Շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ«Զինառ» ՓԲԸ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում:

2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Զինառ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 908 որոշման համաձայն: Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը:

Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտուր, կենցաղային սպասարկման ծառայություններ, զինվորական համակարգի ստորաբաժանումներում և տեղամասերում) իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը։

Խախտումները մասնավորապես վերաբերվել են՝

  • Ընկերության կողմից խանութ-թեյարանների գծով իրականացված գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 82 մլն դրամի խախտումներ, մասնավորպես, խանութ-թեյարանների վարձավճարների հաշվարկման կարգի խախտմամբ պայմանագրային գների հաշվարկման արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել, առանց պայմանագրերի, կամ առանց որևէ իրավական հիմքերի գործել են խանութ-թեյարաններ, կնքված պայմանագրերով սահմանված չափից վարձավճարները պակաս են հաշվարկվել և գանձվել։
  • Ընկերությանը պատկանող արտադրակենցաղային կոմբինատի աշխատակիցներին վճարվել է շուրջ 7.7 մլն դրամ աշխատավարձ այն պարագայում, երբ նույն ժամականահատվածում արտադրական գործունեություն չի իրականացվել և տվյալ տարածքում արտադրական գործունեություն է իրականացրել մեկ այլ ընկերություն։ Ավելին, կոմունալ ծառայությունների համար շուրջ 1.2 մլն դրամ «Զինառ» ՓԲԸ-ն վճարել է գործունեություն իրականացրած կազմակերպության փոխարեն։
  • 2017-2018 թվականների ընթացքում որպես փաստացի ծախս ավել է արտացոլվել, կամ շահույթը պակաս է հաշվարկվել շուրջ 50 մլն դրամով, որից զուտ շահույթը պակաս է հաշվարկվել և ՀՀ ՊՆ արտաբյուջե պակաս է վճարվել շուրջ 32 մլն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե պակաս շահութահարկ է վճարվել շուրջ 8 մլն դրամ:
  • 2017-2018 թվականների ընթացքում Ընկերության դրամարկղից կանխիկ ելքագրված և առհաշիվ տրված գումարներից շուրջ 12 մլն դրամի իրականացված ծախսերը չեն հիմնավորվել՝ բացակայել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերը,

— Հաստիքացուցակում ներառվել է լիազոր ներկայացուցչի հաստիք, որը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը, իսկ լիազոր ներկայացուցչին վճարված շուրջ 4.5 մլն դրամի աշխատավարձը չի հիմնավորվել։

  • Կանոնակարգված չէ զորամասերում ինչպես սուրճի վենդինգային ապարատների տեղադրման, այնպես էլ խանութ-թեյարանների շահագործման գործընթացը: Չի հիմնավորվել Ընկերության կողմից սուրճի վենդինգային ապարատների տեղադրման համար տարածքների հատկացումը: 2019թ-ին թվով 10 զորամասերում գործել են թվով 15 սուրճի վենդինգային ապարատներ առանց պայմանագրերի կամ որևէ իրավական հիմքերի, որի արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել։
  • Չի պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում Ընկերության կողմից ձեռք է բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։

Համադրելով ստացված արդյունքը և ծախսված միջոցները՝ արդյունավետության վերահսկողության տեսանկյունից առաջարկվել է դադարեցնել Զինառ ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին:

Տեղեկանքի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Շնորհավորանք՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ջերմորեն շնորհավորում է  ԱԻՆ բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Փրկարարի մասնագիտությունը ամենամարդասիրականներից է: Պետք է ունենալ կամք, ուժ և անսահման նվիրվածություն՝ վտանգները անտեսելով ՄԱՐԴՈՒՆ և ԲՆՈՒԹՅՈՒՆԸ փրկելու համար: ՀՀ ԱԻՆ աշխատակիցները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց բարձր մարդկային և մասնագիտական որակները՝ օգնության հասնելով ոչ միայն հայ մարդուն և հայոց պետությանը, այլ նաև բարեկամ ժողովուրդներին և պետություններին: Փրկարարի աշխատանքը գնահատանքի և մեծարանքի է արժանի:

 

Վարչապետին ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները:

Այսօր ներկայացվել է Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող, ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի զեկուցմամբ: Նա նշել է, որ իրականացված միջոցառումների հիմքում եղել են ՀՀ կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» հատվածի գերակայությունները և այդ պայքարում կառավարության որդեգրած քաղաքականությունը: Վերահսկողական գործընթացներն իրականացվել են կոռուպցիան ծնող պատճառների վերհանման և դրանց վերացմանը միտված գործողությունների իրականացման սկզբունքով։

Մասնավորապես, կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրի միջոցառումների շրջանակում ՊՎԾ-ն մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակմանը, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվել է ՊՎԾ ղեկավարը: 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին 4 ամսում կատարվել են ավելի քան 39 ուսումնասիրություն և 90 մշտադիտարկում, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ և այլն։ Արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են ՀՀ պետական բյուջեի որոշակի տնտեսումներ: Մշակվել և համապատասխան մարմիններին են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների և տարբեր ոլորտների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին առաջարկություններ: ՀՀ կառավարության՝ պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրման առաջնահերթության շրջանակում իրականացվել են www.gnumner.am պաշտոնական կայքում հրապարակված գնման ընթացակարգերի հրավերների մշտադիտարկումներ, տարբեր կազմակերպությունների ներկայացվել են դրանք «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու առաջարկներ։

Կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են նաև կառուցվածքային բարեփոխումներ, մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներ, մշակվել են ներքին կանոնակարգային փաստաթղթեր և այլն: Քաղաքացիների հետ շփման մատչելիության ապահովման նպատակով ՊՎԾ-ում գործարկվել է դիմումների առցանց ընդունման համակարգ: Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի մասին տեղեկատվություն:

Հաշվետվությունը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊՎԾ գործունեությանն առնչվող մի շարք հարցերի: Վարչապետը, մասնավորապես, իր դիտարկումներն է ներկայացրել հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կապակցությամբ, կարևորել այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների միջև փոխհամաձայնեցված աշխատանքը և ինստիտուցիոնալ գործառույթների կրկնության վերացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է ՊՎԾ գործունեության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, այն ավելի հրապարակային, թափանցիկ և հաշվետու դարձնելու հարցում և տվել մի շարք հանձնարարականներ:

Հանդիպում ՀՀ ԶՈՒ պարենավորման պատվիրակման փորձնական ծրագրի մասնավոր հատվածի գործընկեր կազմակերպությունների հետ

Սույն թվականի օգոստոսի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյանի հրավերով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում կայացավ աշխատանքային քննարկում ՀՀ Զինված ուժերի պարենավորման պատվիրակման փորձնական ծրագրի մասնավոր հատվածի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյանի կողմից մեկ անգամ ևս ներկայացվեց ՀՀ Կառավարության կողմից ՀՀ Զինված ուժերում պարենավորման փորձնական ծրագրի ներդրման, կայացման և պետություն-մասնավոր հատված գործընկերության կարևորության և հետագա զարգացման անհրաժեշտությունը։  Մասնավոր հատվածի գործընկերներին ներկայացվեց փորձնական ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ Կառավարության տեսլականը՝ ընդգծելով ծրագրի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու՝ ՀՀ կառավարության պատրաստակամությունը։ Մասնավոր հատվածի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին նաև փորձնական ծրագրի մեկնարկից ի վեր ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման կապակցությամբ վերջիններիս առաջարկությունները։ Ընդգծվեց ինչպես նախկինում առաջացած մի շարք խնդիրներին ընթացիկ վերահսկողական աշխատանքների միջոցով տրված լուծումների կարևորությունը, այնպես էլ՝ հետագայում ևս ի հայտ եկած հնարավոր խնդիրներին ականջալուր լինելու և  փոխադարձ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյանի կողմից, ի կատարումն ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի, ներկայացվեց ՀՀ զինված ուժերում սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման համար  ապագայում գնման ընթացակարգերի միջոցով մրցակցային հիմունքներով մրցույթներ անցկացնելու ՀՀ Կառավարության դիրքորոշումը՝ միաժամանակ կարևորելով մրցույթային փաթեթների և տեխնիկական բնութագրերի ճշգրիտ կազմման համար ՀՀ պաշտպանության նախարարության և մասնավոր հատվածի գործընկերների համատեղ  աշխատանքի անհրաժեշտությունը։