամենը 180 000 ՀՀ դրամ արժեքով, 7 տարի ժամկետով, որից որպես եկամուտ Հիմնադրամն ամսական ստացել է ընդամենը 56 400 ՀՀ դրամ: Բացի այդ, վերլուծվել է Երևան քաղաքի Հ. Էմինի փ. 123 հասցեում գտնվող Հիմնադրամի հանրակացարանի գործունեության արդյունավետությունը, որի արդյունքում արձանագրվել է, որ Հիմնադրամը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանի պահպանման համար ծախսել է շուրջ 125 մլն ՀՀ դրամ գումար, սակայն միևնույն ժամանակ հանրակացարանի գործունեության արդյունքում մուտքագրվել է ընդամենը 31,4 մլն ՀՀ դրամ վարձավճար։ Ըստ էության, հանրակացարանի նման անարդյունավետ գործունեության արդյունքում Հիմնադրամին պատճառվել է շուրջ 93 մլն ՀՀ դրամի վնաս։

Ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտոր Կ. Հ.-ն, որպես հնոցապան, հրամանագրել է անձի, ով հրամանագրման պահին և հետագայում աշխատանքային ողջ ժամանակահատվածում գտնվել է արտասահմանում, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել ու դուրս է գրվել ընդհանուր 690 000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ: Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից, խախտելով գնումների օրենսդրության պահանջները, առանց մրցույթի ընդհանուր 4,2 մլն ՀՀ դրամ արժեքով ծառայությունների մատուցման մասին քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվել Հիմնադրամի ֆինանսական վարչության պետ Հ. Ղ.-ի որդու՝ Ա. Ա.-ի և ևս մեկ անձի հետ։

Հիմնադրամի կողմից հայտարարված և իրականացված գնման ընթացակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թվով 3 գնման գործընթացներում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ, որի արդյունքում Հիմնադրամի ֆինանսական միջոցներից հավելյալ ծախսվել է շուրջ 12 մլն ՀՀ դրամ գումար՝ էական վնաս պատճառելով Հիմնադրամի և պետության օրինական շահերին։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն․ հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Գավառի  պետական համալսարան»  հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն:

 

Ուսումնասիրվել են 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված գնման, աշխատավարձերի հաշվարկման և վճարման գործընթացները, Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունը և արդյունավետությունը, ինչպես նաև ուսման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, որոնց արդյունքում արձանագրվել են ընդհանուր 11,8 մլն․ ՀՀ դրամի ֆինանսական խախտումներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցների կողմից հնարավոր կեղծիքներ կատարելու մի շարք դեպքեր:

 

Մասնավորապես՝ ուսումնասիրությունն ընդգրկող ժամանակահատվածում Ծառայության կողմից փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման Ռեկտորի կողմից իրեն հատկացվել են  լրավճարներ: Բացի այդ, թվով 33 ուսանողների՝ փաստացի ՀՀ-ից բացակայելու, դասընթացներին և քննաշրջաններին չմասնակցելու պայմաններում, Հիմնադրամի համապատասխան դասախոսների և աշխատակիցների կողմից հաճախելիության և առաջադիմության մատյաններում այդ մասին համապատասխան նշումներ չեն կատարվել, այլ կազմվել և հաստատվել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր: Նույն ժամանակահատվածում Հիմնադրամի թվով 15 աշխատակիցներ, փաստացի բացակայելով ՀՀ տարածքից և (կամ) չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ: Հիմնադրամի թվով 9 աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ժամաքանակները սահմանելիս Հիմնադրամի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջները, որի արդյունքում նշված աշխատակիցները ստացել են հավելյալ աշխատավարձ: Հիմնադրամի թվով 3 տրանսպորտային միջոցների վառելիքը ծախսագրվել է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի N 1001-Ն որոշմամբ սահմանված ծախսի նորմատիվների շեղումներով, ինչպես նաև ավտոմեքենաների վառելիքի ծախսի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերում, մասնավորապես ուղեթերթիկներում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ օրենսդրական կարգավորումների խախտմամբ, կամայական եղանակով, շուկայականից էական ցածր գներով վարձակալության են հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին պատկանող թվով 2 հասարակական նշանակության տարածքներ, իսկ Հիմնադրամի հանրակացարանի շահագործումն իրականացվել է ոչ արդյունավետ:

 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

 

 

Հարկ է նշել, որ  Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից   ևս մեկ ուսումնասիրություն իրականացվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքները կհրապարակվեն ամփոփվելուց հետո:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 

Ուսումնասիրվել են ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների` թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման գործընթացը․ հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների  արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա խնդիրների մասին, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Արդյունքում պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկներ արտահանվել է ավելի քան  381 տոննա կերամիկական թափոններ: Նշված ժամանակահատվածում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպությունների կողմից կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերի փաթեթներում առկա տեղեկությունների արժանահավատությունը չի գնահատել և տրամադրել է արտահանման լիցենզիաներ այն պարագայում, որ նշված թափոնների ձեռքբերման, ինչպես նաև որպես վաճառքի գին նշված արժեքները եղել են շուկայական նվազագույն արժեքներից էական՝ մոտ 10 անգամ պակաս:

 

Լիցենզիա ստանալու համար կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերին կից փաստաթղթերի փաթեթներում առկա փորձագիտական եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թանկարժեք մետաղների քանակությունները էականորեն պակաս են ներկայացված, բացի այդ թանկարժեք մետաղների գների աճին զուգահեռ եզրակացություններում համապատասխանաբար նվազ են ներկայացվել թանկարժեք մետաղների քանակները, ինչի արդյունքում արտահանվող ապրանքի արժեքը մնացել է նույնը:

 

Ընդ որում փորձագիտական եզրակացությունները, որոնք ներառվել են  մաքսային  մարմնին ներկայացված փաստաթղթերի փաթեթներում, արտահանման ենթակա ապրանքների ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները չեն բնութագրել, սակայն մաքսային մարմնի կողմից կերամիկական թափոնների արտահանման գործընթացի և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների ու դրանց պահպանման նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չի իրականացվել և երբևէ մաքսային փորձաքննություններ չեն նշանակվել:

 

Բացի այդ, թվով 87 դեպքերում կերամիկական թափոնների արտահանումն իրականացվել է առանց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պետական վերահսկողական ակտի, իսկ թվով 66 դեպքերում արտահանման փաթեթներում ներկայացված պետական վերահսկողության ակտերը չեն բնութագրել արտահանման ենթակա ապրանքի ողջ ծավալի և խմբաքանակի կազմը և հատկանիշները։

 

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ 2015-2018 թվականների ընթացքում 2 կազմակերպություններ՝ առանց արտահանման լիցենզիայի և պետական վերահսկողական ակտի 22 խմբաքանակով ՀՀ-ից երրորդ երկրներ են արտահանել շուրջ 28 տոննա կերամիկական թափոններ:

 

2018-2022 թվականների ընթացքում ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահման փաստաթղթերով ներկայացված իրականությանը ակնհայտ չհամապատասխանող արժեքների փոխարեն  շուկայական նվազագույն գներով հաշվարկի դեպքում արտահանված կերամիկական թափոնների ընդհանուր արժեքը կկազմեր շուրջ 26 մլրդ. ՀՀ դրամ, որի գծով պետք է առաջանար մոտ 5,5 մլրդ. ՀՀ դրամի հարկային պարտավորություն:

 

Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն. դրամի վնաս

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացմամբ, սերմերի ստացմամբ ու վերարտադրությամբ, ինչպես նաև տոհմային անասնաբուծության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող, 100 % պետական մասնաբաժին ունեցող «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված ընդհանուր առմամբ շուրջ 557 մլն. դրամի վնաս:

 

Մասնավորապես, ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերությունում hացահատիկային, հատիկընդեղենային և կերային մշակաբույսերի փաստացի ստացված բերքը միջին բերքատվության ցուցանիշներից էականորեն պակաս է կազմել, իսկ 2019-2022 թվականներին՝ 2018 թվականի համեմատ գրանցվել է բերքատվության ցուցանիշների կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի անկում, ինչի արդյունքում ընկերության իրացումից հասույթը պակաս է ձևավորվել նվազագույնը շուրջ 497 մլն. դրամով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ցածր բերքատվությունը հիմնականում պայմանավորված է եղել սերմնաբուծության գործընթացի անարդյունավետ կառավարմամբ, ինչպես նաև ցանքային նորմաներից գրեթե կիսով չափ պակաս քանակով սերմեր ցանելով, այն դեպքում, երբ ցանքի նպատակով ընկերության պահեստից դուրս են գրվել համապատասխան նորմաներից մոտ 4,5 մլն. դրամի ավել քանակով սերմեր: Ընդ որում, իրականացված չափագրումների արդյունքում փաստագրվել է, որ միայն 2021-2022 թվականներին ցանվել է ցանքային նորմայից միջինը՝ 50 %-ով, մոտ 5.6 մլն. դրամի պակաս սերմ, իսկ 2022 թվականի բերքահավաքից հետո ընկերության պահեստում արձանագրվել է շուրջ 7 տոննա, 1,5 մլն. դրամ արժողությամբ ցորենի սերմի պակասորդ:

 

Բացի այդ, խախտելով «Սերմերի մասին» օրենքի դրույթները, ընկերության արտադրական ցանքատարածություններում 2021 թվականին ցանվել են ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված, տնտեսական օգտակարության պետական փորձարկում չանցած, հավաստագրման ոչ ենթակա աշնանացան ցորենի և գարնանացան գարիի սորտեր՝ ընկերությանը հասցնելով նախնական հաշվարկով 27 մլն. դրամի վնաս:

 

Ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև, որ Ընկերության ցանքատարածությունների հիմնական մասը գտնվում են անբարենպաստ վիճակում, աղբոտված են տարբեր տեսակի մոլախոտերով, գարնանացան գարիի ցանքատարածությունում առկա է աշնանացան ցորենի խառնուրդ, իսկ կորնգանի դաշտում առկա է չհաշվառված և ոչ մի կերպ չարձանագրված աշնանացան ցորեն:

 

Ընկերության հասույթի ձևավորման ուղղություններից է նաև կաթնաապրանքային ֆերմայի գործունեությունը, ինչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների հարկադիր մորթից գոյացած տավարի միսը ընկերության կողմից իրացվել է միջին շուկայական արժեքից չհիմնավորված ցածր գներով՝ շուրջ 11 մլն. դրամով պակաս, իսկ մորթը և դրա արդյունքում ստացված մթերքի իրացումն իրականացվել է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթների կոպիտ խախտումներով:

 

Իրականացված կապիտալ ծախսերի ուսումնասիրության արդյունքում, ընկերության անասնաշենքի վերակառուցման և ջերմատան կառուցման աշխատանքներում արձանագրվել են շուրջ 11 մլն. դրամի չհիմնավորված կամ անարդյունավետ ծախսեր։

Ուսումնասիրության հայտնաբերված առանձին խախտումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություններ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց լիազորություններից բխող միջոցներ ձեռնարկելու համար:

 

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ուսումնասիրութամբ բացահայտված խախտումները պարունակում են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։