Պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող  երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝

ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ,

բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ,

գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի նկատմամբ:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ,  գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել:

Ընդհանուր առմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացված և Ծառայության կողմից ռիսկային գնահատված գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումները վերլուծելով՝ նշված գործընթացները կարելի է բնորոշել ոչ մրցակցային, խտրական չափորոշիչների կիրառմամբ, ձևական բնույթի մրցույթներ: Նկարագրված իրավիճակն առկա է մասնավորապես՝ քարթրիջների, պլաստիկ քարտերի, տեսանկարահանման սարքերի ձեռքբերման, ձերբակալված անձանց պահպանման նպատակով սննդի մատակարարման, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման և այլ գործընթացներում։ Առկա է հիմնավոր կասկած մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց կողմից միևնույն մրցույթին կազմակերպված մասնակցության, առերևույթ ոչ արժանահավատ,  կեղծ պայմանագրերի ներկայացման, ներկայացված փաստաթղթերում կեղծ ստորագրություններ դնելու, ուռճացված գներով պայմանագրերի կնքման, ոչ բավարար հիմքերով մասնակիցների մերժման, մրցույթը հաղթած և ապրանքի մատակարարումից կամ ծառայության մատուցումից հրաժարված մասնակցին գնումներին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկի չներկայացման՝ արդյունքում հնարավորություն տալով ավելի բարձր գին ներկայացրած մասնակցին մրցույթում հաղթող ճանաչվելու, տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման ու ընդունման և այլ անօրինական  գործընթացների իրականացման վերաբերյալ: Արձանագրվել է նաև մի շարք գնման ընթացակարգերի փաստաթղթերի փաթեթների կորուստ, որի վերաբերյալ Ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին. ընթանում է ծառայողական քննություն։

ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առանձին դեպքեր մի մասը ներկայացված են ստորև՝

  1. Ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վահան» հիմնադրամին դրամաշնորհների տեսքով փոխանցված գումարներից 368,437,408 դրամը օգտագործվել է հիմնադրամի կանոնադրական նպատակներին ոչ համապատասխան։
  2. ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման գործընթացների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 08.10.2010թ-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «X» ընկերության միջև ՀՀ ոստիկանության կարիքների համար տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման նպատակով կնքվել է գնման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը մրցակցային երկխոսություն գնման ձևով չի հիմնավորվում և այն կրել է ձևական բնույթ, մինչդեռ 19.12.2014թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում գնման առարկաների միավորի գները էապես աճել են։ Ընդ որում, գները բարձրացվել են դեռևս գնման հայտով, որի վերաբերյալ որևէ հիմնավորում ներկայացված փաստաթղթերի փաթեթներում առկա չէ: Այսինքն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից գնման հայտով ներկայացված 3 գնման առարկաների մասով չհիմնավորված բարձր միավոր գների հիման վրա «X» ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ նախկինում առկա պայմանագրի գնման առարկաների միավոր գներից բարձր գներով, որը հանգեցրել է 462,729 ֆրանկ ավել ծախս կատարելուն:
  3. 3. ՀՀ ոստիկանության կողմից «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող սուբսիդիաների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ ՀՀ ոստիկանության և «X» ՍՊԸ-ի միջև հաստատված պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չեն կատարվել, որի արդյունքում առաջացել է ՀՀ ոստիկանության կողմից 1,183,554,400 դրամի վերականգման պահանջ։ Պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը համատեղ քայլեր են ձեռնարկում նշված խնդրի կարգավորման ուղղությամբ։

4Ոստիկանության համար շարժական գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գործընթացներում՝

  • ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ զուգորդված առերևույթ կեղծ փաստաթղթերի կազմմամբ և օգտագործմամբ մեկ գերթանկարժեք տրանսպորտային միջոցի ձեռք բերում երկու միավոր տրանսպորտային միջոցի փոխարեն։
  • Տրանսպորտային միջոցների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգեր՝ պահանջվող ապրանքների խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ: Արդյունքում՝ ներկայացվող գնման հայտերում ներկայացվել են կոնկրետ ապրանքանիշի և կոնկրետ մոդելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով այլ արտադրողների մասնակցությունը։
  • Մի շարք դեպքերում մատակարարվել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրեր ունեցող տրանսպորտային միջոցներ։
  • Մի շարք դեպքերով ՀՀ ոստիկանությանը մատակարարված ավտոմեքենաների արժեքները գերազանցել են տվյալ պահին կազմակերպությունների կողմից այլ տնտեսվարողներին նույնատիպ ավտոմեքենաների մատակարարման գները:
  1. ՀՀ ոստիկանության տրանսպորտային միջոցների սպասարկման պայմանագրերում առկա են ակնհայտ խախտումներ: Մասնավորապես՝ կառավարության որոշումներով մեկ անձից գնման ձևի կիրառմամբ կնքվել է շուրջ 24 պայմանագիր ընդհանուր 1,305,250,000 դրամ գումարով։ Սպասարկվող մեքենաների ցանկում ներառվել են նաև երաշխիքից դուրս գտնվող տրանսպորտային միջոցներ։ Վերջիններիս սպասարկման համար չի իրականացվել մրցակցային ընթացակարգ և ծառայությունները ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։

Հարկ է նշել, որ գնման մրցակցային ընթացակարգ հայտարարելու դեպքում պայմանագրերը կկնքվեին սպասարկման նվազագույն գին առաջարկած կազմակերպությունների հետ, ինչի հետևանքով կարող էին տնտեսվել տեխնիկական սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցները։

Մյուս կողմից, 2017-2019թթ գրանցամատյանների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող տրասնպորտային միջոցները վճարովի սպասարկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող այլ  կազմակերպությունների կողմից:

  1. 6. ՀՀ ոստիկանության կողմից «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ն գտնվում է ՀՀ ոստիկանության փաստացի վերահսկողության ներքո։ Ունենալով իր հաշվեկշռում մեծարժեք ակտիվներ՝ անշարժ գույքի տեսքով, ՀԿ-ն չի ձեռնարկել որևէ քայլ իր սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ ապահովելու ուղղությամբ։ Մինդեռ 2014-2019թթ․ ընթացքում կազմակերպությանը պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից դրամաշնորհի տեսքով 129,468,4 հազ․ դրամ է հատկացվել։ Առկա է խնդիր նաև վերոնշյալ կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի մի մասի կադաստրային գրանցման գործընթացի հետ կապված։ Պետական վերահսկողական ծառայության կողմից առաջարկվել է ՀՀ ոստիկանությանը հստակեցնել իր իրավահարաբերությունը «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ի հետ և նախաձեռնել գործընթացներ վերոնշյալ կազմակերպության ֆինանսական անկախության ամրապնդման ուղղությամբ՝ վերանայելով բյուջետային միջոցներից դրամաշնորհնրի տրամադրումը։

Ամփոփված տեղեկանքն ուղարկվել  է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշների առկայության հարցը քննարկելու նպատակով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։ Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։
Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրում ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ letters@supervision.am էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am):

ՀՈՒՇԱԳԻՐ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Այսօր Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայության և «Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվեց փոխըմռբնման հուշագիր՝ ՀՀ-ում կրթության և գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակների իրագործման և արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով:

Արդյունքում ՀՊՏՀ-ի ուսանողները կընդգրկվեն Ծառայության ուսումնաարտադրական պրակտիկաներում, կկազմակերպվեն ՀՊՏՀ-ի ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունները Ծառայությունում,  կկազմակերպվեն հանդիպումներ Ծառայության աշխատակիցների և ՀՊՏՀ-ի ուսանողների և դասախոսների միջև:

Կողմերը համաձայնեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ուսումնասիրություններ անցկացնել, կազմակերպել Ծառայության աշխատակիցների և ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ և գիտագործնական միջոցառումներ, Ծառայության աշխատակիցներին ՀՊՏՀ-ում ներգրավել որպես հրավիրյալ դասախոսներ:

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում խախտումների ծավալը կազմում է 3,314.0 մլն. դրամ (երեք միլիարդ երեք հարյուր տասնչորս միլիոն դրամ)։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը հանդիսացել է ծրագիրը համակարգող մարմին: Նշենք, որ հիմնադրամի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է։

Հիմնադրամի կողմից ստեղծվել է երկու ՓԲԸ-ներ, որոնց գործունեության հիմնական նպատակը եղել է ձկան վերամշակումը և կենդանի ձկան արտադրությունը։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՓԲԸ-ների միակ բաժնետերը հանդիսացել է հիմնադրամը՝ առևտրային գործունեության արդյունքում գոյացած շահույթը նույնպես պետք է ծառայեր բնապահպանական խնդիրներ լուծելու նպատակով։

2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 9,000․0 մլն (ինը միլիարդ) դրամ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ծրագրով նախատեսված հիմնական նպատակների կատարողականի գնահատման արդյունքում կատարված եզրահանգումը եղել է այն, որ ծրագրով սահմանված նպատակները էականորեն թերակատարված են։

Ուսումնասիրությունն իրականացվել է գնումների գործընթացների, աշխատավարձերի հաշվարկման, գործունեության արդյունավետության, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրային ցուցանիշների կատարողականի նկատմամբ՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում։ Գումարային արտահայտությամբ խախտումների ծավալը կազմում է 3,314.0 մլն. դրամ (երեք միլիարդ երեք հարյուր տասնչորս միլիոն դրամ)։

Ստորև ներկայացված են արձանագրված խախտումները՝

  1. Ոչ մրցակցային կամ «ձևական» գնման արդյունքում կապալառու և ենթակապալառու ընկերությունները տարաբնույթ խախտումներով կատարված աշխատանքների արդյունքում պայմանագրով նախատեսված 8% շահույթի փոխարեն փաստացի ստացել են 86% շահույթ՝ կամ 777.0 մլն. դրամով ավելի։ Կապալառու ընկերության ձեռքբերումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա են 409․0 մլն. դրամի անապրանք փաստաթղթերի ձեռքբերման վերաբերյալ հիմնավոր կասկածներ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 163.0 մլն. դրամ հարկ։
  2. Վերահսկվող օբյեկտի կողմից կատարվել է 1,251.0 մլն դրամի անարդյունավետ ծախս։ Այսինքն՝ վերոգրյալ ծախսերի արդյունքում գոյացած ակտիվները 2-ից 4 տարվա ընթացքում երբևէ չեն օգտագործվել և որևէ նպատակի չեն ծառայել։
  3. Առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ վերահսկվող օբյեկտի կողմից իրականացվել է 273.0 մլն. դրամ վճարում X ընկերությանը, որի դիմաց ապրանքը փաստացի չի ստացվել, սակայն փաստաթղթերով ձևակերպվել է որպես ստացված։
  4. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց ենթադրյալ անգործության հետևանքով Սևանա լճի կանխատեսելի սառցակալման և սառույցի հալման հետևանքով ցանցավանդակները պատռվել են և տեղի է ունեցել 520.0 մլն. դրամի կենսաբանական ակտիվների (ձկներ) և գույքի կորուստ։
  5. Վերահսկվող օբյեկտի հաշվապահական հաշվառման ծառայությունը մատուցվել է երբևէ նման ծառայություն չմատուցած Y ընկերության կողմից։ Վերահսկվող օբյեկտի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել մրցակցային պայմաններում առավել մատչելի ծառայություն մատուցող ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով, որի արդյունքում Y ընկերությունը 128.0 մլն. դրամի ծառայություն մատուցելու արդյունքում ձևավորել է 71.0 մլն դրամ շահույթ։ Բացի այդ, վերահսկվող օբյեկտում աշխատել են ֆինանսիստներ և հաշվետարներ, որոնց հաշվարկվել է 46․0 մլն դրամ աշխատավարձ։
  6. Ուկրաինական Z ընկերությանը իրականացվել է 234.0 մլն. դրամի վճարում, սակայն Z ընկերությունը մինչ օրս չի մատակարարել պայմանագրով նախատեսված աշխատանքային կատամարանը և չի էլ նախատեսվում, որ երբևէ կմատակարարի։ Z ընկերության հետ կապված խնդիրների պատճառը վերահսկվող օբյեկտի գործողություններն են։ Մասնավորապես՝ ապրանքի մատակարարման պայմանագրի փոխարեն (ինչպես նախատեսված էր գնումների պլանով և գնման հրավերով) կապալի պայմանագիր կնքելը, այնուհետև առանց ապրանքը ստանալու՝ վճարումներ իրականացնելը։ Բացի այդ, Z ընկերությանը կատարվել է 55.0 մլն դրամի վճարում, որը չպետք է իրականացվեր։
  7. Աշխատավարձի մասով հայտանաբերվել է 87.0 մլն դրամի տարատեսակ խախտումներ։
  8. Ք. Երևանի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկում վարձակալված 171քմ տարածքում վերահսկվող օբյեկտի կողմից հիմնադրվել է «Պեպո» խանութ-խորտկարանը։ Վերջինիս հիմնադրման և գործունեության նպատակով ծախսվել է 129.0 մլն դրամ, սակայն եկամուտը կազմել է 32 մլն դրամ։ Վերահսկվող օբյեկտի կողմից ճաշացանկերի և նյութածախսի նորմատիվներ չեն սահմանվել և երբևէ միջոցներ չեն ձեռնարկվել նման վնասներով (97.0 մլն դրամ) գործունեության պատճառները բացահայտելու ուղղությամբ։
  9. A ընկերությանը վճարվել է 20.0 մլն դրամ, որպեսզի վերջինս հրաժարվի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված վարձակալական պայմանագրից, որի ժամկետի ավարտին մնացել էր 2 տարի, իսկ 2 տարվա վարձավճարը պետք է կազմեր 640.0 հազ. դրամ։

Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

Ուսումնասիրության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել վերահսկվող օբյեկտի գործարքի կողմ հանդիսացող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ նյութեր, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պահանջով մասնագիտացված գիտական կազմակերպության կողմից ստացվել է կարծիք Սևանա լճում էնդեմիկ «գեղարքունի» և «ամառային» ենթատեսակի իշխան ձկան պաշարների վերականգնմանը և բնական վերարտադրությանը խոչընդոտող պատճառների վերաբերյալ։

Կարծիքում ներկայացված պատճառների վերացման ուղղությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացվել են առաջարկություններ։