Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ են արձանագրվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:

Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները:

Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։  

Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն․ դրամի  գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում:

Մասնավորապես՝  

  • Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր:
  • Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:
  • Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանք:
  • Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:
  • Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:

Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:

Հիմնադրամի կողմից հիմնադրված ընկերությանը անհատույց հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, շուրջ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և ՀԻմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության արդյունքում ընկերությունը կրել է վնասներ և շահաբաժիններ չի հաշվեգրվել Հիմնադրամի բյուջե: Բացի այդ, ընկերության կողմից իրականացվել է 47 մլն. դրամի (դրամարկղային) Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

ՀՀ ՊՎԾ դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժինը այսուհետ Facebook-ում

Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսուհետ դուք կարող եք ՀՀ պետական համակարգում ձեզ հանդիպած խնդիրների մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայութանը տեղեկացնել Messenger հավելվածի միջոցով:

ՀՀ ՊՎԾ դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի նորաբաց ֆեյսբուքյան էջում դուք կարող եք ուղարկել Ձեր հանրագիրը՝ հետևելով հետևյալ հրահանգներին․

1.«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն լրացրեք ձեր՝

  • Անունը`
  • Ազգանունը`
  • Բնակության հասցեն`
  • Հեռախոսահամարը`
  • և Էլ. հասցեն`

 2.հայերեն լեզվով գրեք ձեր դիմումը և ուղարկեք այն:

Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցները նամակը ստանալուն պես կապ կհաստատեն ձեզ հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն կարող եք դիմել նաև՝

ուղարկելով ձեր կողմից ստորագրված հանրագիրը՝

  • ք. Երևան, Մաշտոցի 47 հասցեով,
  • letters@supervision.am էլ. հասցեով,
  • supervision. am կայքի միջոցով,
  • կամ զանգահարելով՝ 010 313131 հեռախոսահամարով:

 «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է:

ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում Ոստիկանությունը տնտեսել է խոշոր դրամական միջոցներ


ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:
ՀՀ ոստիկանության կողմից Ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ խնայողությունները կազմել են՝
— 2020 թվականի համար միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների նկատմամբ՝ 956,272 (ինը հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր յոթանասուն երկու) հազար ՀՀ դրամ,
-2020 թվականի համար նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում հայտերով ներկայացված նախահաշվային գների նկատմամբ՝ 505,132 (հինգ հարյուր հինգ միլիոն հարյուր երեսուներկու) հազար ՀՀ դրամ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունում խնայողություններն ունեն ավելանալու միտում։

ՊՎԾ 2019 թվականի հաշվետվությունը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները:

Ծառայությունն իր գործառույթների շրջանակներում շարունակաբար ապահովել  է  Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգի մարմիններում, պետական հիմնարկներում և համայնքներում իրականացվել են շուրջ 100 վերահսկողական գործառույթներ (շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, շուրջ 7 տասնյակ մշտադիտարկումներ), որոնց արդյունքում, դեռևս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր և այլն։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել  են նաև ՀՀ պետական բյուջեի տնտեսումներ։

Վերահսկողական գործառույթն իրականացվել է ՀՀ վարչապետի համաձայնությամբ,  Ծառայության ղեկավարի հանձարարագրերի, ինչպես նաև ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-բողոքների, մամուլի հրապարակումների և այլ հիմքերով:

Ուսումնասիրությունների արդյունքում կազմված գրեթե բոլոր տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, ներկայացված են մեղադրանքներ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ իրականացված որոշ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների հիման վրա կազմված տեղեկանքներում առկա են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հրապարկման ենթակա չեն:

Ընդհանուր առմամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել և իրականացվում ՀՀ ոստիկանությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, ՀՀ ՊԵԿ-ում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում,    ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում,  «Հայաստան համահայկական հիմնադրամում», «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում, ՀՀ էկոնոմիկայի (տնտեսական զարգացման և ներդրումների) նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ում, ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում, , , ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում, թվով 6 ջրօգտագործող ընկերություններում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում», Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում,  «Սևանի իշխանի պարշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում,    Երևանի քաղաքապետարանում, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի համայնքապետարաններում, ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում, «ԲԷՑ» ՓԲԸ-ում, «Հայավտոկայան» ՓԲԸ-ում, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում և այլ պետական վերասկողության ենթակա մարմիններում և բնագավառներում:

Որոշ դեպքերում, վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջականացնելու նպատակով իրականացվել են հանդիպակած ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ:

Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ՀՀ-ում իրականացվող ներդրումային ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործընթացներում ներգրավված այլ մարմիններում  կատարվել է ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման գործառույթների օրինականության և արդյունավետության ուսումնասիրություն, որի շրջանակներում կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ Վարչապետին։ Ուսումնասիրությունը շարունակվում է։

Տարվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ՀՀ պետական վերահսկողական ծառայություն հասցեագրվել և գրանցվել են 753 դիմում, որից 14-ը էլեկտրոնային եղանակով ստացված դիմումներ:

Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիներից և զանգվածային լրատվության միջոցներից ստացվել է 50 հարցում, որոնց բոլորին տրվել է պատասխան:

Կատարվել է 163 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:

Ծառայությունը իր՝ www.supervision.am կայքում ներդրել է  քաղաքացիների «դիմումների առցանց ընդունման» համակարգ, որի արդյունքում ՀՀ և օտարերկյա քաղաքացիները իրենց դիմում-բողոքները, հարցումները և առաջարկները կարող են ուղարկել Ծառայություն առցանց տարբերակով, հետևել դիմումի ընթացքին և ներբեռնել դիմումի պատասխանը կայքից:

Ծառայության դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունում գործում է «Թեժ գիծ»: Վերը նշված ժամանակահատվածում 171 քաղաքացիների տրվել է պարզաբանում իրենց կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:Վերահսկողություն իրականացնելու արդյունքում մշակվել և համապատասխան իրավասու մարմիններին ներկայացվել են նաև բազմաբնույթ առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների և հետագա աշխատանքների կատարելագործման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում կատարված աշխատանքներին զուգահեռ նախանշվել են նաև 2020 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

*ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 2019 թվականի առաջին և երկրորդ (տարեկան ամփոփ տվյալների ներառմամբ) կիսամյակների հաշվետվություններին կարելի է ծանոթանալ www.supervision.am պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.supervision.am/%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-2019-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-ii-%d5%af%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a8/։