Ամփոփվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ քաղաքաշինության կոմիտեում և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Վարչապետի հանձնարարությամբ, Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն)` Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադահլիճի, «Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Արարատի մարզի «Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և Սյունիքի մարզի «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով Ծառայության գնահատմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս՝ այդ թվում.

✔️ Նախարարության կողմից տեխնիկական բնութագրերը թերի են նկարագրվել, որոշ ապրանքների գներն ուռճացվել են, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացն իրականացնելիս Նախարարության աշխատակիցների կողմից որևէ համադրություն չի իրականացվել պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերի և փաստացի ստացված ապրանքների որակների միջև, որոնց արդյունքում պետական բյուջեի միջոցներից Ծառայության գնահատմամբ անարդյունավետ ծախս է իրականացվել ընդհանուր շուրջ 51,000,000 ՀՀ դրամ,

✔️ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության և Կոմիտեի միջև պատշաճ մակարդակի փոխգործակցություն չի իրականացվել, որի արդյունքում կառուցվող օբյեկտների համար անհրաժեշտ ուսումնամարզական գույքի ձեռք բերումն իրականացվել է դրանց շինարարության ավարտից զգալիորեն ավելի վաղ շրջանում, որի հետևանքով գույքը տեղափոխվել է պահպանման համար ոչ պիտանի տարածքներ, իսկ ապրանքները փաստացի օգտագործվել են երաշխիքային 1 տարի ժամկետի վերջին ամիսներին, կամ ավարտից հետո: Վերոնշյալ դպրոցների համար երկու գերատեսչությունների կողմից իրականացվել է շուրջ 742,000 ՀՀ դրամի սահմաններում միևնույն ապրանքների կրկնակի ձեռքբերում: Գերատեսչությունների միջև ոչ արդյունավետ փոխգործակցության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կառուցվող 2 միջնակարգ դպրոցներից մեկի դեպքում նախատեսվել է 7, իսկ մյուսի դեպքում՝ 9 դասասենյակներ, այն պարագայում, երբ նմանատիպ պայմաններում հնարավոր չի լինի միաժամանակ լիարժեք իրականացնել 1-ից 12-րդ դասարանների կրթական ծրագրերը,

✔️ Նախարարության պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ օբյեկտների համար ձեռք բերված գույքի հանձնման-ընդունման արձանագրությունները/ եզրակացությունները փաստացի ստորագրվել են առանց մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրի համապատասխանության գնահատման,

✔️ Կոմիտեի կողմից տվյալ 5 օբյեկտների գծով կնքված շինարարական աշխատանքների և նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ աշխատանքների կատարման և ծառայությունների ճշգրտության ուսումնասիրությամբ արձանագրվել են շուրջ 115,000,000 ՀՀ դրամի տարաբնույթ առերևույթ խախտումներ: Հարկ է նշել, որ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված մի շարք թերություններ արդեն իսկ վերացվել են ուսումնասիրության ընթացքում, կամ ավարտից հետո:

✔️ Ծառայության ուսումնասիրությամբ ոչ արդյունավետ է գնահատվել Կոմիտեի կողմից նշված 5 օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքի նկատմամբ 4%-ի հաշվարկով որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության ձեռքբերման շուրջ 41,000,000 ՀՀ դրամի ծախսը՝ այն պարագայում, երբ շինարարական աշխատանքներն իրականացվել են անորակ և բազմաթիվ ծավալային հավելագրումներով:

✔️ փաստաթղթային ուսումնասիրությամբ, ինչպես նաև տվյալ 5 օբյեկտներում իրականացված չափագրման և տեղազննության արդյունքներով արձանագրված տարաբնույթ խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Կոմիտեի կողմից հսկողական գործառույթներն իրականացվել են ոչ լիարժեք և թերի:

Հարկ է փաստել, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների պատճառ հանդիսացած հնարավոր համակարգային խնդիրները և ոլորտում առկա բացթողումները պարզելու և հետագայում դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Ծառայության կողմից քննարկումներ են կազմակերպվել կառուցապատող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշյալ քննարկումների շրջանակներում վեր են հանվել հիմնական խնդիրները և ենթադրյալ բացթողումները, որոնց արդյունքներով Ծառայության կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Նշենք, որ վերոգրյալ խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման նպատակով Ծառայության կողմից Վարչապետին են ներկայացվել ընթացակարգային և կառավարչական բնույթի մի շարք առաջարկություններ՝ հանձնարարել լիազոր մարմիններին խստացնելու վերահսկողությունը տվյալ գործընթացների նկատմամբ, լավարկելու և կատարելագործելու ծրագրերի իրականացման հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև մշակելու լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության համապատասխան ձևաչափեր և ապահովելու վերջիններիս պատշաճ կիրառությունը: Միևնույն ժամանակ, առաջարկվել է հանձնարարել համապատասխան լիազոր մարմիններին իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել կանխարգելելու համար նմանատիպ բացթողումների և խախտումների` ապագայում կրկնվելու հավանականությունը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության Մաշտոցի պող. 47 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ:

Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին մինչև ս.թ. ապրիլի 3-ը ներառյալastghik.mkrtchyan@supervision.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ  https://www.supervision.am/մժծծ-2025-2027/ հղմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես նաեւ ղեկավարի տեղակալներ Ռոբերտ Բազիկյանը, Անրի Վարդանյանը եւ Արա Եղոյանը զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Մասնավորապես, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ապահովման և օրինականության ոլորտներում իրականացված 40 ուսումնասիրությունների (2022թ.՝ 39) և 216 մշտադիտարկումների (2022թ.՝ 201) արդյունքների վերաբերյալ:
Վերոնշյալի համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել գերատեսչություններում և պետական մասնաբաժին ունեցող կառույցներում իրականացված ուսումնասիրություններին և մի շարք մշտադիտարկումներին:

Նշվել է, որ ծառայության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում 2023-ին նախաձեռնվել է 90 քրեական վարույթ (2022թ.՝ 77):

Զեկուցվել է նաև, որ արձանագրված առերևույթ խախտումների/անհամապատասխանությունների գծով վերականգնվել է շուրջ 1.1 մլրդ դրամ (2022թ.՝ շուրջ 135 մլն դրամ):

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերականգնվող միջոցների համար պետական համակարգի կողմից ծախսվող ժամանակին և դրանց համապատասխան գումարների ծախսմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է. «Այստեղ ձևակերպման խնդիրն է. մեր խնդիրն ի սկզբանե եղել է 1000 դրամ վերականգնելը, թե մեր խնդիրը եղել է, օրինակ, վերահսկողություն իրականացնելը, և այդ ընթացքում 1000 դրամ է վերականգնվել կամ 400: Տեսականորեն, իմ ընկալմամբ՝ դեպք կա, որ 1000 դրամ վերականգնելն այնքան սկզբունքային է, որ դրա համար կարելի է 50 000 դրամ կամ նույնիսկ 1 մլն դրամ ծախսել, որովհետև դա կախված է կոնտեքստից: Օրինակ՝ ՊԵԿ-ի գործառույթների հետ կապված կրկին այդպիսի հարց է ծագում: Ես ասում եմ, լսեք, հարգելի գործընկերներ, երկրում 3000 POS տերմինալ կա, որով 0 գործարք է կատարվել: ՊԵԿ-ի արձանագանքն ի՞նչ է. ասում է՝ այդ 3000 POS տերմինալը գյուղերում դրած, լավ, դրանով աշխատեր, ինչքա՞ն շրջանառություն էր լինելու: Թող մի 100 մլն դրամի շրջանառություն լիներ, այդ 100 մլն դրամի շրջանառությունից 6 մլն դրամ հարկ գեներացվեր: Ես ասում եմ՝ ոչ, սա այդ դեպքը չէ, որովհետև դա նախ մարդու իրավունքն է, որ պետք է ապահովենք, կենսաթոշակառուի, որ կարող է անկանխիկ առևտուր անել և երկրորդը՝ դա օրենքի կատարման խնդիր է:

Մենք քանակական ցուցանիշներից պետք է անցում կատարենք որակական ցուցանիշներին, և պրոբլեմները վեր հանենք ու լուծումներ առաջարկենք, կամ պարտադիր չէ, որ ՊՎԾ-ն ունենա բոլոր հարցերի լուծումները, կարող է ասել, որ այս խնդիրը կա, քաղաքականություն մշակող մարմին կամ իրականացնող՝ տեսեք, ինչպես եք լուծում, բայց այս պրոբլեմը կա: Այդ գործելակերպը, իմ կարծիքով, ավելի ճիշտ է, քան ուղղակի թվային տրամաբանության մեջ մնալը»:
Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ներկայացվել են 41 օրենսդրական փոփոխությունների («Ֆինանսական համահարթեցման մասին» օրենք, «Էներգետիկայի մասի» օրենք, «Գնումների մասին» օրենք և այլն), ինչպես նաև 83 այլ բնույթի առաջարկություններ՝ արձանագրված բացթողումները վերացնելու, անճշտությունները շտկելու վերաբերյալ, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու, պատասխանատվության միջոցներ կիրառելու մասով և այլն:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է իրականացված ծրագրերի նկատմամբ վերահսկողությանը և նշել.

«Հաջորդ խնդիրը վերաբերում է նորից ոչ թե քանակական, այլ ավելի շատ որակական վերահսկողությանն ավտոճանապարհների հետ կապված, որովհետև հիմա էլ մենք ճանապարհներ ենք կառուցում, կառուցվել է 500 կմ ճանապարհ: Լավ, կառուցել ենք, բայց 3 տարի հետո այդ ճանապարհի վիճակը համապատասխանո՞ւմ է մեր ունեցած որակական ստանդարտին, թե ոչ: Ես հանձնարարում եմ, որ ՊՎԾ-ն կոնկրետ այս թեմայով ուսումնասիրություն իրականացնի, ընդ որում՝ ոչ միայն փաստաթղթային, այլ գնալ, ոնց որ սահմանված կարգն է, հանույթը վերցնել: Թե չէ, ճանապարհը կառուցեցինք, բայց ենթադրենք ինքը սկսում է քայքայվել շատ արագ ու հետո, նորից մենք պատասխան չունենք, չգիտենք, թե ինչն է պատճառը, որովհետև այս տարի եղանակը լավ չէր, բեռնափոխադրումն է շատացել, ծանր բեռնատարներն են շատացել, որի մեջ լեգիտիմ բան պիտի լինի: Այդտեղ ստանդարտի հարց էլ կա: Իմիջիայլոց, ասեմ՝ մենք տնտեսության արդիականացման ծրագրով, որ խթանում ենք տեխնիկայի ներմուծումը, հիմա այն չափի ինքնագնաց սովորական մեքենաներ կան, որ երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդտեղ էլ պետք է հասկանանք՝ մեր ճանապարհների ստանդարտներն այս տրամաբանության համար համապատասխանեցրե՞լ ենք, թե չենք համապատասխանացրել: Եվ այստեղ ես ակնկալում եմ, որ պատասխաններ ունենանք»:

Զեկուցվել է, որ 2023-ին քաղաքացիներից ստացվել է 638 հանրագիր (2022թ.՝ 589)՝ արձանագրելով, որ 638 հանրագրերի շուրջ 47%-ը ստացվել է իրավաբանական անձանցից, շուրջ 46%-ը քաղաքացիներից, իսկ շուրջ 7%-ը՝ փաստաբաններից:
Նշվել է նաև, որ 2023-ի ընթացքում ծառայության կողմից պետական գերատեսչություններում քաղաքացիների կողմից 2022 թվականին տվյալ մարմիններին ուղղված դիմում-բողոքների, «Թեժ գիծ» ծառայության և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման նկատմամբ վերահսկողության շրջանակներում արձանագրվել են մի շարք խախտումներ/անհամապատասխանություններ:

Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ ռազմավարական և միջազգային ծրագրերում (ԳՐԵԿՈ, ՕԼԱՖ) ծառայության ներգրավվածության հիմնական ուղղությունները՝ կարևորելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Վերոգրյալի շրջանակներում՝ փաստվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերից Ծառայությունը հանդիսանում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (ԽՊԵԳ, ՕԼԱՖ) գործընկեր պետական կառույց:

Զեկուցվել է, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական բյուջեի կատարման նկատմամբ ֆինանսաբյուջետային հսկողության գործառույթի՝ ծառայությանը վերապահելու Վարչապետի հանձնարարականի ապահովմամբ, ինչպես նաև շուրջ 6 տարվա գործունեության ընթացքում ի հայտ եկած համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: