Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես նաեւ ղեկավարի տեղակալներ Ռոբերտ Բազիկյանը, Անրի Վարդանյանը եւ Արա Եղոյանը զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Մասնավորապես, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ապահովման և օրինականության ոլորտներում իրականացված 40 ուսումնասիրությունների (2022թ.՝ 39) և 216 մշտադիտարկումների (2022թ.՝ 201) արդյունքների վերաբերյալ:
Վերոնշյալի համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել գերատեսչություններում և պետական մասնաբաժին ունեցող կառույցներում իրականացված ուսումնասիրություններին և մի շարք մշտադիտարկումներին:

Նշվել է, որ ծառայության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում 2023-ին նախաձեռնվել է 90 քրեական վարույթ (2022թ.՝ 77):

Զեկուցվել է նաև, որ արձանագրված առերևույթ խախտումների/անհամապատասխանությունների գծով վերականգնվել է շուրջ 1.1 մլրդ դրամ (2022թ.՝ շուրջ 135 մլն դրամ):

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերականգնվող միջոցների համար պետական համակարգի կողմից ծախսվող ժամանակին և դրանց համապատասխան գումարների ծախսմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է. «Այստեղ ձևակերպման խնդիրն է. մեր խնդիրն ի սկզբանե եղել է 1000 դրամ վերականգնելը, թե մեր խնդիրը եղել է, օրինակ, վերահսկողություն իրականացնելը, և այդ ընթացքում 1000 դրամ է վերականգնվել կամ 400: Տեսականորեն, իմ ընկալմամբ՝ դեպք կա, որ 1000 դրամ վերականգնելն այնքան սկզբունքային է, որ դրա համար կարելի է 50 000 դրամ կամ նույնիսկ 1 մլն դրամ ծախսել, որովհետև դա կախված է կոնտեքստից: Օրինակ՝ ՊԵԿ-ի գործառույթների հետ կապված կրկին այդպիսի հարց է ծագում: Ես ասում եմ, լսեք, հարգելի գործընկերներ, երկրում 3000 POS տերմինալ կա, որով 0 գործարք է կատարվել: ՊԵԿ-ի արձանագանքն ի՞նչ է. ասում է՝ այդ 3000 POS տերմինալը գյուղերում դրած, լավ, դրանով աշխատեր, ինչքա՞ն շրջանառություն էր լինելու: Թող մի 100 մլն դրամի շրջանառություն լիներ, այդ 100 մլն դրամի շրջանառությունից 6 մլն դրամ հարկ գեներացվեր: Ես ասում եմ՝ ոչ, սա այդ դեպքը չէ, որովհետև դա նախ մարդու իրավունքն է, որ պետք է ապահովենք, կենսաթոշակառուի, որ կարող է անկանխիկ առևտուր անել և երկրորդը՝ դա օրենքի կատարման խնդիր է:

Մենք քանակական ցուցանիշներից պետք է անցում կատարենք որակական ցուցանիշներին, և պրոբլեմները վեր հանենք ու լուծումներ առաջարկենք, կամ պարտադիր չէ, որ ՊՎԾ-ն ունենա բոլոր հարցերի լուծումները, կարող է ասել, որ այս խնդիրը կա, քաղաքականություն մշակող մարմին կամ իրականացնող՝ տեսեք, ինչպես եք լուծում, բայց այս պրոբլեմը կա: Այդ գործելակերպը, իմ կարծիքով, ավելի ճիշտ է, քան ուղղակի թվային տրամաբանության մեջ մնալը»:
Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ներկայացվել են 41 օրենսդրական փոփոխությունների («Ֆինանսական համահարթեցման մասին» օրենք, «Էներգետիկայի մասի» օրենք, «Գնումների մասին» օրենք և այլն), ինչպես նաև 83 այլ բնույթի առաջարկություններ՝ արձանագրված բացթողումները վերացնելու, անճշտությունները շտկելու վերաբերյալ, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու, պատասխանատվության միջոցներ կիրառելու մասով և այլն:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է իրականացված ծրագրերի նկատմամբ վերահսկողությանը և նշել.

«Հաջորդ խնդիրը վերաբերում է նորից ոչ թե քանակական, այլ ավելի շատ որակական վերահսկողությանն ավտոճանապարհների հետ կապված, որովհետև հիմա էլ մենք ճանապարհներ ենք կառուցում, կառուցվել է 500 կմ ճանապարհ: Լավ, կառուցել ենք, բայց 3 տարի հետո այդ ճանապարհի վիճակը համապատասխանո՞ւմ է մեր ունեցած որակական ստանդարտին, թե ոչ: Ես հանձնարարում եմ, որ ՊՎԾ-ն կոնկրետ այս թեմայով ուսումնասիրություն իրականացնի, ընդ որում՝ ոչ միայն փաստաթղթային, այլ գնալ, ոնց որ սահմանված կարգն է, հանույթը վերցնել: Թե չէ, ճանապարհը կառուցեցինք, բայց ենթադրենք ինքը սկսում է քայքայվել շատ արագ ու հետո, նորից մենք պատասխան չունենք, չգիտենք, թե ինչն է պատճառը, որովհետև այս տարի եղանակը լավ չէր, բեռնափոխադրումն է շատացել, ծանր բեռնատարներն են շատացել, որի մեջ լեգիտիմ բան պիտի լինի: Այդտեղ ստանդարտի հարց էլ կա: Իմիջիայլոց, ասեմ՝ մենք տնտեսության արդիականացման ծրագրով, որ խթանում ենք տեխնիկայի ներմուծումը, հիմա այն չափի ինքնագնաց սովորական մեքենաներ կան, որ երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդտեղ էլ պետք է հասկանանք՝ մեր ճանապարհների ստանդարտներն այս տրամաբանության համար համապատասխանեցրե՞լ ենք, թե չենք համապատասխանացրել: Եվ այստեղ ես ակնկալում եմ, որ պատասխաններ ունենանք»:

Զեկուցվել է, որ 2023-ին քաղաքացիներից ստացվել է 638 հանրագիր (2022թ.՝ 589)՝ արձանագրելով, որ 638 հանրագրերի շուրջ 47%-ը ստացվել է իրավաբանական անձանցից, շուրջ 46%-ը քաղաքացիներից, իսկ շուրջ 7%-ը՝ փաստաբաններից:
Նշվել է նաև, որ 2023-ի ընթացքում ծառայության կողմից պետական գերատեսչություններում քաղաքացիների կողմից 2022 թվականին տվյալ մարմիններին ուղղված դիմում-բողոքների, «Թեժ գիծ» ծառայության և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման նկատմամբ վերահսկողության շրջանակներում արձանագրվել են մի շարք խախտումներ/անհամապատասխանություններ:

Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ ռազմավարական և միջազգային ծրագրերում (ԳՐԵԿՈ, ՕԼԱՖ) ծառայության ներգրավվածության հիմնական ուղղությունները՝ կարևորելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Վերոգրյալի շրջանակներում՝ փաստվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերից Ծառայությունը հանդիսանում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (ԽՊԵԳ, ՕԼԱՖ) գործընկեր պետական կառույց:

Զեկուցվել է, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական բյուջեի կատարման նկատմամբ ֆինանսաբյուջետային հսկողության գործառույթի՝ ծառայությանը վերապահելու Վարչապետի հանձնարարականի ապահովմամբ, ինչպես նաև շուրջ 6 տարվա գործունեության ընթացքում ի հայտ եկած համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Ամփոփվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում ուսումնասիրության արդյունքները. վերականգնվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, այդ թվում. համապատասխան ֆինանսական կառույցների աջակցությամբ իրականացվող՝ «Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ֆինանսավորում», «Էլեկտրամատակարարման ցանցի բարելավում», «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում», «Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում», «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ») ծրագրերի մասով, ինչպես նաև Ընկերության սեփական միջոցներով իրականացվող «Լիճք ենթակայանի վերակառուցման» աշխատանքների հետ կապված, Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե շահութաբաժինների վճարման մասով, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների շրջանակներում, պահնորդական ծառայությունների ձեռք բերման համար կազմակերպված գնման գործընթացների մասով և այլն:

Այսպիսով, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ընդհանուր շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ: Ինչպես նաև կարևոր է փաստել, որ արձանագրվել է ծրագրի չիրականացման և ձգձգման արդյունքում՝ ծրագրի թանկացման դեպք շուրջ 146.0 մլն եվրոյի չափով:

Ընդ որում, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով՝ ՀՀ ՊՎԾ իրականացված ուսումնասիրության արդյունքում տրամադրված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ վերոգրյալ խախտումների վերացման, ինչպես նաև խնդիրների համակարգային լուծման նպատակով՝ Վարչապետին ներկայացվել է առաջարկություն հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպես Լիազոր մարմին, Ընկերության հետ իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել՝ վերը նշված խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ: Ընդ որում, կարևոր է փաստել, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի դեռևս 2022 թվականի համապատասխան հրամանով հաստատվել է՝ Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը. ներառված են ոլորտի իրավասու պատասխանատուները և համակարգի պետական մասնակցությամբ ՓԲ ընկերությունների գլխավոր տնօրենները:

Հարկ է փաստել նաև, որ ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում՝ Ընկերության հաշվին արդեն իսկ վերականգնվել է ընդհանուր 496,085.6 հազ. դրամ գումար, ինչպես նաև Ընկերությանը հանձնվել են ընդհանուր 226,301.1 ԱՄՆ դոլարի՝ նախատեսված ժամկետներում չհանձնված պարտադիր պահեստամասեր:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերվել են առերևույթ խախտումներ

ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ընդամենը 18.522.250 դրամի խախտումներ: Բացի այդ՝ համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ:

 

Այսպես.

 

  1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2021թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված հողային աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 6.884.710 դրամի աշխատանքներ: Բացի այդ համայնքապետարանի կողմից չի հաշվարկվել և գանձվել աշխատանքների ուշացաման օրերի դիմաց պայմանագրով նախատեսված 429.770 դրամ տույժի գումարները:

 

  1. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2021թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման համակարգի պոլիեթիլային խողովակաշարերի անցկացման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված և փաստացի տեղադրված խողովակաշարերի տրամաչափերի տարբերության դեպքեր, որի գումարային տարբերությունը կազմել է 5.852.500 դրամ:

 

  1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի ֆինանսավորմամբ 2019թ. ընթացքում Կապալառու կազմակերպության կողմից իրականացված ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքների գծով արձանագրվել են կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված 714.120 դրամի աշխատանքներ:

 

  1. ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի կողմից Համայնքի բնակիչներից հավաքագրված գումարներով իրականացված ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքների (ջրաչափական հորերի տեղադրում, ջրաչափերի տեղադրում և մոնտաժման այլ աշխատանքներ) գծով արձանագրվել են հավաքագրված գումարների նկատմամբ պակաս կատարված 3.506.720 դրամի աշխատանքներ: Հարկ է նշել, որ Համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները համայնքապետարանի կողմից չի հաշվառվել, դրամարկղ չի մուտքագրվել, ինչպես նաև չի մուտքագրվել Համայնքի բյուջե:

 

  1. Համայնքապետարանի կողմից ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել ապրանքներ և ծառայություններ, սակայն չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի փոխանցվել եկամտային հարկի գումարը 866.800 դրամի չափով, որով խախտվել է ՀՀ Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

 

  1. Համայնքապետարանի կողմից տեխնիկական հսկողության դիմաց տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությանը պայմանագրային գումարը վճարվել է ամբողջությամբ, այն դեպքում, երբ իրականացվել են պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալի ընդամենը 64%-ը: Ավել վճարված գումարը կազմել է 252.000 դրամ:

 

  1. Սարդարապատի համայնքապետարանի կողմից կազմակերպված գնման գործընթացները իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՀՀ կառավարության որոշումների դրույթների բազմաթիվ խախտումներով: Համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ:

 

Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։