ՊՎԾ-ում ամփոփվել են Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության ուսումնասիրության արդյունքները։

Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների, մարզային ենթակայության դպրոցներում աշակերտներին սննդի տրամադրման ընթացակարգերի, հանրակրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքների, մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային փոխհատուցումների, աշխատակազմերի տարեկան աշխատավարձային ֆոնդի, ներկայացուցչական ծախսերի, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև այլ ֆինանսական գործառնությունների իրականացման նկատմամբ, որոնց հետ կապված՝ մարզպետների աշխատակազմերում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ, ընթացակարգային թերություններ և համակարգային խնդիրներ:

Արդյունքում, մի շարք ծախսերի ուսումնասիրությամբ Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ ՀՀ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ և անհամապատասխանություններ: Այդ թվում՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով մի շարք առերևույթ չարաշահման փաստեր, համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկներում կիրառված՝ ելակետային տվյալների սխալ ցուցանիշներ, դպրոցական սննդի տրամադրման գործընթացներում կազմակերպչական բնույթի թերություններ, ինչպես նաև պետական միջոցների անարդյունավետ կառավարում՝ մի շարք ուղղություններով:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզում տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների տեսքով պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները նշված ժամանակահատվածում հաշվարկվել են ոչ ճշգրիտ՝ շուրջ 619 մլն ՀՀ դրամով պակաս ելակետային տվյալների հիման վրա։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Կառավարության համապատասխան որոշման խախտման արդյունքում ավել է ֆինսասավորվել շուրջ 191 մլն ՀՀ դրամ։ Ինչպես նաև, կազմակերպչական աշխատանքներում արձանագրվել են թերություններ և մի շարք այլ խախտումներ, որոնց թվում՝ ժամկետանց և անորակ սննդամթերքի մատակարարում և առկայություն պահեստներում, առանց համապատասխան փաստաթղթավորման և ոչ սպանդանոցային ծագման մսամթերքի օգտագործում և այլն։ Ծառայության միջնորդության հիման վրա ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ իր լիազորություններից բխող ստուգողական գործառույթներ են իրականացվել մարզային ենթակայության մի շարք հանրակրթական դպրոցներում, ինչի արդյունքում հարուցվել են վարչական վարույթներ և տրվել են անորակ և ժամկետանց սննդի ոչնչացման կարգադրագրեր։ Հատկանշական է, որ որոշ կազմակերպություններ, չունենալով բավարար ռեսուրսներ կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացրել են մեծածավալ մատակարարումներ մարզային ենթակայության դպրոցներին՝ բազմաթիվ խախտումներով և սահմանված նորմերի շրջանցմամբ։ Բացի դրանից, Կոտայքի մարզի ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերում արձանագրվել են վերահսկողության լուրջ թերություններ, որոնք հանգեցրել են պայմանագրային ժամկետների խախտման, շինարարական աշխատանքների որակի էական թերությունների՝ առերևույթ վնաս պատճառելով պետությանը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների կողմից բավարար վերահսկողություն չի իրականացվել, և փաստացի չկատարված կամ նախագծային շեղումներով իրականացված աշխատանքների համար վճարվել է շուրջ 238 մլն ՀՀ դրամ։

Լոռու մարզպետի աշխատակազմում արձանագրված խախտումների՝ համայնքներին պետբյուջեից տրամադրված դոտացիաների առերևույթ խախտման ծավալը կազմում է 365 մլն ՀՀ դրամ, իսկ սուբվենցիոն ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքներում առերևույթ խախտումների թիվը կազմել է շուրջ 162 մլն ՀՀ դրամ։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հայտնաբերվել են մոտ 40 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ են արձանագրվել նաև մարզպետի աշխատակազմում ներքին գործուղումների, աշխատավարձերի հատկացման, սոցիալական փաթեթների և տրանսպորտային փոխհատուցումների փաստաթղթերում։ Պետական ծրագրերով մարզում կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրված մի շարք խախտումներ և թերություններ արդեն իսկ վերացվել են կապալառու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև մի շարք փաստացի չկատարված, սակայն դրանց դիմաց փոխհատուցված աշխատանքների իրականացման վերաբերյալ ձեռք են բերվել թերությունների շտկման և միջոցների վերականգնման հստակ պայմանավորվածություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 56 մլն ՀՀ դրամ։

Ուսումնասիրության արդյունքները, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով, զեկուցվել են Վարչապետին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ հանձնարարելու համապատասխան գերատեսչություններին և լիազոր մարմիններին ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու, պետությանը պատճառված վնասները վերականգնելու, ինչպես նաև ձեռնարկելու հստակ քայլեր՝ հետագայում նմանօրինակ խախտումները բացառելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփող Տեղեկանքները ներկայացվել են համապատասխանաբար Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին, որոնցից ստացված կարծիքների կապակցությամբ կազմվել են ամփոփաթերթեր՝ ՊՎԾ դիրքորոշումներով, որոնք էլ սահմանված կարգով կցվել են ուսումնասիրության նյութերին։

ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված վերահսկողության արդյունքները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության համար նախատեսված միջոցների բաշխումն ըստ ծրագրի և 2 միջոցառումների:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության համար նախատեսված միջոցների բաշխումն ըստ ծրագրի և 2 միջոցառումների:

«1203. Պետական վերահսկողական ծառայություններ» ծրագրի համար օրենքի նախագծով նախատեսվել է 934.2 միլիոն դրամ գումար, որն իր մեջ ներառում է 2 միջոցառում՝

  1. «11001. ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով՝ 914.8 միլիոն դրամ,
  2. «31001. ՀՀ պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով՝ 19.4 միլիոն դրամ:

Քննարկման ընթացքում Ծառայության ղեկավարը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին:

2024 թվականի առաջին կիսամյակում ՊՎԾ-ն դիտարկել է թվով 5678 գնման ընթացակարգեր

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից:

Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված՝ Ծառայության գնումների գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչների, ինչպես նաև վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի կիրառմամբ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ծառայությունը դիտարկել է թվով 5678 գնման ընթացակարգեր, որոնցից 1703-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 30%) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ (հավելյալ) վերահսկողության իրականացման նպատակով առավել ռիսկային են գնահատվել 171 ընթացակարգեր (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 10%): Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ (հավելյալ) հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների և որոշ ՏԻՄ-երի։

  • Իրականացվող դիտարկումների արդյունքում թվով 104 դեպքով արձանագրվել է գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի խտրականություն և պատվիրատուներին առաջարկվել է իրականացնել համապատասխան փոփոխություններ:
  • Թվով 70 գնման ընթացակարգերում հայտնաբերվել են հանրային գնումներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության դեպքեր, որոնց շրջանակում թվով 117 կնքված պայմանագրերի վերաբերյալ 82 դեպքով պատվիրատուներին առաջարկվել է գնման գործընթացները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին:
  • Գնումների գործընթացներում ներկայացված ոչ հավաստի տեղեկատվության և դրա արդյունքում պայմանագրերի կնքմամբ այլ տնտեսվարողների օրինական իրավունքների խախտման, պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հիմքերով թվով 21 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաշվետու ժամանակամիջոցում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամ:
  • Դիտարկմամբ՝ թվով 14 դեպքով արձանագրվել են պատվիրատուների կողմից գնման ընթացակարգերի փաստաթղթերի ոչ պատշաճ հրապարակման դեպքեր, որոնց ուղղությամբ 12 դեպքով առաջարկվել է պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց:
  • Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված գնման պայմանագրերի կատարման օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով՝ հաշվետու կիսամյակի ընթացքում իրականացվել և ամփոփվել են ևս թվով 13 մշտադիտարկումներ, որոնց արդյունքներով վերհանված առերևույթ խախտումների փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
  • Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում վերլուծության են ենթարկվել հանրային գնումների գործընթացներին վերաբերող՝ Ծառայությանը հասցեագրված երեք տասնյակից ավելի հանրագրեր: Բոլոր հանրագրերին տրվել են պատշաճ և սպառիչ պատասխաններ:
  • Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից ՀՀ վարչապետի հանձնարարությամբ գնումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին են ներկայացվել թվով 8 օրենսդրական կարգավորումների փոփոխության առաջարկներ, որոնք բխել են ընթացիկ վերահսկողական գործընթացների արդյունքներից:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Նախօրեին Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը՝ վկայակոչելով մի շարք արդյունքային ցուցանիշներ եւ վիճակագրական տվյալներ ՊՎԾ կողմից 2023թ. ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթների, դրանց արդյունքում՝ վերականգնված պետական միջոցների եւ քննչական մարմիններում Ծառայության կողմից տրված հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների մասին։

  • 2023թ. պետական բյուջեից Պետական վերահսկողական ծառայությանն է տրամադրվել 928.8մլն ՀՀ դրամ, որի դիմաց ծախսերը կազմել են շուրջ 919.9մլն ՀՀ դրամ՝ ապահովելով 99.0% կատարողական։

Արդյունքային ցուցանիշները՝ համառոտ.

📌2023 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում եւ նրանց ենթակա կազմակերպություններում Ծառայությունն իրականացրել է 40 ուսումնասիրություն եւ 216 մշտադիտարկում։

📌2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքում վերականգնվել է ավելի քան 1,1մլրդ ՀՀ դրամ (2022թ.-ին՝ 135մլն ՀՀԴ)։

📌Հաշվետու տարվա ընթացքում ՊՎԾ կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում իրավապահներին է ուղարկվել 96 տեղեկանք եւ տեղեկատվություն:

📌 Ծառայության կողմից իրավապահներին ուղարկված հաղորդումների հիման վրա ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում եւ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են 90 քրեական վարույթներ։

📍2023թ. շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության» մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով Ֆինանսների նախարարության լիազորությունների մեջ մտնող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունն այսուհետ վերապահվելու է ՊՎԾ-ին։ Նախագիծն այս պահին Վարչապետի աշխատակազմում է։