ՊՎԾ-ը խախտումներ է արձանագրել Արարատի մարզի Ռանչպար գյուղում

Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է արձանագրել Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ հողահատկացումների ու գործող երկու ավազի հանքերի գործունեության հետ կապված։ Azatutyun TV-ի անդրադարձը

Գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս երկու օրը որոշները հասցրեցին իմ մահախոսականը կարդալ, բայց ուզում եմ ասել հետևյալը, որ գերազմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Սանասարյանը հավելեց, որ իրենց աշխատակիցները, որոնց մեղադրանք է առաջադրվել, եղել են օրինակելի աշխատողներ․ «Անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են։ Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Լիլիթ Շաբոյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/128502.html

© factor.am

Ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ. Դավիթ Սանասարյան Azatutyun.am

  «Ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ», — այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Ազատություն». — Նախ Երևանի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձրաձայնում է քաղաքական հետապնդումների մասին, բաց տեքստով Ձեր անունն է տալիս, մասնավորապես, որ ամեն ինչ սկսվել է Ձեր ծառայության ստուգումներից։ Դուք կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ հենց ԵՊՀ մտաք, շարժառիթը, մոտիվը ո՞րն էր այն ժամանակ։

Դավիթ Սանասարյան. — Նախևառաջ ես իմ բնույթով ու իմ պայքարի ողջ ծավալով դեմ եմ քաղաքական ճնշումներին, քաղաքական հետապնդումներին: Դրա դեմ ես կռիվ եմ տարել, ու դա իմ սկզբունքից վեր է: Ես չեմ կարող գնալ այդ քայլին, իմ խնդիրը դա չի։ Ինչ վերաբերում է ինչո՞ւ ԵՊՀ-ն: Մայր բուհն է, ինֆորմացիան շատ էր, օպերատիվ տեղեկությունները շատ էին: Հետո, երբ որ մենք գնացինք ամառվա այդ սեզոնին, հասկացանք, որ աշխատողները գտնվում են արձակուրդի մեջ, իրանք ասին՝ «հետ բերենք», ասինք՝ «մենք անմարդկային չենք, թող իրանց վաստակած արձակուրդը վայելեն, կվերադառնանք, էդ ընթացքում Ագրարային համալսարանը մենք կուսումնասիրենք»։ Էդպես էլ արեցինք: Պարոն Սիմոնյանը ցույց է տալիս, որ դեռևս հուլիսից թե օգոստոսից է սկսել ուսումնասիրությունը, իրականում չի սկսել։ Էդ ժամանակ մենք կանգնեցրել ենք՝ հաշվի առնելով մարդկանց էդ հանգստի իրավունքը, հետո շարունակել ենք։ Երրորդը հիմա Բժշկական համալսարանը․ ինչո՞ւ Բժշկական կամ ինչո՞ւ Ագրարային․․․ բոլոր համալսարանները շատ կարևոր են․ դասախոսը բարձր աշխատավարձ չի ստանում, այդ մսխումները, որ մենք տեսել ենք, էդ մսխումների փոխարեն կարող էին նրանք բարձր աշխատավարձ ստանային։

«Ազատություն». — Այսինքն համակարգային խնդիրների է հանգեցրել։

Սանասարյան. — Համակարգային խնդիրներ կան, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ մաքրենք բուհերը։

«Ազատություն». — Պարոն Սանասարյան, հիմա, երբ Ձեզ լրագրողները հարցնում են մյուս բուհերում ի՞նչ եք հայտնաբերել, ասում եք՝ սպասեք ստուգումներն ավարտվեն: Բայց Համալսարանի դեպքում, Դուք ասել եք՝ 800 միլիոնի չարաշահում ենք հայտնաբերել, ԵՊՀ ռեկտորն ասում է՝ երկակի ստանդարտներ եք կիրառում։

Սանասարյան. — Որովհետև տեսել ենք, էդ ծավալները մեր համար ակնհայտ է։ Կոնկրետ պահին, որ հարցրել են, մեր համար ակնհայտ ահագին մեծ բան ա եղել։ Էս պահին, օրինակ, Բժշկականում չունենք էդ… որոշակի գիտենք, բայց իմաստ չկա դրա ասելու։ Ես ուզեցել եմ ցույց տամ, որ վիճակը Համալսարանում ավելի բարդ է, ավելի վատթար է, քան Ագրարային համալսարանում։ Միգուցե ես դրա մասին պետք է չասեի, բայց դրանից խախտումները չէր փոխվում։

«Ազատություն». — Մի խոսքով բացառում եք, որ քաղաքական իշխանությունը Ձեզ հորդորել է, մատնացույց է արել Համալսարանը։

Սանասարյան. Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին ենթակա ծառայություն է, մեր գործունեությունը համապատասխանեցնում ենք վարչապետի հետ առհասարակ: Բայց ես նախ բացառում եմ, որ վարչապետը քաղաքական հետապնդման որևիցե հանձնարարական կտա: Բայց նաև ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ։

«Ազատություն». — Չե՞ք բացառում, որ 800 միլիոնից ավելի լինի չարաշահումները։

Սանանսարյան. — Ես ավելի շատ համոզված եմ, որ թիվը մեծանալու է։

«Ազատություն». — «Ֆրեզենիուս մեդիքլ քեյր» գերմանական ընկերությունը, որը հեմոդիալիզի սարքավորումների ներկրողն է Հայաստանում, պնդում է, որ Դուք փորձում եք խոչընդոտել իրենց գործունեությունը, ավելին՝ ասել է, թե բիզնեսը խլել եք: Եվ այս օրինակն է բերվել, որ միջամտել եք մրցույթին, փոխել եք չափորոշիչները, որպեսզի այլ ներկրողի համար խաղի կանոններ սահմանեք։

Սանասարյան. — Նախ էդ կազմակերպության ներկայացուցիչները կամ կազմակերպության սեփականատերերի ծանոթները ամեն կերպ փորձեցին մեզ հետ պահել։ Սկզբից՝ մատ թափ տալով մեր աշխատակիցների վրա, եկել են մեր աշխատողներին տարբեր առաջարկներ են արել, որ հետ մնացեք էս թեմայից: Բայց մենք ոչ թե «Ֆրեզենիուսի» աշխատանքն ենք ստուգում: Մենք կոնկրետ տեսնում ենք պետական հիմնարկ, տվյալ դեպքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեսնում ենք, որ տարիներ շարունակ միանձնյա մատակարարում կա կոնկրետ էդ կազմակերպությունից։ Ուզում ենք հասկանանք՝ ո՞րն է պատճառը։

«Ազատություն». — Մենաշնո՞րհ է եղել։

Սանասարյան. — Տվյալ ԲԿ-ում մենաշնորհ է եղել, խտրական բնութագրեր է գրվել կոնկրետ ֆիրմայի համար։ Մենք մանրամասները ավելի կոնկրետ ցույց կտանք։ Բիզնես խլողի տպավորություն ենք թողե՞լ։ Ես կռիվ եմ տվել, որ ուրիշների բիզնեսը չխլեն։ «Գնումների մասին» օրենք գոյություն ունի, էդ օրենքի տառը եկեք պահենք, դրանից հետո եկեք, ով ուզում է թող շահի։ Մեզ չի հետաքրքրում, թե ով է շահում․․․ Արդյունքում մասնակցել են առաջին անգամ, եթե չեմ սխալվում, յոթ կամ ութ կազմակերպություն ու նաև այլ կազմակերպություններ այստեղ տենդեր են շահել։

«Ազատություն». — Իրենք էլ են մնացե՞լ ներկրողների շարքում։

Սանասարյան. — Ինչ-որ մեկ թե երկու տողով իրանք էլ են։ Մենաշնորհն է կոտրվել։ Ինձ որ ասում են մենաշնորհների դեմ պայքարի ինչ-որ ֆունկցիա չունենք, ես նկարագրեցի, թե մեր ֆունկցիան որն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Դավիթ Սանասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ստվերային այգիների մասին

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում արդեն 1 մլն 200 հազար դոլար գումար է մուտքագրվել պետական բյուջե: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, գումարները հետ են վերադարձվում:

Նա նշեց նաև, որ Արտաշատի ՋՕԸ-ի մասին առաջիկա հինգշաբթի օրը հավանաբար տեղեկություն կհրապարակվի: «Դուք գիտեք, գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված: Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի օրը կխոսենք»,- ասաց Սանասարյանը:
Նրա խոսքով՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի գործով ձերբակալություններ լինեն, Սանասարյանը պատասխանեց՝ դա արդեն իրավապահ մարմիններից պետք է ճշտել: Թե ինչ քանակի չարաշահումների մասին է խոսքը, Սանասարյանը պատասխանեց, որ մեկ տարվա համար 10 մլն դրամի վնաս է արձանագրվել, առանձնապես խոշոր չափերի մասին է խոսքը:

«Բայց մենք կարծում ենք, որ ավելի շատ են գումարները, մենք գործ կունենանք նաև ջրային կոմիտեների ղեկավարների հետ նախորդ 14 տարիների հետ կապված»,- հավելեց նա:

Գործով մեղադրյալներ կա՞ն ներգրավված. հարցին էլ Սանասարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Ըստ նրա՝ ՋՕԸ-երում ստուգումները շարունակվելու են:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանի իմացությամբ կամ մասնակցությա՞մբ են եղել այդ խախտումները: Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ նա խոշոր տնտեսավարող է եղել, վարչապետ, ԱԺ նախագահ: «Եթե 15 տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչ պաշտոններ է ունեցել, եթե չի իմացել, շատ ավելի վատ»,- հավելեց նա:

Lragir.am