Հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը.

ՀՀ Ազգային ժողովում երկու ընթերցումներով ընդունվելուց հետո՝ ՀՀ նախագահի կողմից ս.թ. հունիսի 26-ին ստորագրվել է, հունիսի 27-ին հրապարակվել և հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը:

ՊՎԾ մասին օրենքում կատարված փոփոխություններից առանցքային են՝

• ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվել է Պետական վերահսկողական ծառայությանը:

Այդ լիազորությունն այսուհետ կիրականացվի Ծառայության կազմում հատուկ այդ նպատակով կազմավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանման՝ «Ֆինանսաբյուջետային հսկողության և ֆինանսական վերահսկողության վարչության» գործունեության միջոցով:

• ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Տեղական ինքնակառավարման մարմիններում մինչ այս գործող օրենքով լիազորված էր իրականացնելու ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով, իսկ այսուհետ՝ նոր կարգավորումների համաձայն, ՏԻՄ-երում Ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվելու նաև ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ՝ ի թիվս դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման գործառույթի: Բացի այդ, Ծառայությունը ՏԻՄ-երում և նրանց ենթակա հիմնարկներում իրականացնելու է նաև վերահսկողություն հանրային գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

Կարևոր է նշել նաև, որ այսուհետ Ծառայության լիազորությունների իրականացման նկատմամբ խոչընդոտներ ստեղծելն առաջացնելու է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում Ծառայության վերահսկողական գործառույթներն անխոչընդոտ իրականացնելու համար:

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորեւ (կից հղմամբ).https://www.supervision.am/law/

Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի փոփոխությամբ Տեղական ինքնակառավարման մարմիններում կընդլայնվի գնումների գործընթացների օրինականության վերահսկողությունը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից վերահսկվող գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, դրանց կիրառմամբ ռիսկերի գնահատման մեթոդաբանությամբ ընտրանքի իրականացման, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի» կիրարկմամբ 2025 թվականի ընթացքում՝ հունիսի 1-ի դրությամբ դիտարկվել են թվով 6878 հանրային գնման ընթացակարգեր: Միայն 1-ին եռամսյակի ընթացքում դիտարկվել է թվով 3499 գնման ընթացակարգ, որից թվով 1050-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ առավել ռիսկային են գնահատվել 106 ընթացակարգեր, որոնց նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ գրություններ են ներկայացվել պետական կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային և 50% ավել պետական մասնակցությամբ գործող կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազոր մարմիններ։ 2025 թվականի 2-րդ եռամսյակում հունիսի 1-ի դրությամբ իրականացվել է թվով 3379 գնման ընթացակարգի առաջնային ռիսկերի գնահատում: Իրականացված վերահսկողությամբ պատվիրատուներին են ներկայացվել թվով՝ 167 առաջարկություն գնման ընթացակարգերը գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Այդ թվում՝ գնման ընթացակարգերի հրավերների խտրականության կանխարգելման ուղղությամբ՝ 96 առաջարկ, որի արդյունքում իրականացվել են հրավերների տեխնիկական բնութագրերի համապատասխանեցում գնումների օրենսդրության պահանջներին: Բացահայտվել և պատվիրատուներին են ներկայացվել գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց  թվով 6 մասնակցության դեպք: Նշված դեպքերով տրվել են առաջարկություններ՝ իրավախախտ ընկերություններին գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող անձանց «սև» ցուցակ ներառելու ուղղությամբ, միևնույն ժամանակ «սև» ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ փոխկապակցված թվով 22 ընկերության և վերջիններիս կողմից հանրային գնումների գործընթացներում ունեցած մասնակցության վերաբերյալ նյութերը տրամադրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու: 2024 թվականի 4-րդ եռամսյակում դիտարկված ընթացակարգերից թվով 65-ի վերաբերյալ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու մասին տեղեկատվություն է տրամադրվել պատվիրատուներին՝ համապատասխան կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու նպատակով:

2025 թվականի առաջին 5 ամիսներին Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված ռիսկերի գնահատման և ստացված հանրագրերի արդյունքում նախաձեռնվել է թվով 18 մշտադիտարկում՝ մնացորդային ռիսկեր պարունակող պայմանագրերի կատարման և կառավարման գործընթացների շրջանակում: Արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիմքով տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ վարչապետին, ինչպես նաև ներկայացվել  են օրենսդրական բարեփոխումների առաջարկներ: Թվով 7 մշտադիտարկման վերաբերյալ կազմված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն ընթացքը լուծելու համար, որոնց կապակցությամբ՝ բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Միևնույն ժամանակ Ծառայության կողմից նախաձեռնվել և իրականացվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ, ինչը նախանշված ռիսկերի պայմաններում ավելի մեծ հնարավորություն կընձեռի նաև տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացնելու հանրային գնումների գործընթացների օրինականության ուղղությամբ վերահսկողություն: Նշվածով պայմանավորված՝ փոփոխության կենթարկվի Ծառայության ղեկավարի համապատասխան հրամանով ներդրված գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը՝ հնարավորություն ընձեռելով ապահովել գնման գործընթացների առավել արդյունավետ վերահսկողություն նաև տեղական ինքնակառավարման մարմիններում:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ ԱԺ պատգամավորների կողմից հնչեցված հարցադրումներին

ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

Նիստի ընթացքում Ծառայության ղեկավարը ամփոփեց ՊՎԾ կողմից 2024 թվականին իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքները` ընդգծելով իրականացված աշխատանքների արդյունավետությանն առնչվող մի շարք ակնառու ցուցանիշներ և վիճակագրական տվյալներ։

Հաշվետու տարվա ընթացքում Ծառայության կողմից պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում իրականացվել են 159 մշտադիտարկումներ, որոնցից 114-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 40-ը տեղափոխվել են 2025 թվական։ Բացի այդ, իրականացվել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22-ը ամփոփվել են 2024 թվականին, իսկ 5-ը տեղափոխվել են 2025 թվական։

ՊՎԾ գործունեության արդյունքում 2024 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 922 մլն ՀՀ դրամ:

Արդյունքային ցուցանիշները՝ համառոտ.

📌 2024 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում եւ նրանց ենթակա կազմակերպություններում Ծառայությունն իրականացրել է 27 ուսումնասիրություն եւ 159 մշտադիտարկում։

📌 2024 թվականի ընթացքում Ծառայության կողմից վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 922 մլն ՀՀ դրամ

📌 Ծառայության վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում 69 տեղեկանք և տեղեկատվություն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հետագա քրեաիրավական ընթացքն ապահովելու համար. այդ գործերից 63-ի հիմքով արդեն նախաձեռնվել են քրեական վարույթներ:

📌 Սույն թվականի մայիսի 29-ին Ազգային Ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ մինչ այս Ֆինանսների նախարարության լիազորությունների մեջ մտնող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունն այսուհետ վերապահվեց Պետական վերահսկողական ծառայությանը:

Բացի այդ, նոր օրենքով Ծառայության վերահսկողական լիազորություններն ընդլայնվեցին նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում՝ պետական բյուջեից տրամադրվող պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության իրականացման մասով: