ՊՎԾ-ն դատական հայց է ներկայացրել «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի և ՊՎԾ նախկին աշխատակցի դեմ՝ հրապարակված պնդումների հերքման և փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջով

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ  «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և ընդդեմ նախկին աշխատակցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով: Հայցի փաստական հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է նյութ՝ «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում: Տվյալ նյութի շրջանակներում, ՊՎԾ նախկին աշխատակիցն էլ «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ իբրև օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել: Համապատասխան քրեական վարույթի ժամանակ էլ իբրև հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու «փաստը»:

Այնուհանդերձ, Ծառայությունը փաստերով նշում է, որ հրապարակման մեջ նշված մի շարք հանգամանքներ իրականության հետ որևէ աղերս չունեն: Ավելին՝ դրանք քննության առարկա են հանդիսացել Ծառայությունում իրականացված ծառայողական քննության, իսկ հետագայում՝ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, և այդ պնդումները չեն հաստատվել տրված վերջնական իրավական գնահատականների շրջանակներում:

Այսպիսով, ակնհայտ է, որ «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում 25.12.2024 թվականին տեղադրված հոդվածն իր բնույթով զրպարտություն է: Նման բովանդակությամբ նյութի հրապարակումը չի հետապնդում իրավաչափ նպատակ՝ հասարակությանը տրամադրելու անաչառ տեղեկատվություն, այլ նպատակ է հետապնդում բացառապես արատավորելու պետական մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության բարի համբավը:

Հաշվի առնելով, որ պատասխանողները զրպարտության միջոցով արատավորել են Ծառայության բարի համբավը, նկատի ունենալով, որ հետագայում նմանատիպ երևույթները նշված անձանց կողմից կարող են կանխվել նաև ֆինանսական պատասխանատվության միջոցների կիրառմամբ, և հիմք ընդունելով օրենսդրական վերը նշված կարգավորումները՝ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ պարտավորեցնելու լրատվամիջոցին և նախկին աշխատակցին հերքում տարածել վերը նշված հոդվածում հրապարակված պնդումների վերաբերյալ և վճարել փոխհատուցում:

Պետական վերահսկողական ծառայությունը հավատարիմ է իր առաքելությանը՝ անկախ իր բարի համբավն արատավորելու անհաջող փորձերից, անհիմն մեղադրանքներից և անհարկի թիրախավորումներից, ինչի վառ ապացույցն են նաև վերջին տարիներին Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքներով մի քանի միլիարդ դրամ ՀՀ պետական բյուջե վերականգնելու, մի քանի տասնյակ օրենսդրական  նախաձեռնություններ հարուցելու, ինչպես նաև մի քանի հազար ՀՀ քաղաքացիների կողմից հասցեագրված հանրագրերի և դիմում-բողոքների ընթացքն արդյունավետորեն լուծելու փաստերը:

Պետական վերահսկողական ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չհիմնավորված, մտացածին պնդումներից՝ անհարկի շահարկելով Ծառայության անունը և լրատվական գործունեության ընթացքում պահպանել հանրային իրազեկման օբյեկտիվությունն ու անաչառությունը:

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2024 թվականին ՊՎԾ է մուտքագրվել ավելի քան 700 հանրագիր, դիմում-բողոք

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփում է 2024 թվականին Ծառայություն մուտքագրված գրությունների, այդ թվում` հանրագրերի, դիմումների, բողոքների և հարցումների տվյալները:  2024 թվականին ՊՎԾ մուտքագրված գրությունների ընդհանուր թիվը կազմել է 3748՝ նախորդ տարվա համեմատ 573-ով ավելի (շուրջ 18 %-ով ավելի), իսկ 2022-ի համեմատ գրությունների ընդհանուր թիվն աճել է 839-ով (ավելի քան 29%-ով ավելի):

Պետական վերահսկողական ծառայություն մուտքագրված 3748 գրություններից 713-ը հանրագիր, դիմում-բողոքներ են: Ծառայություն մուտքագրված հանրագրերից և դիմում-բողոքներից 37-ի հիման վրա իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ մշտադիտարկումներ: 128 դիմում վերահասցեագրվել է այլ պետական մարմիններին, թվով 97 դիմում դուրս է եղել օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից և քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն ներկայացվելուց հետո առաջարկվել է դիմել համապատասխան մարմին:

Ծառայություն մուտքագրված թվով 713 հանրագիր, դիմում-բողոքներից թվով 447–ը ներկայացվել է քաղաքացիների կողմից, թվով 90-ը՝ փաստաբանների (գրեթե 2 անգամ ավելի 2023թ-ի համեմատ), 132-ը՝ իրավաբանական անձանց, իսկ մնացած 44–ը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից  ներկայացված հարցումներ են:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է մուտքագրված հանրագրերի հիման վրա՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում: Տեղեկացնենք նաև, որ Ծառայության պաշտոնական վեբ կայքում (https://www.supervision.am) կա ազդարարման համապատասխան վահանակ, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայությունում աշխատանքային ժամերին գործում է թեժ գծի հեռախոսահամար՝ 010 313131:

Ստորև ներկայացնում ենք վերը նշված տեղեկատվության գրաֆիկական պատկերը:

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊՎԾ միջնորդությամբ իրականացված տեսչական վերստուգման արդյունքում դեղորայքի մեծածախ ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է ավելի քան 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժի որոշում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի առաջարկությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականով’ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում դեղերի մեծածախ ներմուծում և իրացում իրականացնող կազմակերպությունում հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ դեղերի ներմուծման, այնպես էլ իրացման դեպքեր, ինչի արդյունքում ընկերության նկատմամբ կայացվել է ավելի քան 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու մասին որոշում:

Հատկանշական է, որ 2023թ. փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում վարչական որևէ պատասխանատվություն չէր կիրառվել, քանի որ ստուգումներով արձանագրվել էին միայն այնպիսիխախտումներ, որոնց համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվություն սահմանված չէ։ Մինչդեռ հավաքագրված և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասանելի տեղեկատվական շտեմարաններում և համակարգերում առկա տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ դեղերի մեծածախ իրացում իրականացնող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել կոնկրետ խմբաքանակներով դեղորայք՝ առանց դեղերի ու դեղանյութերի ներմուծման հավաստագրերի ստացման: Չնայած այն հանգամանքին, որ նշյալ արարքում առերևույթ առկա են վարչական իրավախախտում թույլ տալու հատկանիշներ, Ծառայության գնահատմամբ, Տեսչական մարմնի կողմից այդ փուլում, ըստ էության, չեն ձեռնարկվել բավարար միջոցներ առկա իրավախախտումները բացահայտելու և արձանագրելու ուղղությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության կողմից ներմուծված դեղերի ամբողջական խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությանը փաստացի տիրապետում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ վարչապետին՝ հանձնարարել Կոմիտեին Տեսչական մարմնին տրամադրել Ընկերության կողմից իրականացված ներմուծումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որի հիման վրա վերջինս կիրականացնի պատշաճ վերահսկողություն և կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից վերստուգում իրականացնելու դեպքերը սահմանված են «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, Ծառայության ղեկավարի կողմից ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ հիմք ընդունելով նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության «գ» կետը, հանձնարարել Տեսչական մարմնին Ընկերությունում իրականացնել վերստուգում՝ ՊՎԾ կողմից վերհանված ռիսկերի համադրմամբ: Արդյունքում` Տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգմամբ հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ 127 անվանում (ավելի քան 190 000 փաթեթ) դեղերի ներմուծման, այնպես էլ 123 անվանում (ավելի քան 160 000 փաթեթ) դեղերի իրացման դեպքեր, ինչի հիմքով Ընկերության նկատմամբ կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու որոշում՝ շուրջ 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժի տեսքով:

 Նմանատիպ դեպքերը կանխելու, անորակ և հասարակության համար վտանգավոր դեղերի շրջանառությունը ՀՀ տարածքում բացառելու նպատակով Ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել լիազոր մարմիններին՝ ոլորտի գործունեությունը համակարգող գերատեսչությունների միջև տեղեկատվության պատշաճ փոխանակման նպատակով հավելյալ գործիքակազմեր մշակելու և ներդնելու վերաբերյալ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊՎԾ-ն հերքման պահանջ է ներկայացնում «Հետք» լրատվականին՝  Ծառայության հասցեին չհիմնավորված պնդումներ և մտացածին տեղեկություններ հրապարակելու  կապակցությամբ

Պետական վերահսկողական ծառայությունը հերքում է պահանջում «Հետք» լրատվականի 25.12.2024թ. «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» զրպարտող վերնագրով հրապարակված հոդվածում արծարծված մի շարք տեղեկությունների և դրանց վերաբերյալ մերկապարանոց բազմաթիվ պնդումների կապակցությամբ, որը վերաբերում է Ծառայության կողմից 2022թ.-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացված ուսումնասիրությանը: Հոդվածում ներկայացված մի շարք տեղեկություններ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը, իրենց մեջ կրում են կանխակալ և ոչ օբյեկտիվ գնահատականներ, ինչը կարող է վնաս հասցնել Ծառայության հեղինակությանը:

Դեռևս 2021թ. սեպտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետի մոտ կայացած առողջապահության ոլորտում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցության արդյունքում ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է, համագործակցելով Ծառայության հետ, իրականացնել պետպատվերի բաշխման գործընթացների ստուգումներ, ինչի նպատակով ՀՀ առողջապահության նախարարի կողմից ձևավորվել է համապատասխան հանձնաժողով, և մի քանի բուժհաստատություններում մեկնարկել են ստուգողական գործողություններ: Այդ ստուգումներին ՊՎԾ-ն մասնակցել է բացառապես համագործակցության տրամաբանության մեջ և իր լիազորություններից բխող ուսումնասիրություն կամ մշտադիտարկում ինքնին չի իրականացրել:

2021թ. դեկտեմբերին՝ ՊՎԾ ղեկավարի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո, վերջինիս հանձնարարությամբ Ծառայության կողմից վեր են հանվել հանրապետության թվով 10 խոշորագույն բժշկական կազմակերպությունների տվյալները, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ամենաշատն են ֆինանսավորվել պետպատվերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից: Այնուհետև, 2022թ. սկզբին, հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերը, ՀՀ վարչապետից հայցվել է համաձայնություն՝ Առողջապահության նախարարությունում և հիշյալ բժշկական կազմակերպություններում ուսումնասիրություններ մեկնարկելու նպատակով: ՀՀ վարչապետի կողմից համապատասխան համաձայնությունը ստանալուց հետո, 2022թ. փետրվարի 28-ին Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունում մեկնարկել է ուսումնասիրություն՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրերի նկատմամբ, որի շրջանակներում մի շարք բժշկական կազմակերպություններում իրականացվել են հանդիպակաց ուսումնասիրություններ, այդ թվում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հարկ է նշել, որ հիշյալ ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրելու պացիենտների հիվանդության պատմագրերը, ինչը Ծառայության աշխատակիցների՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից դուրս է, ուստի, ղեկավարվելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով, Ծառայության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել է ուսումնասիրությանը մասնակից դարձնել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան լիազորություններ և մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետ անձանց:

Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան աշխատակիցների ընտրության հարցը ՊՎԾ ուսումնասիրության խմբում ներգրավվելու նպատակով գտնվում է բացառապես ՀՀ առողջապահության նախարարության որոշման տիրույթում:

Պետական վերահսկողական ծառայությունը պաշտոնապես երաշխավորում է, որ Ծառայության կողմից «Արմենիա» ԲԿ-ում իրականացված վերահսկողական գործառույթները կազմակերպվել և համակարգվել են «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի տառին և ոգուն համապատասխան, փաստաթղթերով սահմանված ժամկետների խիստ պահպանմամբ Ծառայության ղեկավարի, և Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված անձնակազմերի ճշգրիտ ներգրավմամբ և հաջորդական գործառույթների՝ նախապես պլանավորված ժամանակացույցին համապատասխան: Ուստի, նշված հրապարակման մեջ ՊՎԾ նախկին աշխատակից Ս.Մուրադյանի մի շարք պնդումները, որոնք վերաբերում են այդ և դրան հաջորդող ուսումնասիրությունների ժամկետներին, ուսումնասիրությունն իրականացնող խմբի կազմին և պետպատվերով ֆինանսավորվող բժշկական ծառայությունների ցանկի կանխակալ ընտրությանը, իրականության հետ որևէ աղերս չունեն և հանդիսանում են ակնհայտ սուտ և մտացածին ապատեղեկատվություն:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Ծառայության կողմից, ինչպես «Արմենիա» բժշկական կենտրոնում, այնպես էլ այլ ԲԿ-ներում, իրականացված ուսումնասիրությունների ընթացքում գործ ենք ունեցել վերլուծության առարկա հանդիսացող փաստաթղթային շտեմարանների ահռելի ծավալների հետ և հաշվի առնելով Ծառայության և ՊԱԳ աշխատակիցների սահմանափակ ռեսուրսները՝ որոշում է կայացվել թե մինչև այդ իրականացված և թե դրան հաջորդող բոլոր ԲԿ-ներում փաստաթղթերը (այդ թվում պատմագրերը) ուսումնասիրել ընտրանքային կարգով, ինչը ևս փաստաթղթավորվել է և հետագայում պաշտոնական գրությամբ ներկայացվել Առողջապահության նախարարությանը: Ըստ այդմ՝ Ս.Մուրադյանի այն պնդումը, որ իբրև ուսումնասիրությունն իրականացվել է թերի, ևս աղերս չունի իրականության հետ և հանդիսանում է կանխամտածված ապատեղեկատվություն:

Կարևոր ենք համարում մատնանշել այն հանգամանքը, որ Ս.Մուրադյանը «Արմենիա» ԲԿ-ում իրականացված ուսումնասիրության օբյեկտիվության վերաբերյալ իր դիտարկումները բարձրաձայնել է միայն այն ժամանակ, երբ մոտեցել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ իր պաշտոնը զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը, և օրենքով սահմանված կարգով կարճ ժամանակ անց վերջինս պետք է ազատվեր աշխատանքից՝ անցնելով կենսաթոշակի: Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ պահին գործող իրավակարգավորումներով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված իր պաշտոնը զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով՝ մեկ անգամ, Ծառայության ղեկավարի կողմից որոշում է կայացվել՝ վերջինիս պաշտոնավարման ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով, որպեսզի Ս.Մուրադյանի կողմից բարձրաձայնված մտահոգությունների հիման վրա Ծառայության իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչության կողմից իրականացվի հատուկ մշտադիտարկում՝ օբյեկտիվորեն բոլոր կողմերից ստուգելու հնչեցված մտահոգությունները, և դրանց հաստատման դեպքում հետագա ընթացքը լուծելու նպատակով՝ թե՛ ինստիտուցիոնալ մակարդակում և թե՛ իրավական հարթության մեջ: Իրականացված մշտադիտարկման արդյունքներով՝ ինչը, ի դեպ, պատշաճ փաստաթղթավորված և արխիվացված է Ծառայությունում, Ս.Մուրադյանի զեկուցագրով մատնանշված ռիսկերը չեն հիմնավորվել, իրավական առումով հերքվել են, ինչի մասին վերջինս պաշտոնապես իրազեկվել է:

Քանի որ հետագայում Ս.Մուրադյանը չի դադարեցրել ամենատարբեր հարթություններում «Արմենիա» ԲԿ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներլը քննադատելու գործելաոճը՝ դրանով թիրախավորելով Ծառայությանը, Ծառայության ղեկավարի կողմից որոշում է կայացվել ևս 6 ամսով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել վերջինիս հետ, որպեսզի Ծառայությունը հնարավորություն ունենա խնդիրը վերջնականապես պարզաբանելու և վերջինիս մտահոգությունները վերջնականորեն փարատելու նպատակով իրականացնել նաև ծառայողական քննություն, ինչը ևս իրականացվել է համապատասխան իրավական ակտերով:

Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել մի շարք անհերքելի փաստեր Ս.Մուրադյանի կողմից՝ որպես ուսումնասիրության խմբի անդամ, որոշակի տեղեկատվության հավաքագրման և դրանք խմբի ղեկավարին, առերևույթ, կանխամտածված չտրամադրելու վերաբերյալ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ Ծառայության ղեկավարի կողմից որոշում է կայացվել Ծառայողական քննության արդյունքները փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընթացքը լուծելու, ինչպես նաև քննության առարկա դարձնելու՝ Ս.Մուրադյանի կողմից մինչ այդ բարձրաձայնված բոլոր մտահոգությունները (այդ թվում՝ առերևույթ հովանավորչության, հնարավոր փոխկապակցվածության, շահերի բախման, ինչպես նաև՝ արդյունքներն իբրև կոծկելու մասով):

Հետագայում, հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմինն անդրադարձել է ոչ միայն ՊՎԾ նախկին աշխատակից Ս.Մուրադյանի, այլ նաև տվյալ ուսումնասիրությանը ներգրավված Ծառայության և ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության աշխատակիցների գործողություններին, իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերեսում, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

Արդյունքում, քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատված լինելու հիմքով: Հատկանշական է, որ Ս.Մուրադյանի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել, ինչը ևս վկայում է վերջինիս կողմից դրա արդյունքների հետ հաշտ լինելու մասին:

Հարկ ենք համարում նշել, որ Ծառայության կողմից դեռևս 2022թ.-ին  «Արմենիա» ԲԿ-ում իրականացված ուսումանասիրությունն ամփոփող Տեղեկանքը, ըստ սահմանված կարգի, ներկայացվել է վերահսկվող օբյեկտին՝ կարծիք տրամադրելու նպատակով և միաժամանակ առաջարկվել է բժշկական կենտրոնին վերհսկողության արդյունքում արձանագրված խախտումների  ընդհանուր գումարը՝  ավելի քան 119 մլն ՀՀ դրամը, փոխանցել ՀՀ պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշվեհամարին, որպես պետությանը հասցված վնասի փոխհատուցում: Այնուհետև ԲԿ-ն դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով ուսումնասիրության արդյունքները:

Միաժամանակ, Ծառայության կողմից, օրենքով սահմանված կարգով, ուումնասիրության Տեղեկանքը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար, որի արդյունքում էլ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է քննություն:

ՊՎԾ-ն պաշտոնապես հերքում է հնարավոր հովանավորչության կամ կանխակալության որևէ դրսևորում իր գործունեության ընթացքում. Ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակներում՝ իրականացնելով Վարչապետին Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունները:

Պետական վերահսկողական ծառայությունը հավատարիմ է իր առաքելությանը՝ անկախ իր բարի համբավն արատավորելու անհաջող փորձից, անհիմն մեղադրանքներից և անհարկի թիրախավորումներից, ինչի վառ ապացույցն են նաև վերջին տարիներին Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքներով մի քանի միլիարդ դրամ ՀՀ պետական բյուջե վերականգնելու, մի քանի տասնյակ օրենսդրական  նախաձեռնություններ հարուցելու, ինչպես նաև մի քանի հազար ՀՀ քաղաքացիների հանրագրերի և դիմում-բողոքների ընթացքն արդյունավետորեն լուծելու փաստերը:

Պետական վերահսկողական ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չհիմնավորված, մտացածին պնդումներից՝ անհարկի շահարկելով Ծառայության անունը և լրատվական գործունեության ընթացքում պահպանել հանրային իրազեկման օբյեկտիվությունն ու անաչառությունը: Ծառայությունը «Հետք» լրատվականից պահանջում է պաշտոնապես հերքել նախօրեին՝ 25.12.2024թ.-ին, հրապարակված «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները»  վերնագրով հոդվածում տեղ գտած պնդումները:

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ