ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործունեության համար նախատեսված միջոցների բաշխումն ըստ ծրագրի և 2 միջոցառումների:
«1203. Պետական վերահսկողական ծառայություններ» ծրագրի համար օրենքի նախագծով նախատեսվել է 934.2 միլիոն դրամ գումար, որն իր մեջ ներառում է 2 միջոցառում՝
«11001. ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով՝ 914.8 միլիոն դրամ,
«31001. ՀՀ պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով՝ 19.4 միլիոն դրամ:
Քննարկման ընթացքում Ծառայության ղեկավարը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին:
Նախօրեին Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը՝ վկայակոչելով մի շարք արդյունքային ցուցանիշներ եւ վիճակագրական տվյալներ ՊՎԾ կողմից 2023թ. ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթների, դրանց արդյունքում՝ վերականգնված պետական միջոցների եւ քննչական մարմիններում Ծառայության կողմից տրված հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների մասին։
2023թ. պետական բյուջեից Պետական վերահսկողական ծառայությանն է տրամադրվել 928.8մլն ՀՀ դրամ, որի դիմաց ծախսերը կազմել են շուրջ 919.9մլն ՀՀ դրամ՝ ապահովելով 99.0% կատարողական։
Արդյունքային ցուցանիշները՝ համառոտ.
2023 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում եւ նրանց ենթակա կազմակերպություններում Ծառայությունն իրականացրել է 40 ուսումնասիրություն եւ 216 մշտադիտարկում։
2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքում վերականգնվել է ավելի քան 1,1մլրդ ՀՀ դրամ (2022թ.-ին՝ 135մլն ՀՀԴ)։
Հաշվետու տարվա ընթացքում ՊՎԾ կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում իրավապահներին է ուղարկվել 96 տեղեկանք եւ տեղեկատվություն:
Ծառայության կողմից իրավապահներին ուղարկված հաղորդումների հիման վրա ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում եւ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են 90 քրեական վարույթներ։
2023թ. շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության» մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով Ֆինանսների նախարարության լիազորությունների մեջ մտնող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունն այսուհետ վերապահվելու է ՊՎԾ-ին։ Նախագիծն այս պահին Վարչապետի աշխատակազմում է։
Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես նաեւ ղեկավարի տեղակալներ Ռոբերտ Բազիկյանը, Անրի Վարդանյանը եւ Արա Եղոյանը զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:
Մասնավորապես, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ապահովման և օրինականության ոլորտներում իրականացված 40 ուսումնասիրությունների (2022թ.՝ 39) և 216 մշտադիտարկումների (2022թ.՝ 201) արդյունքների վերաբերյալ: Վերոնշյալի համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել գերատեսչություններում և պետական մասնաբաժին ունեցող կառույցներում իրականացված ուսումնասիրություններին և մի շարք մշտադիտարկումներին:
Նշվել է, որ ծառայության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում 2023-ին նախաձեռնվել է 90 քրեական վարույթ (2022թ.՝ 77):
Զեկուցվել է նաև, որ արձանագրված առերևույթ խախտումների/անհամապատասխանությունների գծով վերականգնվել է շուրջ 1.1 մլրդ դրամ (2022թ.՝ շուրջ 135 մլն դրամ):
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերականգնվող միջոցների համար պետական համակարգի կողմից ծախսվող ժամանակին և դրանց համապատասխան գումարների ծախսմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է. «Այստեղ ձևակերպման խնդիրն է. մեր խնդիրն ի սկզբանե եղել է 1000 դրամ վերականգնելը, թե մեր խնդիրը եղել է, օրինակ, վերահսկողություն իրականացնելը, և այդ ընթացքում 1000 դրամ է վերականգնվել կամ 400: Տեսականորեն, իմ ընկալմամբ՝ դեպք կա, որ 1000 դրամ վերականգնելն այնքան սկզբունքային է, որ դրա համար կարելի է 50 000 դրամ կամ նույնիսկ 1 մլն դրամ ծախսել, որովհետև դա կախված է կոնտեքստից: Օրինակ՝ ՊԵԿ-ի գործառույթների հետ կապված կրկին այդպիսի հարց է ծագում: Ես ասում եմ, լսեք, հարգելի գործընկերներ, երկրում 3000 POS տերմինալ կա, որով 0 գործարք է կատարվել: ՊԵԿ-ի արձանագանքն ի՞նչ է. ասում է՝ այդ 3000 POS տերմինալը գյուղերում դրած, լավ, դրանով աշխատեր, ինչքա՞ն շրջանառություն էր լինելու: Թող մի 100 մլն դրամի շրջանառություն լիներ, այդ 100 մլն դրամի շրջանառությունից 6 մլն դրամ հարկ գեներացվեր: Ես ասում եմ՝ ոչ, սա այդ դեպքը չէ, որովհետև դա նախ մարդու իրավունքն է, որ պետք է ապահովենք, կենսաթոշակառուի, որ կարող է անկանխիկ առևտուր անել և երկրորդը՝ դա օրենքի կատարման խնդիր է:
Մենք քանակական ցուցանիշներից պետք է անցում կատարենք որակական ցուցանիշներին, և պրոբլեմները վեր հանենք ու լուծումներ առաջարկենք, կամ պարտադիր չէ, որ ՊՎԾ-ն ունենա բոլոր հարցերի լուծումները, կարող է ասել, որ այս խնդիրը կա, քաղաքականություն մշակող մարմին կամ իրականացնող՝ տեսեք, ինչպես եք լուծում, բայց այս պրոբլեմը կա: Այդ գործելակերպը, իմ կարծիքով, ավելի ճիշտ է, քան ուղղակի թվային տրամաբանության մեջ մնալը»: Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ներկայացվել են 41 օրենսդրական փոփոխությունների («Ֆինանսական համահարթեցման մասին» օրենք, «Էներգետիկայի մասի» օրենք, «Գնումների մասին» օրենք և այլն), ինչպես նաև 83 այլ բնույթի առաջարկություններ՝ արձանագրված բացթողումները վերացնելու, անճշտությունները շտկելու վերաբերյալ, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու, պատասխանատվության միջոցներ կիրառելու մասով և այլն: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է իրականացված ծրագրերի նկատմամբ վերահսկողությանը և նշել.
«Հաջորդ խնդիրը վերաբերում է նորից ոչ թե քանակական, այլ ավելի շատ որակական վերահսկողությանն ավտոճանապարհների հետ կապված, որովհետև հիմա էլ մենք ճանապարհներ ենք կառուցում, կառուցվել է 500 կմ ճանապարհ: Լավ, կառուցել ենք, բայց 3 տարի հետո այդ ճանապարհի վիճակը համապատասխանո՞ւմ է մեր ունեցած որակական ստանդարտին, թե ոչ: Ես հանձնարարում եմ, որ ՊՎԾ-ն կոնկրետ այս թեմայով ուսումնասիրություն իրականացնի, ընդ որում՝ ոչ միայն փաստաթղթային, այլ գնալ, ոնց որ սահմանված կարգն է, հանույթը վերցնել: Թե չէ, ճանապարհը կառուցեցինք, բայց ենթադրենք ինքը սկսում է քայքայվել շատ արագ ու հետո, նորից մենք պատասխան չունենք, չգիտենք, թե ինչն է պատճառը, որովհետև այս տարի եղանակը լավ չէր, բեռնափոխադրումն է շատացել, ծանր բեռնատարներն են շատացել, որի մեջ լեգիտիմ բան պիտի լինի: Այդտեղ ստանդարտի հարց էլ կա: Իմիջիայլոց, ասեմ՝ մենք տնտեսության արդիականացման ծրագրով, որ խթանում ենք տեխնիկայի ներմուծումը, հիմա այն չափի ինքնագնաց սովորական մեքենաներ կան, որ երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդտեղ էլ պետք է հասկանանք՝ մեր ճանապարհների ստանդարտներն այս տրամաբանության համար համապատասխանեցրե՞լ ենք, թե չենք համապատասխանացրել: Եվ այստեղ ես ակնկալում եմ, որ պատասխաններ ունենանք»:
Զեկուցվել է, որ 2023-ին քաղաքացիներից ստացվել է 638 հանրագիր (2022թ.՝ 589)՝ արձանագրելով, որ 638 հանրագրերի շուրջ 47%-ը ստացվել է իրավաբանական անձանցից, շուրջ 46%-ը քաղաքացիներից, իսկ շուրջ 7%-ը՝ փաստաբաններից: Նշվել է նաև, որ 2023-ի ընթացքում ծառայության կողմից պետական գերատեսչություններում քաղաքացիների կողմից 2022 թվականին տվյալ մարմիններին ուղղված դիմում-բողոքների, «Թեժ գիծ» ծառայության և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման նկատմամբ վերահսկողության շրջանակներում արձանագրվել են մի շարք խախտումներ/անհամապատասխանություններ:
Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ ռազմավարական և միջազգային ծրագրերում (ԳՐԵԿՈ, ՕԼԱՖ) ծառայության ներգրավվածության հիմնական ուղղությունները՝ կարևորելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Վերոգրյալի շրջանակներում՝ փաստվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերից Ծառայությունը հանդիսանում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (ԽՊԵԳ, ՕԼԱՖ) գործընկեր պետական կառույց:
Զեկուցվել է, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական բյուջեի կատարման նկատմամբ ֆինանսաբյուջետային հսկողության գործառույթի՝ ծառայությանը վերապահելու Վարչապետի հանձնարարականի ապահովմամբ, ինչպես նաև շուրջ 6 տարվա գործունեության ընթացքում ի հայտ եկած համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի զեկույցը 2021թ.-ի ՀՀ պետբյուջեի կատարողականի վերաբերյալ՝ ԱԺ պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։