Հանրային գնումների ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների հետ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամի գնման  պայմանագրեր. ՊՎԾ  վերահսկողության արդյունքում լուծվել է 79 պայմանագիր և նախաձեռնվել 9 քրեական վարույթ

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 142-Լ հրամանով սահմանված մեթոդաբանության համաձայն՝ 2024 թվականին Ծառայությունը վերլուծություններ է իրականացրել՝ գնահատելու «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում» ընդգրկված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը հանրային հատվածի գնումների գործընթացներում 2023 և 2024 թվականներին։

Ծառայությունը 2024 թվականին իրականացրած վերլուծությունների արդյունքում պարզել է 82 պատվիրատուի կողմից կազմակերպված 121 գնման ընթացակարգերում գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց հետ փոխկապակցված թվով  27 տնտեսվարողի մասնակցության դեպք: Նշված տնտեսվարողները, հանրային գնումների գործընթացներում շրջանցելով օրենքով սահմանված սահմանափակումները, ներկայացրել են առերևույթ կեղծ տվյալներ, հավաստումներ, ինչի հետևանքով պատվիրատուները կնքել կամ նախատեսել են կնքել ընդհանուր ավելի քան 2 մլրդ 264 մլն ՀՀ դրամի չափով գնման պայմանագրեր՝ արդյունքում ակնկալվող շահույթ ստանալու հնարավորությունից զրկելով առավել օրինապահ տնտեսվարողների:

Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին դիտարկվել է թվով 13.680 գնման ընթացակարգ։ Իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող՝ թվով 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին: Ծառայության կողմից ներկայացված վերլուծական փաստերի  համադրմամբ՝ պատվիրատուները լուծել են կնքված 79 գնման պայմանագիր, իսկ գնումների գործընթացների 24 տնտեսվարող ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Ծառայությունը օրենսդրությամբ սահմանված կարգով նշված գործընթացների վերաբերյալ նյութերը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց շրջանակում նախաձեռնվել է 9 քրեական վարույթ 26 տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ:

Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ պետական գնումների համակարգում դեռևս 2010 թվականից գործող՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց կողմից փոխկապակցված այլ անձանց միջոցով սահմանված սահմանափակումները շրջանցելու բազմաթիվ մեխանիզմներ (սողանցքեր)  կան, որոնցից «հաջողությամբ» շարունակում են օգտվել մի շարք անբարեխիղճ տնտեսվարողներ: Այդ իսկ պատճառով Պետական վերահսկողական ծառայության և Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ 2023 թվականից սահմանվեցին Գնումների օրենսդրության տեսանկյունից փոխկապակցված անձանց շրջանակը և վերջիններիս հանրային գնումներում մասնակցության սահմանափակման մեխանիզմները:

2024 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում՝ համագործակցելով Ֆինանսների նախարարության հետ, վերջինիս կողմից ամենօրյա ռեժիմով գնումների պաշտոնական կայքէջում հրապարակվում է «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցներին փոխկապակցված անձանց ցուցակը», ինչը լայն հնարավորություն է ընձեռել պետական կառավարման համակարգի մարմինների՝ գնման  պատվիրատու  հանդիսացող գերատեսչություններին լիարժեքորեն իրացնելու օրենսդրությամբ իրենց վերապահված նախնական հսկողության գործառույթը:

ՊՎԾ-ն հետևողականորեն իրականացնում է վերահսկողություն հանրային գնումների ոլորտում՝ բացահայտելու, կանխարգելելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիների ընդունելություն ՊՎԾ-ում

Պետական վերահսկողական ծառայությունը հայտնում է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել է քաղաքացիներից, փաստաբաններից, իրավաբանական անձանց ներկայացուցիչների կողմից ՊՎԾ հասցեագրվող հանրագրերի և դիմում-բողոքների թիվը, ինչի արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով Ծառայության ղեկավարի կողմից պարբերաբար իրականացնելու քաղաքացիների ընդունելություն:

Հիշեցնենք, որ Ծառայության ներքին գործավարության կարգի համաձայն` Ծառայությունում ամենօրյա ռեժիմով քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացվում է ընդունելություն Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում: Ըստ այդմ՝ Ծառայության ղեկավարի մոտ ընդունելության կհրավիրվեն այն քաղաքացիները, ովքեր նախապես կգրանցվեն, հակիրճ կներկայացնեն ընդունելության ներկայանալու նպատակը և քննարկման ենթակա խնդիրը, ապա պատասխան հեռախոսազանգով կհաստատվի վերջիններիս համար ընդունելություն կազմակերպելու հայտը:

Ընդունելության օրը նշանակված է առաջիկա ուրբաթ՝ մարտի 7–ին: Քաղաքացու դիմումը ենթակա է ընդունելության ձևաչափով քննարկման, եթե ներկայացված խնդիրը կամ խնդիրները արդեն իսկ քննարկվել են համապատասխան ոլորտի պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սակայն պատասխանատու գերատեսչությունների կողմից առկա չէ առաջադրված լուծում, և քաղաքացու խնդիրը մնում է առկախված, կամ խնդրի լուծումը դուրս է պետական կառավարման համակարգի որևէ գերատեսչության ուղղակի լիազորությունների շրջանակից և կարիք ունի լրացուցիչ պարզաբանման:

Ծառայության ղեկավարի հետ հանդիպմանը, բացի բարձրաձայնված հարցերի արձանագրումից ու փաստաթղթավորումից, անմիջական քննարկման արդյունքում կտրվեն նաև կոնկրետ հարցերի պարզաբանումներ և հրատապ լուծումներ:

Հիշեցնենք, որ քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել Ծառայությանը հետևյալ եղանակներով.

• զանգահարելով 010 313131 հեռախոսահամարով,

• ուղարկելով դիմում info@supervision.am էլհասցեին։

Գրավոր դիմումը կամ բանավոր հակիրճ բովանդակությունը ներկայացնելուց հետո Ծառայության կողմից քաղաքացիների նշված խնդիրները կուսումնասիրվեն, և եթե պարզվի, որ քաղաքացու դիմումը ենթակա է քննարկման՝ ընդունելության ձևաչափով, ապա այդ մասին Ծառայությունը քաղաքացուն կհայտնի հեռախոսազանգի միջոցով՝ նշանակելով ընդունելության ժամ: Այն դեպքերում, երբ քաղաքացու դիմումը կվերաբերի այլ գերատեսչությունների առաջնային լիազորություններին և Ծառայությունում ընդունելություն իրականացնելը նպատակահարմար չի համարվի, քաղաքացուն կտրամադրվի պատշաճ պարզաբանում այդ մասին և կտրամադրվի խորհրդատվություն` դիմելու համապատասխան լիազոր մարմնին:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊՎԾ մշտադիտարկումների արդյունքում Մ4 միջպետական մայրուղու երկայնքով հողամասերի՝ ոչ նպատակային օգտագործման ավելի քան չորս տասնյակ խախտումներ են հայտնաբերվել

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:

Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես ասել է, որ Կառավարության նիստում հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործող օրենքում շուրջ վեց տարիների ընթացքում գործնականում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման եւ Ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: Օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից եւ գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում: Բացի այդ՝ գործող Օրենքով հստակ բնորոշված եւ միմյանցից տարանջատված չեն Ծառայության վերահսկողական գործառույթները, դրանցից յուրաքանչյուրի իրականացման ընթացքում Ծառայությանը վերապահված իրավասությունները, ինչպես նաև օրենքում առկա են ընդհանուր ձևակերպումներ, որոնք գործնականում տարընթերցումների տեղիք են տալիս: Ըստ առաջարկվող փոփոխության՝ հստակ սահմանվել են Ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:

Նախագծով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները, մասնավորապես՝ ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտներ են այսուհետ նախատեսվել, նաև Վարչապետի աշխատակազմը եւ մարզպետների  աշխատակազմերը:

Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու եւ հակազդելու նպատակով՝ այսուհետ սահմանվելու է վարչական պատասխանատվություն:

Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Նախագծով կանոնակարգվել են նաև որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման ընթացակարգերը:

Նախագծում առկա նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ՝ դրանցով նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ