ՀՀ ՊՎԾ 2020թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:

Ընդհանուր առմամբ Ծառայությունում իրականացվել են 9 ուսումնասիրություններ, ավելի քան 80 մշտադիտարկումներ (որոնցից որոշ մասը հրապարակման ոչ ենթակա), ՀՀ կառավարությանն են ներկայացվել մի շարք առաջարկություններ ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Ամփոփված տեղեկանքները որոշ դեպքերում ուղարկվել են իրավապահ մարմիններին` իրավական գնահատական տալու նպատակով, կան հարուցված քրեական գործեր:

Ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում կազմված տեղեկանքների հիման վրա, մի շարք դեպքերում, իրավապահ մարմինների քննչական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պատճառված վնասի չափով գումարը:

Մեկ դեպքում՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 1.2 մլրդ դրամ, որպես լրացուցիչ շահաբաժին, փոխանցել ՀՀ պետական բյուջե, ինչը 2020 թվականի մայիսի 5-ին կատարվել է:

Ավելի վաղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ոստիկանությունում արձանագրված խտրական գնման գործընթացների բացառմամբ, մրցակցային իրավահարաբերությունների ապահովմամբ ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:

Ամփոփվում են ուսումնասիրությունները «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում:

Ընթացքի մեջ են «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունները, ինչպես նաև մի շարք մշտադիտարկումներ:

Ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն իրականացվել են ռիսկերի վեր հանման և գնահատման, ՀՀ վարչապետի հանձնարարականների, քաղաքացիների դիմում-բողոքների և մամուլի հրապարակումների հիման վրա:

Մշտադիտարկվում է համավարակի դեմ տարվող աշխատանքներում ներգրավված բոլոր պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները (վարակակիրների հայտնաբերում, մեկուսացում, ինքնամեկուսացում, թեստավորում, հոսպիտալացում, իրազեկում, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժում, պարետի որոշումների պահպանման նկատմամբ վերահսկողություն):

Հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունում մուտքագրվել են 270 քաղաքացիների դիմում-բողոքներ։ Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։

Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են  դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։

Էլեկտրոնային եղանակով ստացվել են թվով 30 տեղեկատվական հարցումներ (4-ը՝ քաղաքացու կողմից,     4-ը՝ հասարակական կազմակերպությունից, 20-ը՝ լրագրողից, 1-ական պետական և մասնավոր կազմակերպությունից, 1-ը՝ փաստաբանի կողմից), ինչպես նաև ստացվել են 34 բանավոր հարցումներ լրատվամիջոցների կողմից։

      «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերի համաձայն պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման իրավասու մարմիններին հասցեագրվել են թվով 89 դիմումներ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն: Պատրաստվել է 102 հանձնարարական։

  Կատարվել է 95 քաղաքացիների ընդունելություն, որոնց ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:

Պաշտոնապես գործող տեղեկատու հեռախոսահամարի միջոցով 265 քաղաքացիների տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։

Կատարված աշխատանքներին անբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական կայք հետևյալ հղումով՝

https://www.supervision.am/%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-2020-1-%d5%ab%d5%b6-%d5%af%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%af/ :

Հարուցվել է քրեական գործ ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա. չարաշահումներ մշակույթի նախարարության` 2015-2016թթ. գործունեության ընթացքում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։  Համաձայն դրա՝  N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ․ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և պատրաստ է իր միջոցների հաշվին այդ հասցեում գտնվող հողամասում, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու և Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով վերնահարկ` որպես համերգային դահլիճ:

Այդ որոշմամբ դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվել` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և նշված աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվել է ՍՊԸ-ին:

Կաթսայատան և վերնահարկի շինաշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 102 մլն դրամ, իսկ նշված 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական արժեքը 2012թ․հուլիսի 23-ի դրությամբ կազմում է 100 մլն դրամ:

Կաթսայատան և վերնահարկի աշխատանքների իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքվել է գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով նշված գույքերը:

ՀՀ մշակույթի նախարարության և ըկերության միջև կնքված գլխավոր կապալի պայմանագրով շինարարության ավարտի ժամկետ է սահմանվել 2,5 տարին, իսկ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է նախարարության վրա։

Պարզվել է սակայն, որ նշված համալիրը մինչ օրս չի կառուցվել, ՀՀ կառավարության նշված որոշմամբ չի սահմանվել համալիրի կառուցման նկատմամբ հսկողության պարտավորություն և ժամկետ, պետական սեփականություն հանդիսացող նշված հողամասի և կաթսայատան շուկայական գնահատում չի իրականացվել և շինաշխատանքների նախահաշիվ ու նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ն, դառնալով պետական սեփականություն հանդիսացող նշված 335.3 քառ. մետր մակերեսով հողամասի սեփականատեր և իր ակտիվում ունենալով միայն նշված հողամասը, 2016թ. սեպտեմբերին օտարվել է 160 մլն. դրամով, իսկ 2019թ. մարտ ամսին հողամասը գրավադրվել է բանկում՝ գնահատվելով 194 մլն դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշման մեջ ներառվել են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի, ինչպես նաև՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինաշխատանքների արժեքի վերաբերյալ առերևույթ կեղծ տվյալներ:

Բացի այդ, 2015թ․ հունիսին փոփոխվել է ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշումը և սահմանվել է, որ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված շինաշխատանքների փոխարեն ՍՊԸ-ն պետք է ձեռք բերի 82.477.000 դրամ արժեքով երաժշտական գործիքներ, իսկ ձեռքբերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ մշակույթի նախարարության վրա։

2016թ. մայիսի 12-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ ընդունվել են 83.611.570 դրամ արժեքով երաժշտական գործիքները: Սակայն ՀՀ ՊՎԾ աշխատակիցների նախաձեռնած փորձաքննությամբ պարզվել է, որ դրանից ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնված 47.265.000 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) 10 ջութակների և 2 ալտերի իրական շուկայական արժեքը կազմում է 22.950.000 դրամ կամ 24.315.000 դրամով պակաս:

Այսինքն ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի ներկայացուցչի օժանդակությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրության մեջ ներառել են մատակարարված երաժշտական գործիքների իրական արժեքի վերաբերյալ կեղծ տվյալներ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով առերևույթ հափշտակելով 24.315.000 դրամ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ:

Ուսումնասիրությամբ ի հայտ են բերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Շնորհավորական ուղերձ դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ

 Հարգելի՛ պարոն Դավթյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցներին, համակարգի վետերաններին՝ դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ:

Այսօր ՀՀ դատախազությունը չի խնայում ջանքեր՝ պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին լիարժեք և օբյեկտիվ իրավական գնահատական տալու համար: Օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը լրջագույն մարտահրավերներ են իրավական պետության կերտման ճանապարհին: ՀՀ դատախազության աշխատակիցները պատվով և նվիրվածությամբ  են կատարում իրենց աշխատանքը՝ առաջնորդվելով օբյեկտիվության և օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելու սկզբունքով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ դատախազության համագործակցությունը կայուն և արդյունավետ է եղել: Վստահ եմ, որ առողջ համագործակցությունը և պետական համակարգում եղած կոռուպցիոն երևույթների դեմ համատեղ պայքարը շարունակական են լինելու:

Կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով եռանդ, ուժ և կամք իրավական պետության կերտման ճանապարհին:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ              

                                                                                   ՌԱՖԱՅԵԼ ԶԱՔԱՐՅԱՆ  

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի           1-ին կետի  (առանձնապես խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու)  և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի  (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։